Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մուրադյան. «Իմ ընտանիքում ներհիվանդանոցային վարակից կորուստ է եղել» (Տեսանյութ) 

Հունվար 22,2015 16:44

Նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Քաջարանի բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացած մի շարք քաղաքացիներ հիվանդանոցում վարակվել են հեպատիտ C հիվանդությամբ: Պաշտոնական տվյալներով` վարակվածներն 8-ն են, իսկ ոչ պաշտոնականով` 18-ը:

Այսօր կառավարության նիստից հետո, լրագրողներն առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից հետաքրքրվեցին դեպքի մասին: Պարոն նախարարն ասաց, որ ներհիվանդանոցային վարակներն ամբողջ աշխարհում կան, ամենազարգացած երկրներում էլ ներհիվանդանոցային ինֆեկցիաների 5-10 % դեպքեր են գրանցվում, եւ բացառություն չէ նաեւ Հայաստանի 5-10 %-ը, եւ բացառություն չեն Հայաստանի բուժհիմնարկները:

Արմեն Մուրադյանի խոսքերով` փաստի առթիվ քրեական գործ է հարուցված, նաեւ աշխատում է առողջապահության նախարարության աշխատանքային խումբը . «Փոխնախարարը երեկ է վերադարձել Քաջարանից, նյութերը քննարկվել են, քրեական գործի շրջանակներում կլինեն համապատասխան որոշումները, եւ դուք անպայման տեղեկացված կլինեք»:

Լրագրողներից մեկի հարցին` հաշվի առնելով նախարարի քաղաքականությունը` միշտ որեւէ դեպքի առիթով այցելել դեպքի վայր, ինչո՞վ էր պայմանավորված, որ այս անգամ նախարարը չգնաց Քաջարանի հիվանդանոց, երբ արդեն նոյեմբերի վերջից վարակի տարածման մասին հայտնի էր, Մուրադյանն ասաց. «Առհասարակ, բոլոր աշխատանքները համակարգվում են նախարարությունում, սովորաբար, կարեւոր հարցերը ուղղակի նախարարի միջամտությամբ են լինում: Այդ հարցի վերաբերյալ 2 խորհրդակցություն է եղել, փոխնախարարը մեկնել էր Քաջարան, հետեւում, ուսումնասիրում էր: Վերջին օրերին այլ հարցով էի զբաղվում: (Նկատի ունի Սերյոժա Ավետիսյանին` Սուրբ Աստվածամայր հիվանդանոցում պարբերաբար գտնվելը)»:

Մանրամասն` տեսանյութում

Լրագրողների հարցին` մտավախություն կա, որ բժիշկներն ու գլխավոր բժիշկը չեն պատժվելու, նախարարն ասաց, որ պատիժն ու պատժի չափը կորոշեն իրավապահ մարմինները:

Հարցին էլ` տեղեկություններ կան, որ Քաջարանի բուժհիմնարկի տնօրեն Վարդան Ավագյանին չեն կարողանում գտնել, նա ուղղակի անհետացել է, պատժից կխուսափի՞, Արմեն Մուրադյանն ասաց. «Ես գնահատական չեմ կարող տալ իրավական դաշտում, կարծում եմ յուրաքանչյուր բժիշկ իր կատարած եւ չկատարած աշխատանքի համար պետք է պատասխան տա»:

Մանրամասն` տեսանյութում

Մեր հարցին էլ` ներհիվանդանոցային վարակների մասին մատնացույց եք անում միջազգային ցուցանիշները, մինչդեռ, արդյոք դժվա՞ր է պարզապես պատշաճ ախտահանում անել, նման դեպքերից խուսափելու համար. հիմա շատերի մոտ խուճապ կա, որ եթե նոր բացված հիվանդանոցում են լինում նման դեպքեր, ապա վտանգավոր է ընդհանրապես հիվանդանոցներ գնալը, պարոն նախարարն ասաց. « Ոչ թե` դժվար չէ, այլ` պարտադիր է պատշաճ ախտահանումը: Խուճապի կարիք չկա, յուրաքանչյուրի կյանքում նման բան կարող է պատահել, բացառություն չի եղել իմ ընտանիքը ժամանակին, որը ներհիվանդանոցային ինֆեկցիայի պատճառով լուրջ կորուստ է ունեցել:

Խուճապի մասին կարիք չեմ տեսնում, յուրաքանչյուրի կյանքում նման բան կարող է պատահել: Ես գտնում եմ, որ այդ հարցերն ինստիտուցիոնալ պետք է քննարկվեն, եւ ընթացակարգերով պետք է լինեն, ոչ թե` նորերում չեն լինում, հներում` լինում են, պետպատվեր կա` չպիտի լինի վարակ, պետպատվեր չկա` կլինի: Ամբողջ ցանցում պարտադիր պահանջ կլինի, ինչ-ինչ պատճառով կարող են թերություններ լինեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031