Aravot.am-ի հետ զրույցում Գյումրիի հանրահավաքի ակտիվ մասնակիցներից մեկը՝ տնտեսագետ Կարեն Պետրոսյանն, անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մասնակցությամբ այսօր տեղի ունեցած խորհրդարանական լսումներին, ասաց. «Ուրախ ենք, գլխավոր դատախազը կորած էր և գտնվեցավ…Նրա խոսքը նորմալ եմ համարում այն իմաստով, որ նա չհրաժարվեց ՌԴ գլխավոր դատախազին դիմելու իր խոստումից, ուղղակի այս պահին ԱԺ պատգամավորները, լրագրողները նրանից պիտի ժամկետ հստակեցնեն, թե երբ կկատարի իր խոստումը, չստացվի ժողովրդական խոսքի պես՝ զատկից հետո ներկած հավկիթ: Այս հարցից զատ մենք ևս մի քանի խնդրի մասին պիտի մտածենք, նախ այն, որ կան բազմաթիվ իրավական խնդիրներ՝ կապված սահմանապահների ապօրինի գործողությունների հետ, կասկածյալին հայ իրավապահներին հանձնելու հարցը, որ և իրավական է, և բարոյական է, և ևս մեկ շատ կարևոր խնդիր. Գյումրիում առկա լարված իրավիճակը, որը նաև հետևանք է նախորդ խնդիրների: Մեր մտահոգություններից մեկն այն է, որ այս հարցը բացի իրավական կոնտեքստում դիտվելուց, դիտվի ապագայի հարաբերությունների կոնտեքստում, քանի որ գյումրեցիներն ունեն ռուս մարդու հետ համակեցություն, գիտեք որ Գյումրիում բազմաթիվ ռուս զինվորականներն են ապրում իրենց ընտանիքներով», նշեց մեր զրուցակիցը:
«Մեր պահանջը հստակ է, մենք ուզում ենք, որ հանցագործին հանձնեն հայ իրավապահներին, և այս հարցում մեծ դեր կարող է ունենալ յուրաքանչյուր մտավորականի կարծիքն ու ասելիքը: Հայաստանի և մեր քաղաքի խորհրդային տարիներին ապրած մարդիկ մեծ կապեր ունեն ռուս մտավորականների հետ, և կարիք կա, որ նրանք էլ , օգտագործելով իրենց կապերը, շփումները, այնպես անեն, որ ռուս մտավորականները ևս դիմեն, պահանջեն, համոզեն իրենց իշխանություններին այդ արարածին հայ իրավապահներին հանձնելու: Առավել քան երբևե հիմա կարիք կա ռուս ազգի սոլիդարությանը: Որպես քրիստոնյա, որպես բարեկամ ազգ՝ ռուս իշխանավորները պիտի հասկանան, որ մեր պահանջը և օրինական է, և բարոյական է, և արդարացի, այն բավարարելու դեպքում էապես կթոթափվի լարվածությունը, որն այսօր առկա է: Մեր քրիստոնյա եղբայրները պիտի հասկանան, որ անասնական բնազդով առաջնորդվողի պատճառով չարժե հավելյալ լարվածություն մտցնել երկու ժողովուրդների հարաբերությունների միջև: Նորից եմ կրկնում, մեր պահանջը արժանապատվության խնդիր լինելուց բացի ապագայի, հարաբերություններ ճշտելու խնդիր է: Աստվածաշունչն ասում է՝ արա դիմացինին այն, ինչ-որ ուզում ես քեզ անել… Գյումրիի բնակչությունը ամենօրյա շփման մեջ է ռուս ազգի քաղաքացիների հետ և կարծում եմ գյումրեցիներն ունեն համապատասխան ողջախոհություն և համբերատարություն, որպեսզի առանց որևէ լարվածության և սադրանքների տեր կանգնեն իրենց գլխավոր պահանջին: Իսկ ահա քաղաքական իշխանությունները չպետք է խնայեն ջանք ու եռանդ այդ պահանջը օր առաջ բավարարելու և թոթափելու առկա լարվածությունը: Կարծում ենք, որ պահանջի չբավարարելու դեպքում երկու ժողովուրդների միջև լարվածության ողջ պատասխանատվությունը մնում է երկու երկրների քաղաքական իշխանությունների վրա», հավելեց Կարեն Պետրոսյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ