Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը դիմում է բոլոր այն երկրների ղեկավարներին, որոնք ստացել են հրավեր մասնակցելու 2015 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի կողմից կազմակերպած միջոցառմանը՝ Գալիպոլիի (Չանակկալեի) ճակատամարտում Թուրքիայի տարած ինչ-որ հաղթանակի շուրջ, հայտարարելով, որ այն հակամարդկային է և նպատակադրված է տապալելու քսաներորդ դարում մարդկության դեմ գործած առաջին խոշորագույն ոճրի՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, որը ավանդաբար նշվում է ապրիլի 24-ին ողջ Հայ Ազգի ու առաջադեմ մարդկության կողմից:
Այս տարի ապրիլի 24-ին Հայաստանում ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառմանը մասնակցելու հրավեր ուղարկվել է բազմաթիվ երկրների ղեկավարներին և արդեն ստացվել են դրական պատասխաններ երկրների նախագահներից, ինչպես նաև Հռոմի Պապ Ֆրանցիսկոսից: Պարոն Էրդողանի վերոհիշյալ արձագանքն այդ հրավերին ԵՀՄՖ-ն համարում է վատ քողարկված ագրեսիա իր հարևանի նկատմամբ, շատ մեծ դիվանագիտական սխալ և Հայոց Ցեղասպանության դատապարտման կարևորությունը նսեմացնելու ապարդյուն և անփառունակ փորձ:
ԵՀՄՖ Նախագահությունը դիմում է բոլոր առաջադեմ երկրների ղեկավարներին խնդրանքով. ՄԻԱՍՆԱԿԱՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅ ԱԶԳԻ ՀԱՆԴԵՊ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՐՈՒՄ, ՈՐՊԵՍ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ԻՐԱԳՈՐԾՎԱԾ ՈՃԻՐ ԵՎ ՀԱՐԳԵԼՈՎ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ԶԵՐԾ ՄՆԱԼ ՆՐԱ ՀՐԱՎԵՐԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՑ:
Այս քայլով կնպաստենք ապագա ցեղասպանությունների կանխարգելման խիստ կարևոր գործին և կստիպենք այսօրվա Թուրքիային ետ կանգնել անցյալ իշխանությունների իրականացրած հանցագործությունները սատարելու և այդ հարցում նրանց իրավահաջորդը լինելու կարգավիճակից:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի
Նախագահություն
22.01.2015թ.
Պարզաբանում.
ԵՀՄՖ Նախագահությունը իրավունք է վերապահում իրեն պարզաբանել այդ “տոնակատարության” իմաստը փաստելով, որ այն նպատակ է հետապնդում
-պղծել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը և ժխտել 20-րդ դարի առաջին ցեղասպանության փաստը
-շարունակել և ավարտին հասցնել Օսմանյան կայսրության կիսատ թողած գործը, այն վերականգնելով նոր “նեոօսմանիզմի” գաղափարախոսության միջոցով:
Թուրքիայի ղեկավարությունը իր այս ցինիկ քայլերի շնորհիվ աշխարհի 100-ից առավել երկրների ղեկավարներին կանգնեցրել է երկընտրանքի առջև` ապրիլի 24-ին լինել կա’մ Թուրքիայում, կա’մ Հայաստանում, հետևաբար անցած տարի ապրիլին Էրդողանի կողմից հայությանն ուղղված ձևական և կեղծավոր կոչերից հետո նրա ներկայիս քայլը Հայաստանի և Առաջին համաշխարհային պատերազմում բազմաթիվ զոհեր տված պետությունների դեմ ուղղված դիվանագիտական պատերազմ հայտարարել է նշանակում:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը թրքական քաղաքական ղեկավարության գործունեությունը գնահատում է որպես բացահայտ հայատյաց, տարածաշրջանում անկայունություն սերմանող և անկանխատեսելի իրավիճակներ ստեղծող, հետևաբար կոչ ենք անում միջազգային նորմ հանդիսացող մարդու տարրական իրավունքները հարգող երկրների ղեկավարներին` հիմք ընդունելով իրենց կառավարությունների կողմից վավերացրած և ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման», ինչպես նաև «Մարդկության հանդեպ իրականացրած հանցագործությունների` ցեղասպանություն իրագործած հանցագործություն կատարողների հանդեպ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիաները` զերծ մնալ Հայ Ազգի 2 միլիոնից առավել մարդկանց ցեղասպանության ենթարկված զոհերի 100-ամյա հիշատակի հանդեպ վիրավորական հանդիսացող թրքական կառավարության հետ համատեղ 2015 թվականի ապրիլի 24-ին արհեստածին «տոնին» մասնակցելուց:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը
ՀԻՇԵՑՆՈՒՄ Է
100 տարի առաջ` 1915–1923թթ. ընթացքում ցեղասպանության ենթարկվելու արդյունքում ոչ միայն Հայ Ժողովուրդը կորցրեց իր զավակներին` այլ ողջ մարդկությունը կրեց մեծ կորուստներ, քանի որ 2 միլիոն կոտորված հայերի մեջ էին և դեռ նրանցից պետք է ծնվեին առաջադեմ մարդկության սեփականություն հանդիսացող նոր Արամ Խաչատրյաններ, նոր Արշիլ Գորկիներ, նոր Շառլ Ազնավուրներ, համաշխարհային խոշոր գիտնականներ, ճարտարագետներ, գործարարներ, բարեգործներ, մշակութային մեծ ճանաչում ունեցող գործիչներ…
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի Նախագահությունը գտնում է, որ հենց 2015 թվականի ապրիլի 24-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում` հենց Ծիծեռնակաբերդում Հռոմի Պապի, Ֆրանսիայի Նախագահի նախօրոք հայտարարված մասնակցությամբ և նրանց հետ մեկտեղվելով համաշխարհային մեծ ճանաչում ու դերակատարություն ունեցող այլ պետական, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈՉ ԿԱՍԵՆ ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ԻՐԱԳՈՐԾԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՅՏՆԵՆ ՆԱԽՈՐԴ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՐԵՆ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ ԱՊԱԳԱ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽԻՍՏ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ: