Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդան Հարությունյան. «Խոշտանգումների դեմ պայքարը իրավապահ մարմինների եւ ոստիկանության առաջնահերթ խնդիրներից մեկն է»

Հունվար 22,2015 20:03

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության այսօր՝ հունվարի 22-ին կազմակերպած «Պայքար խոշտանգումների կիրառման եւ անպատժելիության դեմ. Խոսքից գործ» խորագրով համաժողովին ներկա էին նաեւ ոստիկանության եւ արդարադատության նախարարության ներկայացուցիչները:

Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ Վարդան Հարությունյանը նշեց, որ խոշտանգումների դեմ պայքարը եւ այդ դեպքերի բացահայտումը իրավապահ մարմինների եւ ոստիկանության առաջնահերթ խնդիրներից մեկն է. «Ոստիկանությունը ոչ միայն քաղաքացիների, այլ նաև ոստիկանության ծառայողների կատարած հակաիրավական յուրաքանչյուր գործողություն արձանագրում է, որոնց կապակցությամբ կատարվում են բազմակողմանի, մանրակրկիտ քննություններ: Եթե պարզվում է, որ ոստիկանի արարքում առկա են հանցագործության հատկանիշներ, նյութերն ուղարկվում են Հատուկ քննչական ծառայություն, եթե այնտեղ հիմնավորվում է, հետագայում դատական քննության արդյունքում պարզվում է, որ հանցագործությունը կատարել է ոստիկանը, դատապարտվելուց հետո նա համակարգից հեռացվում, իսկ եթե քրեաիրավական գնահատական չի տրվում, բայց կան կարգապահական բնույթի խախտումներ, ենթարկվում է կարգապահական պատասխանատվության: Նմանատիպ դեպքերը բացահայտելու համար ոստիկանության համակարգում ստեղծված են մասնագիտական կառույցներ, մասնավորապես՝ ներքին անվտանգության վարչությունը, որը կատարում է ծառայողական քննություններ»:

Ami-4

Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Միքայել Խաչատրյանը ասաց, որ խոշտանգումների դեմ պայքարում առաջին պայմանը, որ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի չափանիշներով դրված էր արդարադատության նախարարության առջեւ քրեակատարողական հիմնարկներում բարելավել պայմաններն եւ ազատազրկվածի իրավունքների իրականացման համար իրական պայմաններ ստեղծել. «Կարեւորում ենք 2014 թվականին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի բացումը, որովհետեւ նրա կառուցման ընթացքում հաշվի են առնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափանիշները, Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի չափանիշները, եւ այդ ընթացքում կոմիտեն բազմաթիվ այցեր է կատարել Հայաստան եւ կատարել է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր դիտողություններ եւ դիտարկումներ: Արդյունքում՝ միջազգային կառույցների կողմից դրական արձագանք ենք ստացել քրեակատարողական հիմնարկների բարելավման եւ օրենսդրական փոփոխությունների հետ կապված»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031