Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրին Ռուսաստանի աքսորավայրը չէ, որ ում ասես բերեն ու 3 սերունդ ոչնչացնեն». գյումրեցի ակտիվիստ. (Տեսանյութ)

Հունվար 22,2015 18:44

Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ Գյումրիում մեկնարկեց  ստորագրահավաքը, որով գյումրեցի ակտիվիստները ՀՀ նախագահին եւ ՀՀ Ազգային ժողովին երկու պահանջ են ներկայացնում ՝

«1.Կասկածյալները պետք է գտնվեն ՀՀ իրավազորության ներքո եւ պատիժը պետք է կրեն ՀՀ արդարադատության կողմից:

2-րդ՝ համալրել ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ միջպետական համաձայնագրերը, պարտադիր ամրագրելով հետեւյալ կետը՝ ՀՀ տարածքում կարող են ծառայել ՌԴ զինված ուժերի որոշակի ցենզի համապատասխանող պայմանագրային զինծառայողներ»:

Aravot.am-ը ակտիվիստ Արմեն Ներսիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ի նկատի ունի ցենզ ասելով, այն, որ Գյումրի ծառայության գան այնպիսի մարդիկ, որոնք հարբեցողությամբ չզբաղվեն ու կռիվներ չսարքե՞ն կամ անմեղ մարդկանց շուկայում, իրենց տների մեջ չմորթե՞ն:

«Միջազգային կոնտիգենտներում համապատասխան ցենզ ունեցող, որակավորում, մարդկային որակ,մասնագիտական ծառայողական ծրագիր ունեցող անձիք են ծառայում, բազմիցս շեշտվել է, որ նաև Հայաստանում պետք է այդպես լինի: Բազմիցս խոսել ենք այն մասին, որ Հայաստանում գտնվող ռուսական բազաները չպիտի դառնան աքսորավայրեր կամ տուգանային բատալիոններ, որտեղ ուղարկում են օրինակ Պերմյակովի պեսներին: Մենք տեղեկատվություն ունենք, որ նա աղանդավորական է, եղբայրը բանտարկված է և այլն…»:

Մեր այն հարցին, թե այսուհետ ինչպիսի՞ն կլինի գյումրեցիների վերաբերմունքը ռուսների նկատմամբ, կկարողանա՞ գյումրեցին ներել այս արարքը, մեր զրուցակիցն ասաց. «Եկեք ճիշտ դիտարկենք, ոճրագործությունը իր բնույթով եզակի է և ազգություն չի ճանաչում, պարզ է, որ ընդհանուր այս ցասման մեջ կարող են առաջանալ այդ ազգամիջյան խնդիրները, եթե չի բավարարվում ժողովրդի պահանջը և ադեկվատ քայլեր չի արվում , այդ դեպքում կարող է խորացում տեղի ունենալ: Իհարկե, ճիշտ չէ, այս հարցերը ազգամիջյան տիրույթում փնտրել, խնդրի լուծումը քաղաքական կամքի տիրույթում է գտնվում»:

Արմեն Ներսիսյանը, անդրադառնալով Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ հարցը քաղաքականացնում են,  խնդրեց, որ հենց Լավրովը չքաղաքականացնի այն, քանի որ գյումրեցիների պահանջը հստակ ձևակերպված է եղել, այստեղ ազգային արժանապատվության մասին է խոսք գնում:

Արմեն Ներսիսյանը վստահեցնում է, գյումրեցու պահանջը չբավարարելու դեպքում գյումրեցին հաստատ չի լռի: Ըստ նրա, գյումրեցին ոստիկանական ուժերից վախեցող էլ չէ, Գյումրիում կուտակված ոստիկանական ուժերը պարտավոր են պաշտպանել գյումրեցու, ժողովրդի շահերը, ոչ թե փորձեն ուրիշներին պաշտպանել ժողովրդից:

Արմեն Ներսիսյանը ՀՀ գլխավոր դատախազին հիշեցնում է՝ արագ տեր կանգնել իր տղամարդկային խոստմանը՝ դիմել ՌԴ գլխավոր դատախազին, այլապես գյումրեցու համբերությունն էլ չափ ու սահման ունի: Նա հիշեցնում է նաև, որ Գյումրիում տիրող լռությունը խաբուսիկ է, գյումրեցին ամեն վայրկյան պատրաստ է փողոց դուրս գալ՝ հանուն իր արժանապատվության:

Մեր այն հարցին, թե ի՞նչ դատաստանի կարժանացնի Պերմյակովին, եթե իրոք ապացուցվի, որ հենց նա է մեղավոր, զայրացած ժողովուրդը Լինչի դատաստանի մասին էր խոսում, Արմեն Ներսիսյանն ասաց. « Որևէ մեկը այդ ցավն ապրելուց հետո այլ տեսակետ կարո՞ղ է ունենալ»: Այս ոճրագործությունը, որով միանգամից երեք սերնդի ներկայացուցիչներ սպանվեցին, ըստ Արմեն Ներսիսյանի, խայտառակություն էր ոչ միայն մեզ համար, այլ նաև ՌԴ-ի համար:

Մանրամասները՝ տեսանյութում 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031