Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Գրիգորյանն ու Սուսաննա Գաբոյանը՝ Հայաստանի չեմպիոններ

Հունվար 23,2015 13:30

Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեցին շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց 75-րդ եւ կանանց 70-րդ առաջնությունները, որոնցում հաղթողներն առաջին անգամ նվաճեցին այդ պատվավոր տիտղոսները:

grigoryan

Տղամարդկանց պայքարում հանրապետության չեմպիոն դարձավ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, որը ինը հնարավորից վաստակեց 6,0 միավոր: Մաքուր երկրորդ տեղն զբաղեցրեց Արման Միքայելյանը՝ 5,5, որը դարձավ առաջնության հայտնությունը: Միանգամից երեք գրոսմայստերներ՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը իրենց անվան դիմաց գրանցեցին 5,0-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով բրոնզե մեդալին արժանացավ Ռոբերտ Հովհաննիսյանը: Ընդորում, Ռոբերտը դարձավ տղամարդկանց առաջնության միակ մասնակիցը, որը ոչ մի պարտություն չկրեց:

Պարգեւատրման արարողության ժամանակ տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը նշեց, որ պայքարն իրոք թեժ էր ու անզիջում: Եվ բերեց երեք հետաքրքիր օրինակ: Առաջնության տասը մասնակիցների մեջ վերջին տեղն զբաղեցրեց հանրապետության անցած տարվա չեմպիոն, գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը, փոխչեմպիոն դարձած Արման Միքայելյանը արդեն յոթերորդ տուրից հետո ոչ թե լրացրեց, այլ գերազանցեց միջազգային գրոսմայստերի նորման, իսկ նախավերջին տեղը գրաված Դավիթ Շահինյանը միջազգային վարպետի երկրորդ նորման լրացրեց:

gaboyan

Կանանց առաջնությունում հաճելի անակնկալ մատուցեց Սուսաննա Գաբոյանը, որը ինը հնարավորից վաստակելով 7,0 միավոր այսուհետեւ կրելու է հանրապետության չեմպիոնուհու կոչումը: Նրան կես քայլ զիջեց կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը, իսկ Հայաստանի նախկին չեմպիոնուհի, կանանց միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը 5,5 միավորով բավարարվեց բրոնզե մեդալով:

Նորընծա չեմպիոնները համալրեցին Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականները: ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում հայաստանցի երկրորդ շախմատիստը՝ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, «Առավոտի» հետ զրույցում շնորհավորեց չեմպիոններին ու խոսելով Կարեն Գրիգորյանի մասին՝ ասաց, որ չնայած դեռ երիտասարդ շախմատիստ է, սակայն միջազգային մրցաշարերի մասնակցության բավականաչափ փորձ ունի, ինչը շատ կարեւոր է տիտղոսակիր հավաքականում հանդես գալու համար: Նա նաեւ ավելացրեց, որ Կարեն Գրիգորյանը որպես հավաքականի հինգերորդ անդամ Հայաստանը ներկայացնելու է Եվրոպայի թիմային առաջնությունում, իսկ ահա աշխարհի առաջնություն նրա փոխարեն կմեկնի բազմափորձ Վլադիմիր Հակոբյանը:

Հայաստանի կանանց առաջատար Էլինա Դանիելյանն էլ ասաց, որ կանանց առաջնությանն ամբողջովին հետեւելու հնարավորություն չի ունեցել, դրա համար չի կարող խոսել մասնակիցների ցուցադրած խաղամակարդակի մասին: Իսկ ինչ վերաբերում է Սուսաննա Գաբոյանին, Էլինան նրան հաջողություններ մաղթեց: Հարցին, թե Սուսաննան կարո՞ղ է արժանիորեն համալրել կանանց հավաքականի կազմը, Էլինա Դանիելյանն ընդգծեց, որ Սուսաննան խաղային փորձ չունի եւ դրա համար պետք է իր վրա շատ աշխատի, իսկ ինքն ու հավաքականի մյուս հիմնական խաղացողները կաշխատեն ամեն կերպ աջակցել նրան: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանն էլ պարգեւատրման արարողության ավարտին նշեց, որ իր երկրի չեմպիոն դառնալը ցանկացած շախմատիստի համար մեծ պատիվ է ու հավելեց, որ մեր շախմատային լեգենդ Ռաֆայել Վահանյանը, որ համաշխարհային տիտղոսների պակաս չունի, Հայաստանի չեմպիոն չէ:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031