Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանի հրավերը ՀԱԿ-ից ընդունել էր միայն Լյուդմիլա Սարգսյանը

Հունվար 22,2015 16:00

Երեկ Աբովյան քաղաքում պետք է տեղի ունենար ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կազմակերպած խորհրդաժողովը: Սակայն Գյումրիի սպանդից տուժած Ավետիսյանների ընտանիքի վերջին ներկայացուցչի՝ փոքրիկ Սերյոժայի հիշատակը հարգելով՝ ԲՀԿ-ն որոշեց խորհրդաժողովի փոխարեն մոմավառության գնալ Աբովյանի սուրբ Հովհաննես եկեղեցում: Մոմավառությանը ՀԱԿ խմբակցությունից մասնակցում էր միայն Լյուդմիլա Սարգսյանը: «Առավոտի» հետ զրույցում մեր հարցին՝ ինչո՞ւ ՀԱԿ-ի մյուս անդամները չեն եկել, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, որովհետեւ որքան գիտեմ՝ Կոնգրեսը հայտարարություն էր արել, որ իրենք համագործակցում են եռյակի, քառյակի ֆորմատով: Որքան գիտեմ, իրենք չէին գալու, ուղղակի հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Գագիկ Ծառուկյանը պիտի հանդիպեին»:

Խոսելով Գյումրիի սպանդի մասին՝ տիկին Սարգսյանն այն կապեց արտաքին ուժերի հետ. «Ամեն դեպքում, փաստերն այդ մասին են խոսում: Որովհետեւ այն հետքերը, որ նա թողել էր, նպատակային էր արված: Ես մասնագետ չեմ, բայց տպավորությունն այդպիսին է, դրա համար մեր զգոնությունը շատ բարձր պետք է լինի: Հայ-ռուսական բարեկամությունն ամեն դեպքում մենք պիտի գնահատենք ու կարողանանք պահպանել»:

Այն զանգվածային կոչերը, որ ռուսական ռազմաբազան պետք է հանել այստեղից, ըստ Լյուդմիլա Սարգսյանի՝ դա եւս հրահրված է. «Թող ամեն մեկը նման կարծիք հնչեցնելուց առաջ իրեն հարց տա՝ հետո ի՞նչ է լինելու»:

Տիկին Սարգսյանը գտնում է, որ այս օրերին էլ իշխանություններն իրենց պահվածքով ժողովրդի արժանապատվությունը բարձր չեն պահել. «Այսօր նվաստացած է ամբողջ երկիրը, ամբողջ ժողովուրդը, որովհետեւ մենք ունենք նսեմ, անինքնասեր, անպատվախնդիր իշխանություն: Եթե նրանք կարծում են, որ դրանով գոհացնում են Ռուսաստանին, չարաչար սխալվում են: Ոչ մեկը չի հարգում այն մարդուն, որն իր ընտանիքի պատիվը բարձր պահել չի կարողանում: Տվյալ դեպքում ընտանիքը Հայաստանն էր»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031