Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում (ՀՑԹԻ) այսօր տեղի ունեցավ հայալեզու «Ցեղասպանագիտական հանդես» և անգլալեզու «International Journal of Armenian Genocide Studies» պարբերականների շնորհանդեսը:
«Հրապարակ բերելով Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների առաջին միջազգային հանդեսը՝ մենք լուրջ հայտ ենք ներկայացնում ցեղասպանագիտության ասպարեզում: «International Journal of Armenian Genocide Studies»-ը միջազգային հանրությանը ներկայանալու լուրջ այցեքարտ է»,- շնորհանդեսի ժամանակ ասաց ՀՑԹԻ-ի տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար, պարբերականների գլխավոր խմբագիր Հայկ Դեմոյանը:
Նա ասաց, որ պարբերականներն անվճար կտրամադրվեն աշխարհի ցեղասպանագիտական առաջատար կենտրոններին, բայց նախ դրանք կուղարկվեն թուրքական համալսարաններ:
«Աշխարհում ցեղասպանագիտության մասին 3 հեղինակավոր ամսագիր կա: Դրանցում գիտական հոդվածներ են տպագրվում բոլոր ցեղասպանությունների, մարդկության դեմ կատարված հանցագործությունների վերաբերյալ: Հայոց ցեղասպանությունը նույնպես որոշ չափով ներկայացված է գիտական այդ ամսագրերում, բայց միայն որոշ չափով»,- ասաց ՀՑԹԻ-ի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը՝ նկատելով, որ սա է եղել «International Journal of Armenian Genocide Studies» պարբերականի ստեղծման պատճառներից մեկը: «Մենք տեսանք, որ Հայոց ցեղասպանության թեման բավականին ընդգրկուն է, և շատ ուսումնասիրություններ կան, որոնք կարիք ունեն հրատարակվելու ու նաև համաշխարհային ակադեմիական հանրությանը հասու դառնալու: Այդպես որոշեցինք ստեղծել Հայոց ցեղասպանության ուսումնասիրման միջազգային հանդեսը»,- ասաց Ս. Մանուկյանը:
Կարդացեք նաև
Նա ընդգծեց, որ հանդեսում տեղ են գտել ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային հեղինակություն վայելող գիտնականների, խոշորագույն ցեղասպանագետների հոդվածներ. «Մենք որդեգրել ենք մի սկզբունք, որին կփորձենք հավատարիմ մնալ մինչև վերջ: Ամսագրում հոդվածների ուղիղ կեսը կլինեն հայ հեղինակների հոդվածները, իսկ մյուս կեսը՝ օտարազգի հեղինակներինը»,- ասաց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ