Քիչ առաջ նախագահական նստավայրի մոտից շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվեց մի ցուցարար: Նա Աշոտ Առուշանյանի մորաքույրն է՝ Գայանե Ավետիսյանը: Նրա ինքնազգացողությունը վատացել է հացադուլի պատճառով:
Հիշեցնենք, որ նախօրեին Առուշանյանների ընտանիքը հացադուլ էր սկսել արդեն 3 տարի անազատության մեջ գտնվող HSBC բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանի համար, որը գողությանն աջակցելու մեղադրանքով 5 տարվա ազատազրկման է դատապարտված:
Բացի Աշոտ Առուշանյանի մորաքրոջից, վատացել էր նաեւ նրա հորաքրոջ հարսը՝ Գոհար Նալբանդյանը, որին շտապօգնության աշխատակիցները առաջին օգնություն ցուցաբերեցին տեղում: Գոհար Նալբանդյանը հրաժարվեց հիվանդանոց տեղափոխվելու առաջարկից:
Կարդացեք նաև
Առուշանյանի հարազատները դժգոհում են, որ չնայած իրենք արդեն մի քանի օր նախագահականի մոտից չեն հեռանում ու հացադուլի մեջ են, բայց իրենց պահանջները դեռ իշխանության որեւէ ներկայացուցիչ չի լսել:
Առուշանյանի հորեղբայրը՝ Սեյրան Առուշանյանը, միայն պատմեց, որ նախագահի աշխատակազմի ղեկավարը իրենց տեղեկություն է ուղարկել, որ առաջիկա օրերին հնարավոր է նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում կազմակերպվի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ