Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյան. «Գևորգ Կոստանյանը նույնքան տղամարդավարի խաղաց իր տղամարդկային հեղինակության հետ»

Հունվար 22,2015 16:16

«Ցավում եմ, որ Գևորգ Կոստանյանը տղամարդավարի խոստացավ ու նույն տղամարդավարի կերպով իր տղամարդկային հեղինակության հետ խաղաց: Եթե նման բան է ասում, դա պիտի մտածեր այն օրը` Գյումրիում, երբ ընդամենը լարված ու գազազած ժողովրդին հանգստացնելու համար ասաց դա»,-Aravot.am-ի հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի այն հայտարարությունը, թե դեռ չի դիմել ՌԴ գլխավոր դատախազին, այսպես արձագանքեց «Ժառանգություն» կուսակցության անդամ  Անահիտ Բախշյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  այսօր ԱԺ-ում Գյումրիի դեպքերի իրավական գործընթացների մասին խորհրդարանական լսումների ժամանակ  ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել է, թե դեռ չի դիմել ՌԴ գլխավոր դատախազին` Գյումրիում հրեշավոր սպանության մեջ կասկածվող Պերմյակովին  հայ իրավապահներին հանձնելու հարցով:

Մեր այն դիտարկմանը, փաստորեն ամենաբարձր մակարդակով խաբո՞ւմ են ժողովրդին, այն դեպքում, երբ գյումրեցիները անհամբեր սպասում են դատախազի պատասխանին, տիկին Բախշյանն ասաց. «Ամենաբարձր մակարդակով ապակողմնորոշում, խաբում են ժողովրդին և ցույց տալիս, թե տվյալ պահին ինչ նախադասություն պետք է, պատրաստ ենք ասել` առանց պատասխանատվություն կրելու»:

Anahit_Baxshyan

Մեր այն դիտարկմանը` կարելի՞ է ասել, որ Գյումրիի սպանության գործի քննության առումով ամեն ինչ արդեն կանխորոշված է, ինչի վկայությունն է ՀՀ գլխավոր դատախազի այս հայտարարությունը, այն, որ սգո օր չհայտարարվեց, տարբեր ՀՀԿ-ականներ տարբեր պատճառաբանություններ բերեցին այս առիթով, մինչև անգամ այն, թե դեպքը չուներ քաղաքական նշանակություն, դրա համար էլ սգո օր չհայտարարվեց, տիկին Բախշյանը պատասխանեց. «Ցավում եմ` այո: Արդեն երևում է, որ մենք ոչինչ էլ չենք իմանալու, ինչքան էլ մեր քննիչներին թույլատրվի ելումուտ անել ռազմաբազա և հանդիպել այդ տականքի հետ: Հերթական անգամ արձանագրում ենք, որ մեր պետականությունը ուղղակի մեր աչքի առաջ ճաքեր է տալիս, պետականության երկրաշարժ է, և, ցավոք, քաղաքական ուժը, ներառյալ իմ քաղաքական կուսակցությունը ներկայացնողը, ոչինչ չեն կարողանում անել: Այն համարձակությունը չունենք, կամ գուցե ինչ-որ բան մեր գենետիկայում պակասել է, որ  մեր պետականության շահը տեսնենք, փայփայենք ու պաշտպանենք մինչև վերջ մեր կյանքի գնով: Մենք շարունակում ենք զոհեր տալ, բայց փոխարենը չենք կայացնում մեր պետականությունը»:

Հարցին` ինչո՞ւ սգո օր չհայտարարվեց, արդյոք դա չի՞ նշանակում, որ քաղաքացին արժեք չունի,  կամ Ավետիսյանները փաստորեն չհամարվեցին մեր պետականության մի մասնիկը, տիկին Բախշյանն արձագանքեց. «Արժեք չուներ մի ամբողջ ընտանիք: Մի ամբողջ ընտանիք զոհվեց ահաբեկչության արդյունքում, որի ընդերքը հաստատ քաղաքական է, և պետությունը չհայտարարեց սուգ` մեկը մեկից տխմար տարբեր հիմնավորումներով: Այնինչ պետությանը պատիվ կբերեր, որ ինքն իր ընտանիքի զոհվելու, ահաբեկչության ենթարկելու փաստը սգո օր հայտարարելու հիմք դարձներ, իջեցներ մեր դրոշները, սև ժապավեն կապեր ու գլուխ խոնարհեինք հայ ընտանիքի առաջ: Հայ տեսակը պահել է հայ ընտանիքը, հայ ընտանիքի դեմ է սա, նշանակում է ազգի դեմ է»:

Մեր այն հարցին`պետականության շենքի ճաքերը կանխելու համար ի՞նչ հրատապ քայլեր են պետք ձեռնարկել, տիկին Բախշյան ասաց. «Իշխանությունը պիտի ցույց տա, որ ինքը  միջպետական համաձայնագրի օրենքով շարժվող, որոշում կայացնող է, բայց այդ որոշումը կայացնելու ժամկետն անցավ: Իշխանությունն ամեն անգամ հակառակն է ապացուցում, որ ժողովուրդ, ես չկամ, ինձ վրա շատ հույս մի դրեք: Ես ի՞նչ անեմ , «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր», կարգախոսով առաջնորդվում ու արդարացում են: Բայց ինչքան փոքր ազգեր կան, որ արժանապատիվ ապրում են, մեծաքանակ ժողովուրդներ էլ կան, որ ջնջվել են: Մենք եղեռն վերապրած ժողովուրդ ենք, որից հետո մեզ հաջողվել է հաղթել Արցախյան պատերազմում, մենք տեսել ենք այդ պայքարը, կռիվը այդ արժանապատվությունը ու հիմա՞…»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031