Այսօր նախագահական նստավայրի մոտից «Նաիրիտի» աշխատակիցները հեռացան հանդարտ՝ չնայած առավոտյան սկսած բողոքի ակցիայի ժամանակ կոշտ մեթոդներով պայքարելու իրենց լուրջ մտադրությունների:
«Նաիրիտի» արհմիութենական կազմակերպության նախագահ Հրաչ Թադեւոսյանը բարձրախոսով դիմեց հավաքվածներին ու պատմեց, որ երեկ երեկոյան աշխատավարձերի հարցով հանդիպում են ունեցել նախարար Երվանդ Զախարյանի հետ:
«Նաիրիտի» քացախաթթվի արտադրամասի գույքի օտարման հանձնաժողով է ստեղծվել: Այսինքն, գույքը պետք է վաճառվի ու ստացված որոշակի գումարով աշխատավարձի մարում կատարվի»,- ասաց Հրաչ Թադեւոսյանը: Բայց նշված արտադրամասը գրավադրված է Հայ բիզնես բանկում, իսկ պարոն Թադեւոսյանը նաիրիտցիներին ասաց, որ կառավարությունը` ի դեմս Երվանդ Զախարյանի, արագացնելու է գրավադրումից արտադրամասը հանելու գործընթացը:
Բայց այս անգամ նախարարն արդեն աշխատավարձի տրամադրման ժամկետներ չի խոստացել: Հիշեցնենք, որ վերջին անգամ, ժամկետ էր խոստացել ու իր խոստումը չէր կատարել, ինչը զայրացրել էր աշխատավարձ պահանջող նաիրիտցիներին:
Կարդացեք նաև
«Բոլորս էլ հասկանում ենք` ինչու չի խոստանում, մի անգամ խոստացել է, համ ինքն է ընկել կրակը, համ մեզ է գցել կրակը: Նախարարն ասում է` իմ աշխատանքային օրվա 50 տոկոսը «Նաիրիտի» խնդիրն է, ասում է` թողեք ճանապարհները գտնենք»,- շարունակեց Հրաչ Թադեւոսյանը:
Աշխատակիցներն էլ հեգնեցին.«Թաշկինակները հանեք»:
Վերջում էլ Հրաչ Թադեւոսյանը փոխանցեց, որ մինչեւ փետրվար` աշխատավարձի չսպասեն:
Հիշեցնենք, որ այսօրվանից նաիրիտցիները ամենօրյա բողոքի ակցիաներ են սկսել` իրենց աշխատավարձերի վճարման պահանջով:
Մանրամասները` տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ