Վերջին օրերին սահմանից եկող լուրերը նմանվում են պատերազմական ամփոփագրերի։ Այս տարվա առաջին օրերի ընթացքում հայկական կողմը արդեն ինը զոհ է ունեցել, անընդհատ խոսվում է հակառակորդի դիվերսիոն փորձերի, մարտերի, փոխհրաձգությունների մասին։
Սահմանում ինչ-որ բան կատարվում է, եւ պետք է հասկանալ, թե ինչ։ Իսկ հասկանալու անհրաժեշտություն կա՝ նախորդ տարեվերջի եւ այս տարվա սկզբի իրադարձությունների ֆոնին։ Հատկապես հայկական ուղղաթիռի խոցումից հետո հայկական զինված ուժերի ներկայացուցիչները խոսում էին Ադրբեջանին համարժեք կամ նույնիսկ համարժեքից էլ մի բան ավել հակահարվածներ հասցնելու մասին։ Մինչեւ հիմա հանրությունը կարծես ոչ մի տեղեկություն չունի՝ այդ համարժեք պատասխանները եղե՞լ են, թե ոչ։
Եթե եղել են, ինչո՞ւ է հակառակորդը իրեն շարունակում լկտի պահել եւ ի՞նչ պլան ունի հայկական կողմը համարժեք պատասխաններից հետո հակառակորդի շարունակական լկտիությունը կասեցնելու համար։ Կամ գուցե հիմա այդ համարժեք պատասխանների շրջանակներում հայկական կողմը գործողություննե՞ր է իրականացնում եւ ա՞յդ պատճառով են գրեթե ամենօրյա ռեժիմով զոհերի մասին տեղեկություններ ստացվում։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չկան, ու այդ պատասխաններն ունենալու հնարավորությունները կարծես ավելի են սահմանափակվում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում