Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Բախշյանը՝ Գյումրիի սպանդի մասին. «ՀՀԿ-ն կուռկուռի ձագ է դարձել»

Հունվար 22,2015 12:40

«ՀՀ գլխավոր դատախազի տղամարդու խոսքը, որ ինքը անպայման ՌԴ գլխավոր դատախազին համապատասխան նամակով կդիմի՝ այդպես էլ չկա: Սա պատիվ չի բերում տղամարդուն, որն ասում է՝ տղամարդավարի խոսք եմ ասում: Մինչև նամակը չտեսնենք, որ դատախազը պաշտոնապես հայտարարություն տարածի, պատճենը մինչև չտեսնենք, չենք հավատա»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Ի պատասխան ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանն ասաց. «Միգուցե նամակ գրել է, մենք կանգնենք ասենք, թե չի՞ գրել:Դատախազությունը այս պահին ավելի քիչ անելիք ունի, քան մյուս կառույցները: Դատախազությունը քննություն իրականացնող մարմնի վրա վերահսկողություն իրականացնող մարմին է: Բայց մենք ականատես եղանք այն պայմանավորվածության, որ համատեղ մարմին է ստեղծվում: Ես կարծում եմ, որ համատեղ քննություն է պետք»:

Նա նշեց, թե պետք է փորձենք այս ողբերգությունից դասել քաղել ու սառը դատել. «Պիտի ամեն ինչ անել, որ գործը ամբողջության մեջ և արդարացիորեն բացահայտվի: Համատեղ ուժերով ավելի ճիշտ է: Բա որ հանկարծ այդ ճիվաղին տան մեզ ու այդ տղայի սիրտը ճաքի, մեզ վրա է ընկնելու պատասխանատվությունը»:

Տիկին Բախշյանը անդրադարձավ այն հորդորներին, թե պետք չէ քաղաքականացնել հարցը ու մասնավորապես ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությանը. «Բոլոր այն հորդորները, թե քաղաքականացնել պետք չէ այս հարցը, կամ հանդուրժողականության մասին, այս բոլորը ավելորդ գրգռում են ժողովրդին: Կատարվել է հանցագործություն, որի անունը ես դնում եմ ահաբեկչություն, դա ինձ համար հոկտեմբերի 27-ին զուգահեռ բան է: ՌԴ ԱԳ նախարար, եթե դու ասում ես, թե սա քաղաքական հարց չէ, ապա ինչո՞ւ ես դու այդպես նեղացած պատասխանում, եթե պատասխանում ես, ուրեմն սա քաղաքական խնդիր է: Չեմ հասկանում մեր պետության վախվորած կեցվածքը: Այսօր ՀՀԿ-ն վախվորած կուռկուռի ձագ է դարձել, սիրտս ցավում է, քանի որ իմ ամուսինը այդ կուսակցության հիմնադիրներից է: Ինչո՞ւ ՀՀԿ-ն չի պաշտպանում մեր պետության և ազգի արժանապատվությունը»:

Անահիտ Բախշյանը մտահոգություն հայտնեց, թե «ինչ-որ մեքենա է աշխատում, որ հայ ժողովրդի բոլոր խնդիրները միաժամանակ սրի, վերքին աղ ու բիբար լցնի ու այս ժողովուրդը գլուխը կորցնի: Տեսնում եք սահմանին ինչքան զինվորներ են զոհվում, այնտեղ Ղարաբաղի հարցն է մնացել»:

Մկրտիչ Մինասյանը հարցին ի պատասխան՝ ո՞ւմ ձեռքի գործն է սա և ո՞ւմ էր դա ձեռնտու, պատասխանեց. «Ի սկզբանե սա հայ և ռուս ժողովուրդների հարաբերությունների միջև սեպ խրելու նպատակ ուներ: Բայց, ըստ էության, սա իրավական խնդիր է: Ուստի համակողմանի քննություն է պետք՝ իմանալու՝ ինչո՞ւ, ո՞վ և ո՞ւմ միջոցներով է կատարվել ու ի՞նչ պատիժ պիտի կիրառվի հանցագործների նկատմամբ: Քնած երեխայի սրախողխող անելը թուրքի ձեռքի գործ է: Համոզված եմ, որ քննությունից հետո բոլոր մեղավորները պատասխան են տալու, և ամենամեղմը լինելու է աշխատանքից ազատումը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031