Այսօր ԱԺ-ում Գյումրիի դեպքերի իրավական գործընթացների մասին խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն անդրադարձավ Գյումրիում տված իր տղամարդկային խոստմանը եւ այսպիսի հայտարարություն արեց. «Ես պետք է դիմեմ ՌԴ գլխավոր դատախազին, դա իմ պարտականությունն է: Իհարկե, դա կատարելու եմ: Բայց ես ասացի՝ դիմելը, միջնորդություններ ներկայացնելը չեն կարող ինքնանպատակ լինել, դրանք լինում են համապատասխան փուլում: Պատճառաբանված, հիմնավորված դիմում-պահանջ պետք է լինի: Իհարկե, դիմելու եմ, դա իմ պարտականությունն է, կատարելու եմ»:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցրեց. «Երբ դուք Գյումրիում հայտարարեցիք, որ անհապաղ կդիմեք ՌԴ գլխավոր դատախազին՝ հիմա դա զգացմունքային, էմոցիաների տակ արվա՞ծ հայտարարություն էր: Ասացիք՝ որպես տղամարդ հայտարարում եմ, դա ինքնանպատա՞կ էր, եթե հիմա էլ ասում եք, որ ինքնանպատակ չեք դիմի: Հետո այս օրերին գլադիատորական հայտարարություններ եղան, որ երկու ժամ առաջ արդեն գիտեինք, որ Պերմյակովը լքել է զորամասը: Բա որ գիտեիք, ինչի՞ չխանգարեցիք: Ի՞նչն էր խանգարում ՀՀ իրավապահներին ձերբակալել նրան: Քանի որ այս օրերին հնչեցին տարբեր հայտարարություններ սուգ հայտարարելու աննպատակահարմարության վերաբերյալ, նման հայտարարություն անողներին անվանում եմ անպարկեշտ, որոնք զբաղված են եղել քաղաքական սպեկուլյացիաներով եւ իրենց տերերի շահերը սպասարկելով»:
Գեւորգ Կոստանյանը ՌԴ գլխավոր դատախազին դիմելու հետ կապված ասաց. «Նախ, տիկին Զոհրաբյան, տղամարդկային հարթության մասին խոսելիս ոչ միայն տղամարդկային, այլեւ ես՝ որպես գլխավոր դատախազ պարտականություն ունեմ նման դիմումով հանդես գալու ՌԴ գլխավոր դատախազի առաջ: Ես դա կատարելու եմ: Մեր հասարակության մեջ աղավաղվում են տղամարդկային հատկության վերաբերյալ պատկերացումները: Պետք է ավելի զուսպ լինել: Ես երբեք չեմ դրժում իմ պարտականությունների կատարման հետ կապված որեւէ գործընթաց: Ես դիմելու եմ, բայց պետք է ունենամ անհրաժեշտ հիմքեր»:
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը դատախազից հետաքրքրքվեց՝ ժամը քանիսի՞ն են ռուսական բազայում տեղեկացել, որ այդ զինված տականքը լքել է զորամասը: Գեւորգ Կոստանյանը պատասխանեց, որ բոլոր հարցերը, որոնք վերաբերում են զորամասը լքելու ժամի, տեղի եւ այս խնդիրներին, դեռ քննարկվում են. «Այն հանգամանքը, թե ով առաջինը նկատեց, հայտնաբերեց, ով հայտնեց, պայմանավորված են ընթացակարգերով, իրավապահ մարմինների կողմից իրականացվել են փոխօգնության, փոխհամաձայնեցված միջոցառումներ: Ինչ վերաբերում է որ ժամին լքեց, որ ժամին եկավ, կարող եմ ներկայացնել, բայց չեմ կարծում, որ դա նպատակային է՝ քրգործի վարույթի հանգամանքները քննարկման առարկա դարձնել, որոնք դեռ քննության փուլում են, ստուգման եւ վերստուգման կարիք ունեն: Ես ձեռնպահ կմնամ այդ մասին խոսելուց»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ