Բաց նամակ ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտինին
Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրովիչ.
Մարդկային քաղաքակրթության զարգացման հիմքը հանդիսացել են մարդկային հարաբերությունները ոչ միայն ընտանիքների, տոհմերի, համայնքների ու խմբերի, այլեւ ազգերի ու պետությունների միջեւ:
Այս իմաստով հայ-ռուսական հարաբերությունները, անցնելով բազում փորձությունների միջով, լուրջ քննություն են բռնել հարյուրամյակների ընթացքում, որի արդյունքում այսօր ընդհանուր քաղաքական, ռազմավարական, տնտեսական եւ մշակութային սերտ համագործակցության մթնոլորտ է ստեղծվել երկու պետությունների եւ ազգերի միջեւ:
Սակայն այսօր հայ-ռուսական հարաբերությունները նոր փորձության առջեւ են կանգնած ու երկու կողմից էլ պետք է պատրաստ լինենք խելամտորեն հաղթահարելու այն: Ես նկատի ունեմ Գյումրի քաղաքում մի ծաղկուն ընտանիքի բոլոր յոթ անդամների դաժան սպանությունը, որը վերագրվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորին, այսինքն, ոճրագործության օջախը հանդիսանում է այդ ռազմաբազան: Իսկ հետաքննությունն իրականացվում է հենց այդ ռազմաբազայում, որն էլ հայ մտավորականության մոտ կասկածի տակ է դնում հետաքննության արդարացիությունը: Նույնիսկ կասկածներ կան, որ ոճիրն իրականացվել է խմբի կողմից, իսկ ողջ մեղքը բարդվում է մի զինվորի վրա, հավանաբար, նրան պարտադրելով հոգեկան խանգարումների հիմնավորումը:
Կարդացեք նաև
Ըստ ՀՀ օրենքի՝ հետաքննությունը պետք է իրականացվի հայկական իրավապահ մարմինների կողմից: Իսկ իրականում ցուցադրվում է ՀՀ տարածքում ՌԴ օրենքների գերակայությունը ՀՀ օրենքների նկատմամբ, որը միջպետական պայմանագրերի ու նաեւ մարդկային հարաբերությունների խնդրում լուրջ խախտում է:
Հարգարժան պարոն նախագահ, Հայաստանի ու հայկական Սփյուռքի ողջ հայ մտավորականությունը, ինչպես եւ ռուս մտավորականության մեծամասնությունը սպասում է, որ Ձեր կողմից ճիշտ կգնահատվի ստեղծված իրավիճակը, կարվեն համապատասխան կարգադրություններ նախ քրեական գործը ամբողջությամբ հանձնելու հայկական կողմին, ապա ռազմաբազայի սպայական ողջ կազմը կփոխարինվի լրջախոհ, իրենց գործն ու պարտականությունները լավ իմացող, սեփական հայրենիքի դաշնակից ժողովրդին հարգող սպայական կազմով:
ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Արձակագիր, հրապարակախոս,
Արեւմտյան Հայաստանի Վտարանդի
Կառավարության փոխվարչապետ
«Առավոտ» օրաթերթ
22.01.2015