Լրահոս
Օրվա լրահոսը

«Որևէ մեկն իրավունք չունի սահմանին կանգնած զինվորին աղանդավոր կոչել». զինվորի հայրն ահազանգում է բանակում հավատաքննության մասին

Հունվար 22,2015 15:20

Անցյալ տարվա ընթացքում Հայաստանի իրավապաշտպաններն ամենաշատ ահազանգերն ու բողոքներն են ստացել հայկական բանակում տիրող կրոնական անհանդուրժողականության մթնոլորտի վերաբերյալ:

Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյան

«Վերջին շրջանում զինված ուժերում այլ կրոնական կազմակերպության անդամ զինվորների նկատմամբ իրականացվում է հավատաքննություն, որը շատ վտանգավոր է հենց զինված ուժերում ներքին անհանդուրժողականության և խտրականության դրսևորման առումով: Սա պետական անվտանգության խնդիր է»,- կարծում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ հավելելով, որ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ահազանգեր է ստացել բանակում հավատաքննության դեպքերի առնչությամբ, սակայն ծառայող զինվորների անուններ չեն հրապարակվում, քանի որ հնարավոր է նրանք խնդիրներ ունենան բանակում:

Բանակում շրջանառվում են հարցաթերթիկներ, որոնք պետք է պարտադիր կերպով լրացնեն նորակոչիկները, որտեղ ի թիվս սոցիալական վիճակի և այլ հարցերի պետք է նշեն՝ Առաքելակա՞ն եկեղեցու հետևորդ են, թե՞ այլ կրոնական ուղղության:

Ըստ բողոքներ ներկայացրած անձանց, եթե զինակոչիկն ասում է, որ, ասենք, Ավետարանական համայնքի որևէ եկեղեցու անդամ է, նա հայտարարվում է «աղանդավոր», նրան ուղարկում են զորամասի քահանայի մոտ, որն էլ պետք է «ուղղիչ» աշխատանքներն իրականացնի:

Կարեն Խաչատրյան

Կարեն Խաչատրյան

Հայաստանի Ավետարանական համայնքի «Ռեմա» եկեղեցու հոգևոր հովիվ Կարեն Խաչատրյանի տղային բանակ տանելու ժամանակ Էրեբունի վարչական շրջանի զինկոմիսարիատում հարցրել են՝ առաքելական ե՞ս, թե՞ աղանդավոր:

«Հարցը հենց այդ ձևակերպմամբ հնչեց իմ ու մյուս նորակոչիկների ներկայությամբ անկետա լրացնելիս: Համարում եմ անբարո զինվորին պիտակավորել, աղանդավոր անվանել, նվաստացնել, նոր ճանապարհել բանակ՝ մյուսներից տարբերակելով, բացի Առաքելականից՝ բոլորին մի կողմ դնել: Մարդը գնում է ծառայելու հայոց բանակում, ոչ խուսափել է, ոչ փախել է: Հարցն այն չէ, որ իմ երեխայի հետ է դեպքը եղել: Այդ տղաները պետք է գնան հայրենիք պաշտպանելու և իրենց մեջ արդեն տարբերություն են դնում,- ասում է զինվորի հայրը, ում որդին ծառայել է Լեռնային Ղարաբաղի սահմանային մարտական դիրքերում:

«Երբ զինվորների միջև նման տարբերություն են դնում, կարող է որևէ մեկի մոտ հետք թողնել ու չգիտես հետագայում իրենց հարաբերությունների մեջ ինչ դրսևորում կարող է ունենալ: Ի վերջո, բոլորն էլ որպես հայ, որպես ՀՀ քաղաքացի են գնում բանակ, ի՞նչ կապ ունի իրենց կրոնական դավանանքը՝ աթեիստ կլինի, առաքելական, ավետարանական, թե արևապաշտ եզդի: Բանակ գնացողին նման հարց չի կարելի տալ»,- պնդում է Խաչատրյանը:

Թե ինչ է եղել դրանից հետո բանակում, «Ռեմա» եկեղեցու հովիվ Կարեն Խաչատրյանի տղան քիչ բան է պատմել.

«Ընդհանրապես ինքը փակ տղա է: Սարկավագ, քահանա կար, որը ոչ դրական մոտեցում է դրսևորել տղայիս հանդեպ, իմանալով, որ բողոքական եկեղեցու հետևորդ է, տարբերակումներ է դրել: Ի վերջո՝ տղաս մյուս չկնքվածների հետ կնքվել է Առաքելական եկեղեցում, որպեսզի տեսնեն, որ ինքը որևէ բանով դեմ չէ Առաքելական եկեղեցուն, և որպեսզի որոշ խոսակցություններ չլինեն: Զորամասում հարցրել են՝ ով կնքված չի առաքելական եկեղեցում, ու բոլորին կնքել են: Ընդհանրապես որևէ մեկն իրավունք չունի սահմանին կանգնած զինվորին աղանդավոր կոչել: Մի՞թե կարելի է հայրենիքը պաշտպանելու գնացող զինվորին պիտակավորել, նվաստացնել, նրանց մեջ բաժանում ու անվստահություն մտցնել, նույնիսկ թշնամանք սերմանել: Սա անբարոյություն է պետության և եկեղեցու կողմից»:

 «Աշխարհի բոլոր բանակներում կիրառվում են նման անկետաներ». ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հավաստիացնում են, որ այն ինչ կատարվում է բանակում, օրենքի սահմաններում է: ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր գրավոր հարցմանը, թե իրավական ի՞նչ հիմքով են բանակում կիրառվում հարցաթերթիկներ, որոնք լրացնում են նորակոչիկները և որտեղ պետք է նշեն իրենց կրոնական հայացքների և պատկանելիության մասին, պատասխանել են.

«ՀՀ Հանրային ծառայության մասին օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով զինվորականներին, այդ թվում նաև զինվորներին արգելվում է զբաղվել կրոնական քարոզներով և այլն: Նույն արգելքները կան նաև Զինվորական ծառայության անցնելու մասին օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով»: Նկատենք, որ մեր հարցը վերաբերում էր ոչ թե զինվորների՝ բանակում քարոզչություն անելու, այլ կրոնական հայացքներ ունենալու իրավունքին:

Ըստ ՊՆ-ի՝ «աշխարհի բոլոր բանակներում կիրառվում են նման անկետաներ, որոնք մարտական ծառայության բարդ իրավիճակում հրամանատարությանը խնդիրներ դնելու հարցում կողմնորոշում են, քանի որ ելնելով իրենց կրոնական պատկանելիությունից զինվորները տարբեր վերաբերմունք ունեն ծառայության և զենքի նկատմամբ»:

Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյան

Մինչդեռ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը պնդում է, որ «ՀՀ օրենքներով նույնիսկ կրոնական հայացքների մասին հետաքրքրվելն անթույլատրելի է: Ոչ մեկի գործը չէ, թե որ զինվորը ինչ կրոնական հայացքներ ունի և թեկուզ՝ ոչ կրոնական»:

Նրա խոսքերով՝ եթե մարդ գնում է, իր պարտականությունը կատարում է, ուրեմն իր հայացքները իր խնդիրն են:

«Այստեղ շատ մտահոգիչ է պաշտպանության նախարարի վերջերս արած հայտարարությունը, որտեղ նա կասկածի տակ է դրել ոչ առաքելական եկեղեցու հետևորդների հայրենասիրությունը, այն մարդկանց, որոնք գնում են բանակ, գնում են դիրքեր, իրենց կյանքը վտանգում են, սա շատ կոպիտ խախտում է և պետք է այնպես անել, որ նման դեպքեր չլինեն: Հատկապես, երբ պաշտպանության նախարարն է նման հայտարարություն անում, դա արդեն առավել, քան մտահոգիչ է»,- շեշտում է Դանիելյանը:

Ապրիլին ՊՆ-ում կազմակերպված «Քայքայիչ պաշտամունքները և փողոցային արատավոր բարքերը որպես պաշտպանունակության սպառնալիք» թեմայով կոնֆերանսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգության ապահովման, անցյալի աղետալի էջերի կրկնությունը բացառելու համար անհրաժեշտ է, որ բոլորս ապրենք ոչ թե տարբեր պաշտամունքների թելադրանքով, այլ հավատամք դարձնենք այնպիսի արժեքներ, ինչպիսիք են Հայրենիքը, Հայ Առաքելական եկեղեցին, պահպանենք ու զարգացնենք մեր մշակույթը, մայրենի լեզուն ու ազգային նկարագիրը:

«Աղանդները բացասաբար կարող են ազդել զինուժի վրա։ Չեմ ուզում մտածել այդ մասին, բայց սարսափելի է պատկերացնել, թե ինչ կարող է կատարվել մարտական դիրքում, եթե այնտեղ կանգնած զինվորի հավատամքն այլ լինի: Չեմ ուզում պատկերացնել, թե ինքնասպան եղած աղջկա ինքնասպանության լուրը ինչ կարող է առաջացնել այն զինվորի հոգում, ում նա սպասում էր»,-ասել էր նախարար Օհանյանը:

Դանիելյանը կարծում է, որ նման հայտարարությունները կարող են «Բանակում զինվորականների մեջ անվստահություն առաջացնել» ծառայության նկատմամբ:

«Այդ մարդիկ, որոնք գնում են դիրքեր վտանգելով իրենց կյանքը, հենց իրենց մոտ կարող է հարց առաջանալ, թե իրենք ինչ գործ ունեն այդտեղ, երբ իրենց չեն վստահում և երկրորդ կարգի մարդ են ընդունում»,-ասում է իրավապաշտպանը՝ հորդորելով Պաշտպանության նախարարությունը դադարեցնել նման գործելաոճը:

Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյան

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պատասխանում է, որ «Նշվածը գործելաոճ չէ այլ մշակված համակարգ, որից չենք հրաժարվում, սակայն կատարելագործում ենք, օրինակ այս տարի զորքին բաժանվելու է մարդու իրավունքների գրասենյակի հետ մշակված համապատասխան թերթիկներ նրանց իրավունքների և ազատությունների մասին»:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը վտանգավոր է համարում պաշտպանության նախարարության «մշակած համակարգը»:

«Ապրիլին եղավ մեծ կոնֆերանս պաշտպանության նախարարությունում՝ «Պայքար աղանդների դեմ» թեմայով, և փաստորեն ինքը՝ հենց պաշտպանության նախարարն ասաց, որ պետք է այդ ուղղությամբ շարժվել, որպեսզի բանակում աղանդավորներ չլինեն: Աղանդավոր ասելով՝ բնականաբար, նկատի ունի այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնք ի տարբերություն «Եհովայի վկաների»՝ չեն գնում այլընտրանքային ծառայության, այլ գնում են բանակում ծառայելու, նույնիսկ առաջավոր դիրքերում: Սա վտանգավոր է, քանի որ միգուցե նրանց նկատմամբ սկսվեն ճնշումներ վերևի ցուցումով, մյուս կողմից էլ՝ միգուցե այդ մարդիկ որոշեն՝ եթե այդպես է, ապա գնան այլընտրանքային ծառայության: Շատ հնարավոր է՝ բանակում անառողջ մթնոլորտ ստեղծվի»,- մտահոգություն հայտնեց իրավապաշտպանը:

Մովսես աբեղա Սարգսյան

Մովսես աբեղա Սարգսյան

Զինված ուժերի հոգևոր փոխառաջնորդ տեր Մովսես աբեղա Սարգսյանը հերքում է մեղադրանքները, թե Առաքելական եկեղեցու քահանաները բանակում հոգեբանական ճնշում են գործադրում ոչ առաքելական զինծառայողների վրա:

«Նման բան չկա, մենք խտրականություն չենք դնում: Բոլորն էլ հայ են, բոլորն էլ մեր զինվորներն են, բայց մեր ծառայության շրջանակներում մենք առաքելություն ունենք՝ բոլորին ծանոթացնելու Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն, հայոց պատմությանը, տալ նրանց հոգևոր, մշակութային գիտելիքներ: Այդ շրջանակներում եթե կան աղանդավորությանը հարող զինվորներ, մենք ոչ թե խտրականություն ենք դնում, այլ, մեր մոլորված զինվորը համարելով, նրանց ավելի շատ ջերմության մեջ ենք պահում և փորձում ենք նրանց սխալ ճանապարհներից հեռու պահել: Ինչ վերաբերում է պարտադրելուն, երբեք ոչ ոք ոչ մեկին չի պարտադրում»,- ասում է տեր Մովսես աբեղա Սարգսյանը:

Իսկ թե ինչո՞ւ են բողոքները շատացել բանակում կրոնական խտրական մոտեցման վերաբերյալ, հոգևոր սպասավորը վստահ է, որ պատճառը «քարոզչության արգելքն է»:

«Բողոքները շատացել են այն պատճառով, որ մենք արգելում ենք նրանց քարոզչություն իրականացնել, իսկ նրանք շարունակում են իրենց քարոզչությունն իրականացնել: Նման դեպքերը կանխելու մեր միջոցառումները նրանց շատ-շատ վրդովեցնում են: Ինչ վերաբերում է մկրտություններին, մենք երբեք ոչ մեկին մկրտվել չենք պարտադրում»,-հայտարարում է Զինված ուժերի հոգևոր փոխառաջնորդ տեր Մովսես աբեղա Սարգսյանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի զորամասերից մեկի հոգևոր սպասավոր Ներսես սարկավագ Ղազարյանն էլ ասում է, որ իրենց առաքելությունն է զինվորների հոգևոր կարիքների հոգումը, ինչպես նաև Քրիստոսի Ավետարանի քարոզչությունը, սակայն ըստ սարկավագի՝ զինվորներն ազատ են ընդունելու կամ չընդունելու Հայ առաքելական եկեղեցու դիրքորոշումը:

«Ինչպես ընդհանրական այնպես էլ անհատական զրույցներ ենք ունենում զինվորների հետ, սակայն ոչ մի զինվոր պարտադրված չէ մասնակցել հոգևորականի հետ զրույցներին: Կրոնական այլ կազմակերպության որևէ ներկայացուցիչ էլ չի ճնշվում բանակում, նրանց հետ առանձին զրույցներ են տարվում, սակայն երբեք չենք բարձրաձայնում այլ զինվորների մոտ նրանց կրոնական հայացքների մասին: Իսկ եթե բանակում կան քույր եկեղեցիների՝ Կաթոլիկ և Ուղղափառ դավանանքին հետևող անձինք, ապա այդ ժամանակ տվյալ զորամասի հոգևոր սպասավորները զինվորի խնդրանքով հրավիրում են նույնիսկ տվյալ եկեղեցու հոգևոր սպասավորին տվյալ զինվորի հետ հանդիպման»,-ասում է Ղազարյանը՝ հավելելով, որ բանակում կատարվում են մկրտություններ, որոնց, սակայն մասնակցում են միայն նրանք, ովքեր ցանկանում են:

Religions.am կայքի հիմնադիր և «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի խոսքերով՝ «քահանան կարող է կրոնական ծառայություն մատուցել միայն այն մարդկանց, ովքեր ցանկանում են նման ծառայություն ստանալ, իսկ մյուսների հետ կապելանները գործ չպետք է ունենան»:

Իրավապաշտպանի խոսքերով՝ հոգեբանական ճնշումներն ու պիտակավորումների հեռանկարի պատճառով ոչ առաքելական զինծառայողների մի մասը թաքցնում է կրոնական հայացքները. «Տղաներին ստիպում են սուտ խոսել, ինչը ևս ներքուստ կոտրում է զինվորին»:

Կրոնական բանա՞կ աշխարհիկ պետության ներսում. ոչ առաքելական սպաներին դուրս են մղում բանակից

Իրավապաշտպաններն ահազանգում են, որ եթե ոչ առաքելական նորակոչիկների դեպքում որպես խտրականության դրսևորում միայն հոգեբանական ճնշում է կիրառվում, ինչը ևս բանակային մթնոլորտում պակաս վտանգավոր չէ, ապա բանակում աշխատող սպաների պարագայում թե՛ հոգեբանական, թե՛ տնտեսական ճնշում է կիրառվում:

Իրավապաշտպանները նշում են, որ վերջին շրջանում մի քանի դեպքեր են եղել, երբ բանակում աշխատող այլ կրոնական կազմակերպությունների անդամ հանդիսացող սպաներին ուղղակիորեն կանչել ու հորդորել են հրապարակավ հրաժարվել ու գնալ Առաքելական եկեղեցի, հակառակ պարագայում նրան ուղղակի ազատել են աշխատանքից:

Մի քանի տարի առաջ ևս նմանատիպ դեպք է գրանցվել Վանաձոր քաղաքում, որին անդրադարձել է նաև մամուլը: Լոռու մարզի զինկոմիսարիատի մի պաշտոնյայի մասին ոչ իրական լուրեր են տարածվել, որ նա ավետարանական համայնքի եկեղեցու անդամ է և զինկոմիսարիատում դրվել է նրան աշխատանքից ազատելու հարցը:

Խնդիրը հարթվել է միայն այն բանից հետո, երբ Վանաձորի ավետարանական հավատքի եկեղեցու ավագ հովիվ Ռաֆայել Գրիգորյանը գրավոր տեղեկանք է ներկայացրել Լոռու մարզի զինկոմիսարիատ առ այն, որ այդ պաշտոնյան իրենց եկեղեցու անդամ չէ:

«Քանի որ զինկոմը խնդրել է գրավոր դիմում գրել, առ այն, որ այդ անձը չի հանդիսանում Ավետարանական եկեղեցու անդամ, որպեսզի դա հիմք հանդիսանա աշխատանքից չազատելու, դա կարող է մի բան նշանակել, որ կան հիմքեր ենթադրելու, որ գոյություն ունի ներքին հրահանգ այլ կրոնական կազմակերպությունների անդամներին սպայական պաշտոններում աշխատանքի չվերցնել և զինկոմն իր համար իրավական հիմքեր է ստեղծել այդ դիմումով, որ աշխատանքից չազատի»,- ասում է Ստեփան Դանիելյանը:

Նրա խոսքերով՝ տարիներ առաջ նման ներքին հրահանգի մասին դեպք է եղել նաև ոստիկանությունում.

«Կարելի է ենթադրել, որ սա ընդունված պրակտիկա է: Սա մարդու իրավունքների ոտնահարում է, խտրականություն, քանի որ չի կարելի որևէ մեկի իրավունքները սահմանափակել իր հայացքների համար: Նույնիսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքում կա համապատասխան կետ, ըստ որի գործատուն անգամ իրավունք չունի հետաքրքրվելու, թե ինչ հայացքներ՝ մասնավորապես կրոնական հայացքներ ունի աշխատանքի ընդունվող անձը, և դա շատ կոպիտ խախտում է, իսկ որոշ դեպքերում նաև քրեական հետապնդման կարող է ենթարկվել: Բնականաբար սա իրավունքների խախտում է, որը անթույլատրելի է բանակում»:

Ոչ առաքելական սպաներին աշխատանքի և կրոնական հայացքների միջև ընտրության առաջ դնելու և աշխատանքից ազատելու դեպքերի հետ կապված մեր հարցմանն ի պատասխան Պաշտպանության նախարարությունից հայտարարում են. «Խախտումների դեպքում կարող են լինել զորացրումներ, այլ դեպքերում՝ ոչ»:

Ըստ նախարարության՝ խախտումները կարող են վերաբերել ոչ առաքելականների կողմից կրոնական քարոզչությանը: Թեև, մեզ հասած տեղեկություններով, ոչ առաքելականներին կրոնական համոզմունքների համար աշխատանքից ազատելիս այլ պատճառներով են հիմնավորում նրանց աշխատանքից ազատումը:

Չնայած իրավապաշտպան կազմակերպությունների ստացած բազմաթիվ բողոքներին, պաշտպանության նախարարությունը մտավախություն չունի, որ զինվորներին բաժանելով առաքելականների և «աղանդավորների» վտանգավոր լարվածություն կարող է լինել զինվորների հարաբերություններում:

«Պաշտպանության նախարարությունը զինվորներին և առհասարակ զինվորականներին չի բաժանում առաքելականի և աղանդավորի, նման բան չկա, անկետաները դա չեն ենթադրում, մարդկանց կրոնական հայացքների մասին տեղեկություն ստանալը և ձեր նշածը լրիվ այլ բաներ են»,- ասում է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Մարինե ԽԱՌԱՏՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Almast says:

    Զինվորների հոգևոր և քաղաքական դաստիրակություն բոլոր երկրներում բանակի անբաժանելի մասն է կազմում: Եվ պաշտպանության նախարարությունը իրավունք ունի հավատաքննություն անցկացնել, իմանալու այդ պահին բանակ զորակոչված զինվորի գլխում ինչ է կատարվում: Գատղնիք չէ որ շատ կրոնական կազմակերպություններ հակաազգային քարոզչություն են իրականցնում, որը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ որոշում կայացնելու վտանգավոր պահին: Իսկ ինչու Առաքելական եկեղեցին, որովհետև այն միակ եկեղեցին է, որը իր գոյության ողջ ընթացքում ապացուցել է իր ազգային արժեքների, պետության կողքին լինելու, զինվորի կողքին լինելու փաստը, ի տարբերություն նորածին կրոնական կազմակերպությունների, որոնք ոչ ապացուցելու բան ունեն, ոչ էլ կարող են դա անել: Պատկերացնում եք մեր բանակի վիճակը, եթե կեղծ հանդուրժողականության տակ ամեն մի կրոնական կազմակերպություն մտնի քարոզչություն անելու…….

  2. Զինվոր says:

    Ես այնքան ուրախացա այս նյութը կարդալուց, այ հիմա թող բոլորը համոզվեն որ մեր սարկավագները իրոք մեծ գործ են անում բանակում, աղանդավորները խառնվել են իրար։ «Սիրելի» աղանդաորներ փոխանակ մտածեք որ դուք ձեր սեփական ուժերով հասարակությունից ձեզ անջատում եք բողոքում եք, թե մեզ ուրիշ աչկով մի նայեք։ Ամոթա դուք հայ չեք մուսուլմանի չափել չկաք, ին՞չ հայրենասեր առանց հայրենիքը հայ պահող եկեղեցուն սիրելու,։ Դավաճաններ եք դուք ծնվել եք հայից իմացել ձեր պապերի հավատքի մասին ու ուրացել;

  3. Էդուարդ says:

    ԻՐԱԿԱՆ ԴԵՊՔ ԵՄ ՆԿԱՐԱԳՐՈՒՄ.

    «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհին, հենց առաջին օրը մտնելով դպրոցի 5-րդ դասարան, քանզի էդ էրեխեքը նոր սկսում էին անցնել էդ առարկան, ասում է` «Էստեղ կա՞ն աղանդավորական հավաքատեղիներ այցելող աշակերտներ, թող ոտքի կանգնեն»: Աշակերտներից մի քանիսը ոտքի են կանգնում և փորձում բացատրել, որ Ավետարանական Եկեղեցին, ուր իրենք հաճախում են, աղանդ չէ: Դեպքերի հետագա զարգացումը (ծնողների միջամտությունը և ուսուցիչների հետ շփումը) բաց թողնելով, ասեմ, որ այսօր` երկու տարի անց, այդ նույն ուսուցչուհին այդ դասարանից որպես օլիմպիադայի մասնակիցներ է ընտրել իր կողմից ժամանակին «աղանդավոր» պիտակին արժանացած երեխաներին այն պարզ պատճառով, որ նրանք Աստվածաշունչն անձամբ կարդալու արդյունքում առարկային ավելի լավ են տիրապետում, ի տարբերություն մյուսների: Եվ երեխաները շատ լավ են հանդես եկել: 🙂

    Ասելս այն է, որ հարգելի´ Ալմաստ և Զինվոր, և մյուսներ, ովքեր դեռ գուցե կգրեն այստեղ, ինչպես այդ «աղանդավոր» պիտակն ստացած երեխեքը բարձր պահեցին դպրոցի և իրենց հալածող ուսուցչուհու պատիվը, նույնպես և ձեր կողմից «աղանդավոր» հռչակված զինվորը ուս ուսի կանգնած է իր ընկերների կողքին ու հարկ եղած դեպքում գուցեև իր կյանքը վտանգի ընկերոջը փրկելու համար… Չեմ հասկանում` ինչու պետք է անպայման այդքան դաժան լինել ու մարդկանց ինչ-որ պիտակներ կպցնել… Զգուշությունը և բարությունը ձեզ ամենևին չեն խանգարի, մանավանդ որ կոմպետենտ չեք այս հարցի շուրջ որևէ կարծիք արտահայտելու կամ որևէ բան թելադրելու:

    Իսկ եթե որևէ մեկը ուզում է զարգացնել թեման, կխնդրեմ, թող նախ բարի լինի այստեղ հանգամանորեն ու լիովին հիմնավորված կերպով բացատրել, թե ինչ է նշանակում «աղանդ» և «աղանդավոր»: Հետո կտեսնենք, թե ով ինչ գիտի այս մասին, և արդյո՞ք ճիշտ գիտի…

    Հարգանքով` ……..

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031