Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՄՁ ներկայացուցիչները նորից բողոքի ալիք կբարձրացնեն, եթե… (Տեսանյութ)

Հունվար 22,2015 13:49

ՓՄՁ շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունները միավորվել են մեկ նորաստեղծ կոնֆեդերացիայի մեջ, որը կկարողանա համատեղել բոլոր հ/կ-ների գործունեությունը եւ ավելի արդյունավետ կերպով լուծել խնդիրները։ Այս մասին այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում հայտնեցին կոնֆեդերացիայի անդամ կազմակերպությունների նախագահները։

«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը ներկայացրեց, որ կոնֆեդերացիայի անդամ կազմակերպությունները հիմա մեկ պահանջ ունեն՝ վերացնել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքով ամրագրված փաստաթղթավորման պահանջը. «Մենք բոլորս ոտքի ենք ելել շրջանառության հարկի մասին օրենքի դեմ։ Մենք տեսնում ենք, որ կառավարությունը պնդաճակատորեն առաջ է քաշում իր սկզբունքները՝ մինչեւ մեկ տոկոսը նվազեցված շրջհարկը եւ պարտադիր փաստաթղթավորումը։ Մեր հավաքի նպատակն է, որպեսզի կառավարությունը գնա զիջումների, որպեսզի փաստաթղթավորումը դառնա կամավոր եւ ձեռներեցներին ոչինչ չպարտադրեն»:

«Ոսկերչությամբ զբաղվող ՓՄՁ հայկական միավորում» հ/կ նախագահ Արմեն Բաբայանի խոսքով էլ՝ այս ամիսների ընթացքում փոփոխություն չի եղել հարկային դաշտում. «Առեւտրականները դեմ չեն պետությանը հարկ վճարելուն, սակայն պետք է այն լինի խելամիտ սահմաններում»:

Կոնֆեդերացիայի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչները շրջանառության հարկի մասին օրենքը վերանայելու համար նամակ են գրել կառավարությանը, սակայն դեռ պատասխան չեն ստացել։ Նամակում առաջ են քաշել այն հարցերը, որոնք դեռեւս հոկտեմբերի մեկից՝ օրենքի ընդունումից հետո, անհանգստացնում էին բոլոր ձեռներեցներին։ Պահանջում են, որպեսզի մեկ տոկոս հարկի դեպքում փաստաթղթավորումը լինի կամավոր սկզբունքով, իսկ 3,5 տոկոս շրջհարկի դեպքում` ընդհանրապես չլինի փաստաթղթավորում։
Ասում են, եթե մինչեւ հունվարի 26-ը իրենց նամակին ոչ ոք չպատասխանի՝ դուրս են գալու փողոց եւ պայքարելու են մինչեւ վերջ:

«Հայաստանի տոնավաճառներ» հ/կ նախագահ Գագիկ Դանիելյանն էլ բացատրում է, թե ինչու փաստաթղթաշրջանառությունը կարող է վնաս լինել ձեռներեցների համար: Օրինակ է բերում, որ եթե իր մոտից գողություն կատարեն եւ ինքը չունենա այդ ապրանքի կտրոնը, ապա հարկային տեսչությունից իրեն են տուգանելու. «Բացի այդ վարչապետը մեզ ասում է, որ այս կերպ իրենք խոշորին են մտցնելու դաշտ: Սա երազ է, ոնց որ իրենք չգիտեն, թե ով է խոշոր ներկրողը, ոնց որ ես չիմանամ իմ կնոջ անունն ինչ է»:

 

Մանրամասն` տեսանյութում

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur says:

    Կոնկրետ շրջանառության հարկի մասին օրենքը չի կարող գործել ոսկու շուկաներում,քանի որ ելնելով պայմաններից տաղավարի տարածքը կազմում է 0.6 քմ,որտեղ հնարավոր չէ կատարել փաստաթղթավորում:Առեվտրով զբաղվողները ապրենքը ձեռք են բերում ոչ թե պատրաստի վիճակում,այլ ամեն ոք իր հայեցողությամբ իր ճաշակով ընտրում է զարդի ոճը,քարերով ձևավորումը և հետագա դիզայնը,որի համար անցնում են մի քանի փուլերով:Օրինակ մեկ զարդի պատրաստման համար`,1.փաստաթուղթ ոսկու գնման համար,2.փաստաթուղթ ոսկերիչի կատարած աշխատանքի համար,3.փաստաթուղթ գունավոր քարերի ձեռք բերման համար,4.փաստաթուղթ ադամանդյա քարերի ձեռք բերման համար(որոնք կարող են լինել տարբեր չափերի և ձեռք բեռնվեն տարբեր վաճառողներից),5.փաստաթուղթ քար տեղադրող արհեստավորից,6.փաստաթուղթ ռոդիում,ոսկեջուր,7.հարկադրոշման փաստաթուղթ:Այս ցանկը կարելի է շարունակել նայած ոսկյա զարդի տեսակներից:Այս ամենը մեկ միավոր ապրանքի համար,իսկ մեկ տաղավարը կարող է ունենալ 200-300 կտոր ապրանք:Այս ամենը փաստաթղթավորելու,տեսակավորելու համար վաճառականը չի կարող հաշվապահական ճշտությամբ աշխատել և փաստաթղթավորել իր ապրանքը`աշխատանքը դարջնելով անհնարին,ժամանակատար և ծախսատար:Անխուսափելի կլինեն խախտումները:Ցանկացած ժամանակ տուգանքի և տույժի փաստի դիմաց կանգնեցնելով վաճառողներին,որը իր մեջ կոռուպցիոն ռիսկ է պարունակում հարկային մարմինների հետ համաձայնության գալու ժամանակ:Ապրանքի գինը հնարավոր չէ ֆիքսել,քանի որ գինը տատանվում է օրվա ընթացքում բորսաների արժեքներից,հետևաբար անհնար է դարձնում ֆիքսել վաճառողի շահույթը և վնասները:Օրինակ`ապրանքը ձեռք է բերվել թանկ ժամանակ 38$,վաճառքի պահին գները ցածր են 30$ և վաճառվում է այդ գնով,վաճառողը արդյոք շահույթ ունեցավ?Տուժվելով 8$ վաճառած 30$-ից գանձվում է հարկ,նույնը կարելի է դիտարկել ոսկու գնի բարձրացման դեպքում:Մտցնելով շրջանառության հարկի մասին օրինագիծը,այն բերելու է ոսկյա զարդերի ծառայությունների աշխատանքի գների թանկացման,պատրաստման բոլոր փուլերում,որը ոչ մրցունակ է դարձնելու ՀՀ-ում ոսկյա զարդերի գները:Անցած մի քանի տարիներին կատարված փոփոխությունների հետևանքով,աճել է ոսկյա զարդերի պատրաստման արժեքը:Նախկին միջին ասիական հանրապետություններից հաճախորդները,այլևս Հայաստանից ոսկի չեն գնում:Հայկական ոսկու շուկան գոյատևում է Ռուսաստանի հայ համայնքի գնորդների շնորհիվ,որոնք ժամանելով Հայաստան,նախընտրում են իրենց գնումները կատարել հայկական ոսկու շուկաներից:Փոփոխությունների արդյունքում արժեքի բարձրացման հետևանքով,մենք կկորցնենք նաև այդ շուկան:Տեղական գնորդները առևտրի շատ չնչին մասն են կազմում:Դրա հետևանքով առևտուրը կվերանա և իր հետեվից կբերի ԱՁ-ների և արտադրությունների փակման :

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031