Ինչպես տեղեկացրել ենք՝ ռուս հայտնի հաղորդավար Անդրեյ Մալախովը 4 օր առաջ իր նկարահանող խմբով եկել էր Գյումրի՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանն անդրադառնալու ու իր «Пусть говорят» թոք շոուի համար զրուցակիցներ ընտրելու: Նա եղել էր Գյումրու քաղաքապետարանում ու Շիրակի թեմում, հարցազրույց էր վերցրել ինչպես քաղաքապետ Սամվել Բալասանյանից, այնպես էլ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանից, այցելել էր Մյասնիկյան փողոց՝ Ավետիսյանների թաղ, զրուցել նրանց հարևանների հետ, ինչպես նաև այցելել էր սպանված ընտանիքի գերեզմանոց՝ ծաղիկներ դնելով նրանց շիրիմներին:
Անդրեյ Մալախովը երեք հայ փաստաբանների և իրեն Կրասնոդարում հայերի միջև տեղի ունեցած վիճաբանությանն անդրադառնալու կապակցությամբ նամակ գրած Գյումրիի բնակչուհի Արմինե Շիրոյանին ОРТ հեռուստաալիքի ծախսերով հրավիրել էր Մոսկվա՝ նկարահանման:
Ինչպես Aravot.am-ին պատմեց գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանը, որը սկզբում ստանձնել էր Վալերի Պերմյակովի շահերի պաշտպանությունը, այնուհետ հրաժարվել, Անդրեյ Մալախովի Գյումրիի ողբերգությանը նվիրված հաղորդման նկարահանումները տեղի չունեցան, քանի որ նկարահանումից մեկ ժամ առաջ մահացավ փոքրիկ Սերյոժան: Իսկ հաղորդումը, ըստ Թամարա Յայլոյանի, բացի հայ ու ռուս ժողովուրդներին հաշտեցնելու միջոցներ փնտրելուց ու նաև այն հարցից, թե ինչ ձևով կարելի է տանել քննությունը, նպատակ ուներ երեխայի համար հանգանակություն սկսելու, նրան օգնելու:
Թամարա Յայլոյանի ասելով, Անդրեյ Մալախովը նկարահանումներ էր կատարել այն հիվանդանոցից, որտեղ իր կյանքի համար պայքարում էր փոքրիկ Սերյոժան, կադրերում կար Սրբազանի ելույթը, և երեխայի մահից հետո անհնար էր հաղորդմանը ձեւաչափը փոխել, ուստիև ռուս հաղորդավարը իր ղեկավարությանը խնդրել է այն այլևս չնկարահանել: Հաղորդմանը մասնակցելու հրավիրվածները փաստորեն ամսի 19-ի առավոտյան եղել են Մոսկվայում, ամսի 20-ի երեկոյան վերադարձել:
Կարդացեք նաև
Ըստ Թամարա Յայլոյանի, իրենք հարցազրույցներ են տվել հայ համայնքի ներկայացուցիչներին, որոնք, իրենց հերթին, խոստացել են այս հարցազրույցները ցույց տալ տեղական հեռուստաալիքներով: «Տարբեր լուրեր էին պտտվում այս սպանության շուրջ, ռուսները նորմալ տեղեկացված էլ չէին, և այս ամենը կապված էր ռուսական լրատվամիջոցների երկարատև լռության հետ», -ասաց Թամարա Յայլոյանը:
Մեր այն հարցին, թե ինչպե՞ս էին գնահատում Մոսկվայում ռուս զինվորի կողմից հայ ընտանիքը բնաջնջելու արարքը, փաստաբանն ասաց. «Կոնկրետ Մալախովը մեծ շնորհակալություն հայտնեց ինձ, որ ես հրաժարվել եմ Պերմյակովի շահերը պաշտպանելուց: Իրենց շատ մեղավոր էին զգում, և խոսում էին այնպես, որ ոչ թե ռուս ազգի ներկայացուցիչն է արել, այլ ինչ-որ մեկը, որը ազգության չի պատկանում, նրանք շատ էին դատապարտում այս արարքը»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ