Բուդաղյանների գործով երեկվա նիստում վկա Զարզանդ Նիկողոսյանը (լուսանկարում) հանդես եկավ հայտարարությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես ասվում էր, որ 2014 թ. նոյեմբերի 26-ի նիստում, «տեսագրության դիտման ժամանակ պ-ն Ալումյանը փորձում էր իրեն համար ցանկալի ձևով մեկնաբանել դեպքի վայրում տեղի ունեցող իրադարձությունները: Այսինքն, պ-ն Ալումյանը չի խորշում, փաստերը խեղաթյուրում է և դրանք ի վնաս ինձ ու Տիգրան Խաչատրյանի օգտագործում: Ավելի մանրամասն կարող եմ այդ մասին ասել, եթե ինձ տրվի 2014 թ.նոյեմբերի 26-ի նիստի ձայնագրությունը:
Ես համոզված եմ, որ իմ ցուցմունքները նույն ճակատագրին են արժանանալու: Իմ ասած ցանկացած բառ նա օգտագործելու է իմ դեմ: Մինչդեռ այս գործով ոչ մի ցուցմունք չի կարող փոխարինել տեսագրություններում արձանագրվածը: Ես չեմ ցանկանում Ալումյանին նոր հնարավորություն տալ շահարկելու դատարանում տված իմ ցուցմունքները և խեղաթյուրված ձևով մեկնաբանելու դրանք: Ես սպանություն չեմ կատարել»:
Այնուհետև Զարզանդ Նիկողոսյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է հեռուստատեսությամբ, ամբողջ Հայաստանի առջև ապացուցել, որ պ-ն Ալումյանը «խեղաթյուրում է փաստերը` սխալ ներկայացնելով և մեկնաբանելով դրանք կամ լռության մատնելով ինձ արդարացնող բազմաթիվ ապացույցները: Դրա համար անհրաժեշտ է, որ պ-ն Ալումյանը համաձայնվի մասնակցել այդպիսի հեռուստահաղորդմանը»:
Ընդմիջումից հետո, երբ դատական նիստը շարունակվեց, Զարզանդ Նիկողոսյանը հրաժարվեց 2014 թ. նոյեմբերի 26-ի նիստի ձայնագրությունը կրիչի վրա ունենալուց:
Կարդացեք նաև
Դրանից հետո գործով վկան պատասխանեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի հարցերին: «Մինչև Ավետիք Բուդաղյանի գետնին ընկնելը ով ինչ գործողություն էր կատարում, նկարագրեք: Հիշեք՝ ով ինչ էր անում, այդ ժամանակամիջոցում ով ում վրա էր կրակում»,- հարցնում էր Հ. Ալումյանը: «Չեմ հիշում»,-պատասխանում էր Զարզանդը:
Իսկ այն հարցին, թե փայլատակող կրակոցը ում կողմից էր, Զարզանդ Նիկողոսյանն պատասխանեց` փայլատակող կրակոցը իմն էր: Այդ կրակոցի պահին Ավետիք Բուդաղյանը մեջքով դեպի Զարզանդն էր, Հ. Ալումյանին հետաքրքրեց այդ կրակոցի իմաստը: Վերջինս պատասխանեց, որ դա արել է նրան վախեցնելու համար:
Զարզանդ Նիկողոսյանից հետո հարցաքննվեց գործով վկա Տրդատ Խաչատրյանը՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին: Դատավորը նրան հարցրեց` ինչ կարող ես հիշել, ինչ է կատարվել այդ օրը: Տրդատ Խաչատրյանն ասաց, որ շատ բան չի հիշում, այդ օրվանից անցել է 1 տարի 7 ամիս: Հիշում էր՝ տանն էր, Արտակ Բուդաղյանը իջավ մեքենայից, սպառնալիքներ , հայհոյանքներ հնչեցրեց իրենց հասցեին, ասում էր՝ կկրակեմ, կոչնչացնեմ ձեզ, հետո կրակոցներ, վիրավորներ:
Հայկ Ալումյանը հարցրեց` կրակոցների ժամանակ եղե՞լ են կանանց հուզված գոռգոռոցներ, կանանցից մեկը թե` Տիգրան, բոյդ թաղեմ, մյուսն էլ թե` մի կրակիր, այդ գոռգոռոցները հիշո՞ւմ ես: «Ոչ»,-եղավ Տրդատի պատասխանը:
«Ձեր հորը տեղեկացրի՞ք դեպքի մասին»,-հարցրեց Հ. Ալումյանը: Տրդատ Խաչատրյանը պատասխանեց, որ հորը` Սուրեն Խաչատրյանին դեպքի մասին չեն տեղեկացրել, քանի որ այդ ժամանակ իրենք խառնված են եղել , վիրավորներին տարել են հիվանդանոց, իսկ հայրը քնած է եղել:
Հայկ Ալումյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց հրապարակելու Տրդատ Խաչատրյանի նախաքննական մարմնին տված 1-ին և 2-րդ ցուցմունքները, գտնելով, որ էական հակասություններ կան:
Դատարանը բավարարեց Հ. Ալումյանի միջնորդությունը և մեղադրողը հրապարակեց 2 ցուցմունքները :
Բուդաղյանների գործով վկաներ Զարզանդ Նիկողոսյանի և Տրդատ Խաչատրյանի հարցաքննությունն ավարտվեց: Դատաքննությունը կշարունակվի հունվարի 30-ին: Այդ օրը կհարցաքննվի Սուրիկ Խաչատրյանի մյուս որդին՝ Տիգրան Խաչատրյանը:
Ալվարդ ՄԵՍՐՈՊՅԱՆ