Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Բաղդասարյան. «Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի «բաց ռեժիմով»

Հունվար 22,2015 14:37

«Դերասան Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի «բաց ռեժիմով»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատավարության ընթացքի և առաջադրված մեղադրանքի գնահատականը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը:

Այնուհետև մանրամասնեց. «Պատժաչափը, ըստ էության, կարևոր չէ, որովհետև նման սովորական անզգույշ ավտովթարի հետևանքով սպանության գործերով սովորաբար կիրառվում է պատժի բաց ռեժիմ»: Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանի համար մեղադրող դատախազը պահանջում է 6.5 տարի ազատազրկում:

Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացմամբ` «բաց ռեժիմն» այն է, որ կալանավորն առավոտյան 8-ից մինչև երեկոյան 8-ն ազատության մեջ է ու միայն երեկոյան պետք է ներկայանա, գրանցվի և մնա կալանավայրի բաց տարածքում։ Նա ունի տարվա ընթացքում 6 ամսվա արձակուրդի հնարավորություն. «Որպես կանոն այս դեպքերում անձը կարող է մեկ-երկու տարվա ընթացքում ազատ արձակվել: Նման կալանավորները համաներումով կամ վաղաժամկետ պայմանական ազատ են արձակվում»:

Այնուհետև պաշտպանը նշեց, թե արդեն դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան Վարդան Պետրոսյանին ապօրինի կալանքի տակ պահելու համար. «Հուսով ենք` Եվրոպական դատարանը, շուտով կարձագանքի, և մեր իշխանությունները, դատական համակարգը ստիպված կլինի ընդունել, որ նրանք առանց հիմքի և ապօրինի պահել են Վարդան Պետրոսյանին կալանքի տակ»:

Ինչպես տեղեկացրեց Նիկոլայ Բաղդասարյանը, հունվարի 23-ին կայանալիք դատական նիստին պաշտպանական ճառով հանդես են գալու Վարդան Պետրոսյանի փաստաբանները:

Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպան Մարի Դոզեն նշեց. «Մեղադրող դատախազի ճառում որևէ հիմնավորում չեմ տեսնում։ Այնպիսի տպավորություն է՝ կարծես այս մեկ տարվա դատական քննության ընթացքում ոչինչ չի արվել։ Վարդան Պետրոսյանին ուղղված մեղադրական ճառում չեմ տեսել որևէ տող կամ ստորակետ, որով հիմնավորվում և պատճառաբանվում է, թե ինչու է այդ պատժաչափը սահմանվել»:

Նիկոլայ Բաղդասարյանը մտահոգություն հայտնեց. «Վարդան Պետրոսյանին նախաքննության ժամանակ զրկել են պաշտպանության, ցուցմունք տալու, ցանկացած փաստարկ ներկայացնելու իրավունքից: Դա արվել էր դատավարական իրավունքների խախտումով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031