Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյանը ԱԺ-ում՝ սրտի թրթիռների ու կսկիծների մասին

Հունվար 22,2015 13:17

Գյումրիի ողբերգական դեպքերի իրավական գործընթացների մասին այսօր ԱԺ-ում սկսվեցին լսումներ, որոնց մասնակցում է գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Օրակարգով նախատեսված էր, որ նա նախ կզեկուցի, հետո հարցեր կուղղեն պատգամավորները:

Գեւորգ Կոստանյանը զեկուցելու փոխարեն մոտ 20 րոպե խոսեց հայի զգացմունքների, ապրումների, հույզերի մասին, տարբեր ձեւակերպումներով նշեց, որ բոլորս նույն ցավն ենք ապրում եւ այլն: Նրա խոսքերով՝ «Միջազգային իրավական կարգավորումների դրույթներ կան եւ իմ գործառույթներն իրականացվում են նաեւ այդ հարթության վրա՝ անկախ նրանից՝ դա զգացմունքային պահանջմունքներին բավարարում է, թե չի բավարարում: Ես խնդրեցի, որ այդ հանդիպումը լինի բաց, հրապարակային, որպեսզի ներկայացնեմ այն իրավիճակը, այն կարգավորումները, որոնք կիրառելի են»:

Ըստ Կոստանյանի, «ցանկացած հայ մարդ չի կարող այդ զգացմունքները չունենալ, բայց դրանք պետք է դնել մի կողմ: Ես կկարողանամ ներկայացնել բոլոր այն դրույթները, որոնք մեկնաբանվում են տարբեր հարթություններում, քաղաքական հարթության, կենցաղային մակարդակով: Շատ դեպքերում ինձ համար կարեւոր է, որ նկատի ունենալով, թե սա բոլորիս ցավն է, բոլորս ենք վերապրում այս ցավը, բայց նպատակն այն է, որ կարողանանք բոլոր հարթություններում մեր հասարակությանն այնպիսի իրավիճակ, փաստարկված հանգամանքներով ներկայացնենք, որ դա խեղաթյուրված մեկնաբանությունների տեղիք չտա»:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հեգնեց նրան. «Ձեր զեկույցը զգացմունքների, սրտի թրթիռների, սրտի կսկիծների ու ցավերի մասին ոչ թե գլխավոր դատախազի, այլ հոգեւորականի զեկույց էր: Պիտի ներկայացնեիք հաշվետվություն, թե ինչ եք արել: Եթե սրտի կսկիծների, սրտի թրթիռների մասին լսելու կարիք ունենայինք, այստեղ կհրավիրեինք, հոգեւորականի»:

Կոստանյանը պատասխանեց, որ իր ներածական խոսքում հանդես եկավ այն նպատակով, որ ձեռնպահ մնանք զգացմունքային հարթության մեջ այս հարցը քննարկելուց. «Եթե նկատի ունեք, որ այստեղ պետք է հրապարակեի նախաքննության բոլոր գաղտնիքները, դուք նման ակնկալիք չպետք է ունենայիք: Ես պարտավոր եմ չհրապարակել նախաքննության գաղտնիքը, այստեղ չեմ պատրաստվում ներկայացնել քննչական գործողությունների պլանավորումն ու հետագա ընթացքը: Որովհետեւ դա որեւէ կերպ, անկախ հասարակակական պահանջից, ես դրանով կվնասեմ իրավական գործընթացին, գործի արդար քննությանը: Ես չեմ հրապարակելու նախաքննության գաղտնիք հանդիսացող որեւէ հանգամանք: Նման ակնկալիք չունենաք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031