«Վալերի Պերմյակովը, գտնվելով ռուսական ռազմաբազայի վերահսկողության տակ, գտնվում է սպառնալիքի տակ»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Նա իր մտավախությունը բացատրեց նրանով, որ հնարավոր է՝ Պերմյակովը հանցագործությունը միայնակ չի կատարել եւ անհայտ հանգամանքներում վերանա, մահանա, ու Հայաստանը իսպառ զրկվի Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած հանցագործության բացահայտման հնարավորությունից.
«Ես կարևորում եմ, իհարկե Պերմյակովի իրավունքների պաշտպանությունը, շատ կարևորում եմ նրա անվտանգության ապահովումը: Պերմյակովի՝ սպառնալիքի տակ գտնվելը վտանգում է նաև գործի օբյեկտիվ և բազմակողմանի քննության հնարավորությունը»:
Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունը պետք է մշտական հսկողություն սահմաներ ռուսական բազայի նկատմամբ, որը չի արվել և հենց դրա հետևանքով է, որ ռուսական կողմը հայկական կողմին ժամանակին չի հայտնել ռուսական բազայի տարածքը զենքով լքած զինծառայողի մասին:
Կարդացեք նաև
Իսկ գյումրեցի ընտանիքի սպանությունը, ըստ իրավապաշտպանի, կարեւոր խնդիրներ բացահայտեց. «Այդ սպանությունը պայմանավորված է մի քանի կեղծ մոտեցումներով, որ մինչ այդ հանրությունն ուներ: Առաջին միֆը, որ ռուսական ռազմաբազան հանդիսանում է իբր Հայաստանի անվտանգության երաշխավորը: Երկրորդ միֆը, որ հասարակությունը հասկացավ, որ Հայաստանի քաղաքական իշխանությունը չի ներկայացնում իր շահերը նաև արտաքին հարաբերություններում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Նոյյան տապանի»