Քիչ առաջ ԱԺ-ում սկսվեցին խորհրդարանական լսումները Գյումրիի ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացի մասին: Ընդ որում, ինչպես սպասելի էր՝ սկսեց շատ թեժ: Կրքերը բորբոքված էին:
Նախ` հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել Ավետիսյանների հիշատակը: Հետո «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խնդրեց լսումներն անցկացնել աշխատանքային նորմալ պայմաններում:
Բանն այն է, որ ԱԺ 334 սենյակում ոչ միայն նստելու, այլ նույնիսկ կանգնելու տեղ չկար: Հասարակության կողմից հետաքրքրությունը մեծ է, եւ ԶԼՄ-ները աշխատում են ոտքի վրա:
Կարդացեք նաև
Զարուհի Փոստանջյանն առաջարկեց, որ տեղափոխվեն նիստերի դահլիճ, սակայն Հովհաննես Սահակյանը չհամաձայնեց՝ ասելով, որ դա ժամանակ կխլի, դատախազն արդեն այստեղ է:
Հետո բորբոքվեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը. «Դուք սա անում եք ընդամենը գալչկայի համար: Դուք օրակարգ եք մշակել, 1 ժամ 20 րոպեում ուզում եք այսպիսի լուրջ հա՞րց քննարկել: Ինչո՞ւ նախատեսված չեն ելույթներ, ես կարող է հարց եմ տալիս դատախազին, գլխավոր դատախազի պատասխանն ինձ չի բավարարում, ես ուզում եմ իմ ելույթով իմ տեսակետը հայտնել»:
Հովհաննես Սահակյանն արձագանքեց. «Չստիպեք ինձ, որ ես իմ՝ նիստը վարողի իրավասությունները կորցնեմ: Մենք բոլորս այստեղ հավասար ենք: Մեր բոլորիս գերխնդիրն է, որ այս ոճրագործության բոլոր հարցերի պատասխանները ստանանք, իմանանք, թե ինչպես եւ ինչու տեղի ունեցավ այս ոճրագործությունը: Խնդրում եմ քաղաքական շոուների բեմահարթակ այս լսումները չդարձնե՛լ: Ես դա թույլ չեմ տա»:
Հետո միջամտեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա ասաց, որ «շատ արհեստական լարվում է մթնոլորտը, քանի որ շատ տրամաբանական հարց է տրված: Այն, որ այս մթնոլորտում է արվում, նշանակում է քննարկման համար չի արված, նույնիսկ հակահիգիենիկ վիճակ է սա: Ձեր այդ տոնը, որ իմ իրավունքներից օգտվեմ, ես էլ իմ իրավունքներից կօգտվեմ ու այնպես կանեմ, որ ընդհանրապես չանցնի սա: Պետության մեջ ողբերգություն է կատարվել եւ պարտավոր ենք մեր խոսքը ասել: Առաջարկում եմ տեղափոխվել նիստերի դահլիճ, այլապես այս շոու դուք եք կազմակերպել: Եվ դասեր չտա՛ք ընդհանրապես»:
Հովհաննես Սահակյանը տեղի չտվեց:
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ