Ռուսական 102-րդ ռազմաբազայի՝ Գյումրիից դուրս բերումը ինչպես որ պահանջում են գյումրեցիները եւ որոշ քաղաքական գործիչներ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի համոզմամբ, առաջին հերթին կսպառնա Հայաստանի անվտանգությանը: Այսօր Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում անդրադարձավ նաեւ վերջին օրերին հաճախակի դարձած սահմանային միջադեպերին, ինչի արդյունքում հայկական կողմը մի քանի զոհ ունեցավ: Ըստ ՀՀԿ խոսնակի, Ադրբեջանը շարունակում է կեղծիքի վրա հիմնված իր քաղաքականությունը եւ ՀՀ-ի համար միայն մնում է անվտանգության հարցը ճիշտ կազմակերպելը:
Պարոն Շարմազանովը գործնականում անհավանական համարեց, որ Ադրբեջանը կգնա պատերազմի. «Ուղղակի Ադրբեջանը նպատակ ունի, որ լարված իրավիճակ լինի սահմանին: ՀՀ եւ ԼՂՀ ԶՈւ-երը լիարժեքորեն կարող են պահպանել ինչպես ՀՀ, այնպես էլ Արցախի անվտանգությունը: Ցավալի է, որ մենք ունենում ենք զոհեր, բայց մենք պետք է գիտակցենք, որ տեսականորեն, նաեւ գործնականորեն չի կարող լինել վերջնական խաղաղություն, քանի դեռ խաղաղության վերջնական պայմանագիր չի կնքվել: Մենք գործ ունենք մեկի հետ, որը լկտիորեն մերժում է հարցը խաղաղ բանակցային ճանապարհով լուծելը»:
Էդուարդ Շարմազանովը, հարցին, թե ՀՀԿ նիստում անդրադարձ կատարվե՞լ է Գյումրու դեպքերին եւ դրան հաջորդած զարգացումներին, ասաց, որ այդ հարցերը դատական իշխանությունների խնդիրներն են, եւ օրենսդիր ու գործադիր իշխանությունները չպետք է միջամտեն. «Բոլոր այդ գնահատականները պետք է տան այդ մարմինները: Գյումրիում տեղի է ունեցել մեծ ողբերգություն եւ յուրաքանչյուր մարդու հեշտ չի խոսել այդ մասին, դա ցավ է ողջ հայության համար, բայց միեւնույն ժամանակ, ես որպես իշխանության ներկայացուցիչ, կարող եմ գնահատական հնչեցել, որ իշխանությունը անելու է ամեն ինչ, որպեսզի հասարակությունը հրապարակային իմանա, ընթացող դատական գործընթացի մասին»:
Այն հարցին էլ, թե ինչո՞ւ սուգ չի հայտարարվել, ՀՀԿ խոսնակն ասաց, որ «սուգը եղել է բոլորի սրտերում»: Պարոն Շարմազանովից լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ինչու հանրապետության նախագահը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ցավակցելուց հետո միայն իր ցավակցությունը հայտնեց, որին հաջորդեցին նաեւ այլ պաշտոնյաները ցավակցությունները, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ բոլոր այն քաղաքական եւ հասարակական գործիչները որոնք ասում են, թե հանրապետության նախագահը ՌԴ նախագահից հետո է ցավակցել՝ «լկտիաբար ստում եմ»:
Կարդացեք նաև
Ըստ նրա, հունվարի 12-ին ՀՀ նախագահը սելեկտորային խորհրդակցության ժամանակ ցավակցել է Ավետիսյանների ընտանիքի սպանության առիթով: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ Գյումրի չգնալուն եւ Ավետիսյանների հոգեհանգստի, թաղման արարողություններին չմասնակցելուն, ապա Էդուարդ Շարմազանովն ասաց. «Գյումրիում եղել է ԱԺ նախագահը, վարչապետը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաններ: Ես ինքս էլ Ավետիսյանների թաղմանը չկարողացա գնալ, եւ միայն կարողացա գնալ փոքրիկ Սերյոժայի թաղմանը»:
Հարցին, թե գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի՝ ԱԺ-ում այսօր հնչեցրած այն ելույթին, թե ռուս սահմանապահները Պերմյակովին բռնելով պետք է հանձնեին ՀՀ ԱԱԾ-ին, ինչո՞ւ չեն հանձնել, պարոն Շարմազանովն ասաց, որ իրեն ուղղեն այնպիսի հարցեր, որոնք ՀՀԿ-ի խոսնակի շրջանակներում են եւ որ ինքը ոչ թե գլխավոր դատախազի այլ՝ ՀՀԿ-ի մամուլի խոսնակն է:
Պարոն Շարմազանովն ամփոփելով իր խոսքն ասաց. «Մենք պետք է լինենք միասնական, պետք է աղոթենք, պետք է սիրենք միմյանց, մեր մեջ թշնամիներ չփնտրենք: Պետք է կարողանանք դասեր քաղել կատարվածից»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ