Երկու օր առաջ ֆեյսբուք սոցիալական կայքով Վանաձորի քաղաքապետին և ավագանու անդամներին կոչ էր անում՝ հրավիրել Վանաձոր քաղաքի ավագանու արտահերթ նիստ, հանդես գալ ուղերձով և պահանջել պատասխանատու իրավապահ մարմիններից` 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ գլխավոր մեղադրյալ, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործի նախաքնությունն ու դատավարությունը իրականացնել ՀՀ տարածքում, ՀՀ իրավապահների կողմից:
Կոչի հեղինակ, քաղաքագիտության մագիստրոս Նարեկ Խառատյանը Վանաձորի Հայքի հրապարակում իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ իր կոչին միացել են մեծ թվով քաղաքացիներ և այս նախաձեռնությունն ստացել է որոշակի հանրային հնչեղություն, իսկ կայքի միջոցով նա փորձել է հասկանալ նաև քաղաքացիների վերաբերմունքն այս խնդրին և պարզել դրա հետ կապված հետագա գործողությունները:
Հարցին, թե՝ արդյոք ֆեյսբուքյան կոչին արձագանքե՞լ են ավագանու անդամները ասաց, որ արձագանքել են ավագանու անդամներ Գայանե Քալանթարյանն ու Արմեն Այվազյանը. «Գ.Քալանթարյանն ասել է, թե՝ նման նախաձեռնությունն այս փուլում նպատակահարմար չեմ գտնում, իսկ Ա. Այվազյանի կարծիքով՝ անբովանդակ ու անիմաստ պահանջ է»: Նախաձեռնության հեղինակը նշեց, որ ավագանու անդամներին պատասխանել է, որն անարձագանք է մնացել. «Ավագանու անդամի համար գնահատականներ կամ որակումներ տալուց ճիշտ կլիներ զգուշավորություն և հարգանք դրսևորել իրեն քվե տված բնակիչների հանդեպ, հատկապես քաղաքից երկար ժամանակ բացակայելու և համայնքային որևէ գործընթացում ներգրաված չլինելու պարագայում»,- ասաց Ն. Խառատյանը:
Կարդացեք նաև
ՏԻՄ-ի կողմից անտարբերության արդյունքում բողոք կա՞: Բողոք չկա, կա պահանջ, որ մեր սահմանադրությունն ու օրենսդրությունը չստորադասվի, որ չոտնահարվեն միջազգային կոնվենցիաներն ու մեր օրենսդրությունը:
Ֆեյբուքյան քննարկումների ընթացքում Վանաձորի քաղաքացի Ն. Խառատյանը նշել էր, որ այդ առաջարկությունը անձամբ է ուզում հանձնել Վանաձորի ավագանու նստավայր եւ Վանաձորի քաղաքապետին, բայց հանդիպելով փակ աշխատասենյակների, ստիպված փակցրեցին դռներին:
Ավելի ուշ Վանաձորի քաղաքապետը հեռախոսազանգով տեղեկացրեց, որ պաշտոնական նամակով իր դիրքորոշումը կհայտնի, իսկ ավագանու անդամներից այդպես էլ, թեկուզ բանավոր՝ կոչին միանալու պատասխան չստացվեց:
Հենրի ՄԽԻԹԱՐՅԱՆ