Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բացառված չէ, որ Պերմյակովի հանցակիցները՝ կազմակերպիչները, դրդողները, օժանդակողները, նույնպես զինվորականներ են

Հունվար 22,2015 12:00

Բացառված չէ, որ օտարերկրյա ծառայությունները նրան հավաքագրել են ՌԴ-ում
եւ Հայաստանի Հանրապետություն ուղարկել նպատակային, այս հանգամանքները
կարող է բացահայտել ռուսական կողմը:

Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքի առնչությամբ կրքերը բորբոքվում են, բանը հասել է նրան, որ բողոքողներն անարգեցին Ռուսաստանի Դաշնության պետական դրոշը, ոստիկանները ուժ գործադրեցին ժողովրդի նկատմամբ, վրա հասան վտանգավոր հետեւանքները եւ խնդիրը քաղաքականացվեց:

Կարծում եմ, աղմկահարույց այս միջադեպերը տեղի չէին ունենա, եթե պատկան մարմինները եւ պետական այրերը հանրությանը պարզաբանեին ծագած բարդ հանգամանքները, ինչպես նաեւ դրանց գրագետ եւ արդարացի լուծման բանաձեւը: Բողոքողները պահանջում են հանցանքը կատարած արտերկրի քաղաքացուն պատժել մեր օրենսդրությամբ: Հիշյալ իրավական բնույթի խնդրին դեռեւս պաշտոնապես չեն պատասխանել, փոխարենը ասում են. «Տականքը ազգային պատկանելություն չունի» եւ այլն:

Հիմա դիտարկենք հայտնի հիմնահարցի էությունը:

Դեպքի ֆաբուլան բոլորս գիտենք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինվորական բազայի զինծառայող Վ. Պերմյակովը դիսլոկացիայից դուրս Գյումրի քաղաքում իրեն ամրակցված ինքնաձիգի գործադրմամբ կյանքից զրկել է 7 մարդու, այնուհետեւ, փորձել է հատել հայ-թուրքական պետական սահմանը, որտեղ բռնվել է ռուս սահմանապահների կողմից եւ տեղափոխվել զինբազա: Նկատենք, որ այդ դեպքով միաժամանակ քրեական հետապնդում են սկսել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության քրեական հետապնդում իրականացնող մարմինները, ըստ որում՝ ռուսական կողմի դատարանը Պերմյակովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը, կայազորի քննչական կոմիտեն նրան ներգրավել է որպես մեղադրյալի եւ մեղադրանք առաջադրել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2-րդ եւ 338 հոդվածի 2-րդ մասերի հատկանիշներով՝ երկու եւ ավելի անձի դիտավորյալ սպանություն եւ դասալքություն զենքով:

Ֆաբուլայում մենք հանդիպեցինք քաղաքացիություն, տարածք բառակապակցությանը, դրանք կամ այդ հասկացությունները վերաբերում են քրեական իրավունքի տեսության քրեական օրենքի ներգործությունը տարածության մեջ ինստիտուտին, ըստ որի՝ քրեական օրենքը գործում է որոշակի տարածության սահմաններում եւ Քրեական օրենսգրքով ամրագրված են օրենքը գործելու սկզբունքները: Դրանք են՝ տարածքային, քաղաքացիություն, դիվանագիտական իմունիտետի (անձեռնմխելիություն), հատուկ միսիայի (հատուկ ռեժիմ), ռեալ (իրական), ունիվերսալ (բազմակողմ) եւ հանցանք կատարած անձին հանձնելը:

1. Տարածքային սկզբունքը

Սկզբունքը նշանակում է որոշակի տարածքում նրա ուժի տարածվածություն, անկախ հանցագործություն կատարող անձի պետական պատկանելությունից եւ արտահայտում է պետության՝ իր տարածքում հանցագործություն կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու ինքնիշխանությունը: Սկզբունքը կապված է հանցագործության կատարման տեղի հետ, ըստ որի՝ կատարման տեղ է համարվում ոչ միայն այն պետությունը, որի տարածքում կատարվել է գործողությունը, այլեւ հանցավոր հետեւանքների առաջացման վայրը: Հանցանքը հանցակցությամբ կատարելու պարագայում կատարման տեղը այն պետության տարածքն է, որտեղ հանցակիցը իրականացրել է իր հանցավոր դերը (կարծում եմ, Պերմյակովը հանցանքը կատարել է հանցակցությամբ եւ եթե սահմանապահները նրան չբռնեին եւ նրան հաջողվեր անցնել Թուրքիա, ծրագրված հանցագործությունը կավարտվեր բարեհաջող, ռուս սահմանապահների կողմից հանցագործին բռնելու մասին նախատինքները լրիվ անհեթեթություններ են եւ եթե նրանք Պերմյակովին չչեզոքացնեին, մեծ սկանդալ էր լինելու: Թող մեր՝ ժողովրդի ականջը կտրող ուժայինները բռնեին, եթե կարող էին):
Տարածքային սկզբունքին համապատասխան, ՀՀ քրեական օրենսգրքի թիվ 14 հոդվածի 1-ին մասում ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով (դրա մեջ մտնում են ՀՀ քաղաքացիները, արտերկրի քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք): Այսպիսով՝ արտերկրի քաղաքացի (Ռուսաստանի Դաշնության) Պերմյակովը, ով հանցանք է կատարել Հայաստանի Հանրապետության տարածքում (հանցանքը սկսվել եւ ավարտվել է), ենթակա է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:

2. Քաղաքացիության սկզբունքը

Սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ ՀՀ քաղաքացիները եւ ՀՀ-ում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր հանցագործություն են կատարել Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, ենթակա են քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե նրանց նկատմամբ այդ հանցագործության համար չկա արտերկրի դատարանի որոշումը (ՀՀ քրեական օրենսգրքի թիվ 15 հոդվածի 1-ին մաս):

Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսդրությամբ այս դրույթը նույնպես ամրագրված է Քրեական օրենսգրքի թիվ 12 հոդվածի 1-ին մասով:

3. Հատուկ միսիայի (հատուկ ռեժիմի) սկզբունք

Սկզբունքով կարգավորվում է փոխադարձ համաձայնությամբ մի պետության կողմից ուրիշ պետության տարածքում տեղակայված ռազմաբազայի զինծառայողների կատարած հանցագործությունների պատասխանատվության կարգը: Մեր օրենսդրությամբ այս հանցակազմը նախատեսված չէ, իսկ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի թիվ 12 հոդվածի 2-րդ մասում ամրագրված է, որ ՌԴ սահմաններից դուրս տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինվորական մասերի զինծառայողների կողմից արտերկրի պետության տարածքում կատարած հանցանքը ենթակա է քրեական պատասխանատվության ՌԴ քրեական օրենսգրքով, եթե ՌԴ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Ի դեպ, սկզբունքն ունի բացառություն՝ մեկնած պետության տարածքում զինվորականների կատարած հանցագործությունները ՌԴ քրեական օրենսգրքով լուծվում է այն դեպքում, եթե հանցանքը ուղղված է Դաշնության, նրա քաղաքացիների շահերին կամ զինվորական ծառայության դեմ: Նկատենք, որ հիշյալ բացառությունը շեշտադրված է նաեւ «Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կարգավիճակի մասին» 21.08.1992թ. համաձայնագրում, ըստ որի՝ ՀՀ տարածք մեկնած զորքի հետ կապված իրավական հարցերը կարգավորվում են հետեւյալ կարգով.
զորքի (ուժի) կազմում գտնվող անձանց եւ նրանց ընտանիքի անդամների կողմից տեղակայանից (դիսլոկացիայից) դուրս կատարած հանցագործությունների եւ զանցանքների գործերով կիրառվում (գործածվում) է ՀՀ օրենսդրությունը, գործում են նրա դատարանը, դատախազությունը եւ այլ իրավական մարմինները,
նրանց կողմից տեղակայանի (դիսլոկացիայի) տեղում կատարած հանցագործությունների եւ զանցանքների կամ ծառայողական պարտականությունները կատարելիս, ինչպես նաեւ զինվորական ծառայության դեմ հանցագործությունների գործերով կիրառվում է ՌԴ օրենսդրությունը, նրա դատախազությունը, դատարանը եւ այլ կազմակերպությունները (պայմանագրի թիվ 19 հոդված):

Ռուսաստանի Դաշնության քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից Պերմյակովի նկատմամբ քրեական հետապնդում սկսելը եւ Դաշնության օրենսդրությամբ դատավարական գործողություններ իրականացնելը՝ քրեական գործի հարուցում, կալանավորում, մեղադրանք առաջադրել եւ այլն, օրինական է, բխում է հատուկ միսիայի սկզբունքից, ինչպես նաեւ ՌԴ եւ ՀՀ միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում զորքի տեղակայման պայմանագրի դրույթներից: Բանը նրանում է, որ Պերմյակովը զորքի դիսլոկացիայի տեղում ինքնակամ լքել է զորամասը, այսինքն՝ կատարել է ՌԴ շահերին ուղղված կամ զինվորական ծառայության դեմ հանցագործություն՝ դասալքություն զենքով:

Հաջորդը՝ դասալքության գործով, կարծում եմ, կմեղադրվեն զինվորական ծառայության ներքին կանոնադրությունը խախտած այլ զինվորականներ, բացառված չէ, որ Պերմյակովի հանցակիցները՝ կազմակերպիչները, դրդողները, օժանդակողները, նույնպես զինվորականներ են: Այս պարագայում նույնպես գործելու է ՌԴ օրենսդրությունը, ուստի քրեական գործով համատեղ քննություն կատարելու գաղափարը ճիշտ է, դրանով կապահովվի քննության օբյեկտիվությունը եւ բազմակողմանիությունը (օրինակ, արտաքուստ թվում էր, որ Պերմյակովը հանցանքը կատարել է թմրամիջոցների կամ ալկոհոլ օգտագործած վիճակում կամ հոգեպես խանգարված է, սակայն երբ ռուսական կողմը նրա ծննդավայրում հարցաքննեց հարազատներին, ընկերներին, մտերիմներին, պարզվեց, որ նա լավ էլ ֆիզիկական մեղսունակ անձ է: Այս հանգամանքի ճշտումը հիմք է տալիս ենթադրելու, որ հանցագործության դրդապատճառն ու նպատակը այլ են եւ գործ ունենք ծրագրված հանցագործության հետ (բացառված չէ, որ օտարերկրյա ծառայությունները նրան հավաքագրել են ՌԴ-ում եւ Հայաստանի Հանրապետություն ուղարկել նպատակային, այս հանգամանքները կարող է բացահայտել ռուսական կողմը):

Իմ պատկերացմամբ՝ դասալքության գործը պետք է միացնել ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվող սպանության գործին, պարտադիր գործի վարույթը իրականացնող քննչական խմբում ներգրավելով կայազորի քննչական կոմիտեի քննիչներին, իսկ զորքի դիսլոկացիայից դուրս կատարած սպանության եւ պետական սահմանը հատելու փորձ կատարելու նրա հանցանքը ենթակա է պատասխանատվության ՀՀ օրենսգրքով, գործելու է մեր դատարանը, դատախազությունը եւ այլ իրավական մարմինները (21.08.1992թ. պայմանագրի թիվ 19 հոդված):

4. Հանցանք կատարած անձին հանձնելը սկզբունքը

Հանցանք կատարած անձանց հանձնելը ինստիտուտը (էքստրադիցիա) նշանակում է հանցագործություն կատարող անձին, պետությունը, որի տարածքում նա գտնվում է, հայցող կամ խնդրատու պետությանը հանձնելը: Վերջինս կամ խնդրատուն կարող է լինել պետությունը, որի քաղաքացին է հանցագործություն կատարողը, կամ այն պետությունը, որի տարածքում կատարվել է հանցանքը, ինչպես նաեւ միջազգային նորմերին համապատասխան հայցման իրավունք ունեցողները: Նկատենք, որ միջազգային նորմերը սահմանել են կարգ, ըստ որի՝ սեփական քաղաքացուն չեն հանձնում խնդրատու պետությանը, որի տարածքում կատարել է հանցագործությունը: Հիշյալ սկզբունքի համաձայն, այլ պետությունում հանցանք կատարած ՀՀ քաղաքացուն ուրիշ պետության չեն հանձնում (ՀՀ քրեական օրենսգրքի թիվ 16 հոդված): Սկզբունքը ամրագրված է նաեւ ՌԴ քրեական օրենսգրքի թիվ 13 հոդվածի 1-ին մասում:

Դիտարկվող սկզբունքի համաձայն, ՀՀ տարածքում հանցանք կատարած արտերկրի քաղաքացի Պերմյակովին Հայաստանի Հանրապետությունը կարող է հանձնել այն պետությանը, որի քաղաքացին է նա, եթե այդ պետությունը, այսինքն՝ Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնի խնդրագիր: Պերմյակովի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102 զինբազայում գտնվելը կամ կալանավորելն ինքնին խոչընդոտ չեն հանդիսանում, քանզի դա ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքն է:

Կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն ու հանդուրժողականություն, չգնալ սադրանքների:

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
իրավաբան, Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ
22.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ավո says:

    Երկար ու բարակ տերմինաբանության ու անհիմն հիմնավորուների փոխարեն կարելի է պարզ բացատրություն առաջարկել՝ Ռուսները հիմա ոչ մի գնով սրան չեն հանձնի, որովհետեւ նա չափազանց ԿԱՐԵՒՈՐ Է, բացահայտելու համար տեռ. ակտի իրական կազմակերպիչներին:
    Որ սա հրեշավոր տեռակտ է, քթի ծակ ունեցող մեկը պիտի վայրկյան անգամ չկասկածի – հարցերն ու հանգամանքների համընկնումները չափազանց շատ են:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031