Հատված Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ հարցազրույցից:
– Կարծիքներ կան, որ Հայաստանի ամենառուսասեր քաղաք Գյումրիում փոխվել է վերաբերմունքը ռուսների նկատմամբ, գյումրեցիները սկսել են չվստահել ռուսներին՝ նրանց մեջ մարդասպաններ տեսնելով։
– Ես 54 տարեկան մարդ եմ և կարող եմ ասել, որ մեր քաղաքում ռուսների նկատմամբ միշտ էլ հարգանք ու վստահություն է եղել, Գյումրիում 3 ռուսական եկեղեցի կա, քաղաքում շատ լուրջ ռուսական հետք կա. քաղաքաշինությունից սկսած՝ մինչև մշակույթ։ Մի ոճրագործի, մի վիժվածքի պատճառով տարիներով ձևավորված վերաբերմունքը չի փոխվում։ Ռուսաստանի բանտերում էլ շատ հայ մարդասպաններ կան, վիժվածքներ կան նստած, ի՞նչ է, դրանց պատճառով ռուսները սկսեն հայերին թշնամանքո՞վ վերաբերվել, համարեն, որ հայերը հանցագործ մարդասպաննե՞ր են։
Ռուսներն այստեղ են եկել մեզ պաշտպանելու համար, մենք իրանց կարիքը զգում ենք։ Ու առաջին հերթին՝ այս դեպքն ուղղված էր ռուսների դեմ. ո՞ր մի ռուսը կուզենար, որ նման բան տեղի ունենար։ Սա ավելի շատ ձեռնտու էր դրսի ուժերին, որ այստեղ մթնոլորտը թունավորեն, հային ու ռուսին իրար դեմ հանեն։ Մթնոլորտը մի քիչ կհանդարտվի, բոլորն էլ դա կհասկանան։
Կարդացեք նաև
– Գյումրեցիները մեղադրում են Հայաստանի իշխանություններին, որ նրանք չեն փորձում պաշտպանել իրենց իրավունքները և ավելի շատ առաջնորդվում են ռուսական կողմի հրահանգներով։
– Կարո՞ղ եք ասել, թե ինչ պետք է անեին իշխանությունները, որ չեն անում։ Կարելի է իշխանությունների վրա ցեխ շպրտել, նրանց ամեն ինչի մեջ մեղադրել, բայց ինչ որ պետք էր, նրանք արեցին և շարունակում են անել։ Դուք մի նայեք էն մարդկանց, էն քաղաքական թափթփուկներին, որ ուզում են մարդկանց սգի վրա քաղաքական դիվիդենտներ շահել։ Մարդիկ սգի մեջ են, էդ տականքները երիտասարդությանը տանում են ռուսական ռազմաբազայի վրա. ի՞նչ էին ուզում, որ 6-ը 6 հազար դառնար։ Պարզ չի՞, որ դրանք շպիոններ են, որոնք երրորդ երկրների շահերով են առաջնորդվում ու ուզում են սեպ խրել հայ և ռուս ժողովուրդների բարեկամության մեջ։ Սրանք մարդկանց սգի վրա էլ են ուզում փող աշխատել, դրանցից պետք է հեռու մնալ, ոչ թե դրանց ասածները կրկնել։
Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում