Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հարձակվեին զորամասի վրա, դա կլիներ սկիզբը մեր՝ Ռուսաստանի հետ ընդհարման»

Հունվար 22,2015 15:30

Ըստ Ռուստամ Գասպարյանի՝
Գյումրիի սպանդը կազմակերպված է Արեւմուտքի կողմից

ԲՀԿ պատգամավոր Ռուստամ Գասպարյանն «Առավոտի» հետ զրույցում իր դիտարկումները ներկայացրեց Գյումրիում սահմռկեցուցիչ ոճրագործության հետ կապված: Մեր հարցին՝ Դուք ունե՞ք որեւէ վարկած կատարվածի մասին, ո՞ւմ էր սա ձեռնտու, նա պատասխանեց. «Իմ վարկածը սա է՝ ինձ թվում է, սա ինչ-որ ուժերի կողմից կազմակերպված էր, ոչ թե պատահական հանցագործություն էր: Ավելի շուտ, ինձ թվում է՝ Արեւմուտքի կողմից: Այնպիսի ուժերի, որոնք այսօր ուզում են մեր եւ Ռուսաստանի հարաբերությունների մեջ խնդիրներ ստեղծել: Ու համարյա հասնում էին դրան, եթե Լենինականում չսթափվեին մարդիկ, եթե Մարտուն Գրիգորյանը չկանխեր:

Պատկերացնո՞ւմ եք, ժողովուրդը հարձակվում էր զորամասի վրա: Ինչ-որ ուժերի կողմից կազմակերպված լարվածություն էր: Ինչի եմ ասում՝ կազմակերպված, որովհետեւ հարազատները դրանից տեղյակ չէին: Ես Գյումրիում եղել եմ, զրուցել եմ հարազատների հետ, իրենք տեղյակ չեն եղել, թե ինչ է կատարվում, ովքեր են այդ կազմակերպիչները եւ ինչ են ուզում: Պատկերացնո՞ւմ եք, եթե հարձակվեին զորամասի վրա, ինչ էր կատարվելու՝ կրակոցներ, ու արդեն ոչ թե 6-7 հոգի կլինեին զոհերը, կլինեին 60-70 հոգի: Ու դա արդեն կլիներ սկիզբը մեր՝ Ռուսաստանի հետ ընդհարման»:

Մենք ճշտեցինք, այսինքն՝ ըստ Ձեզ, Արեւմուտքի հատուկ ծառայությունները Պերմյակովին իրենց գործակալն են դարձրել ու ուղարկել ՌԴ զորամա՞ս, Ռուստամ Գասպարյանը պատասխանեց. «Ես ընդամենը կարծիք եմ ասում: Հնարավոր է՝ իրենց կողմից ստեղծված ուժերի կողմից լինի, ես ուղղակի ուրիշ վարկած չեմ տեսնում»:

Այն ցուցմունքը, թե Պերմյակովը գնացել է ջուր խմելու, ըստ Ռուստամ Գասպարյանի՝ լրիվ հեքիաթ է. «Ես նաեւ մտածում եմ, որ ինքը չէր կարող մենակ էլ լինել: Դա կազմակերպված ինչ-որ ակցիա էր, որ կատարվեց»: Մեր հարցին՝ եթե մենակ չլիներ, դա նշանակում է, որ իր հանցակիցները հնարավոր է դեռ Հայաստանում են ու մեզ նորից վտա՞նգ է սպառնում, Ռուստամ Գասպարյանը պատասխանեց. «Չի բացառվում: Չի էլ բացառվում, որ Պերմյակովի հետ համագործակցողները հայեր էլ լինեն»:

Այն, որ Պերմյակովի հայրը աղանդավոր էր, դա կարո՞ղ է ինչ-որ կապ ունենալ այս սպանդի հետ, նա պատասխանեց. «Աղանդավորը ինչի՞ պիտի այդպիսի բաներ անի: Աղանդավորները պաշտում են Հիսուս՝ ամենքը իր տեսակետով: Որեւէ մի կրոնի մեջ չկա, որ սպանեն, խփեն երեխայի, կնոջ»:

Հասարակական սուր պահանջ կա, որ արդարադատությունն անպայման իրականացվի հենց Հայաստանում: Մեր հարցին՝ ճի՞շտ էր, որ Վալերի Պերմյակովը ռուս իրավապահների հսկողության տակ է, նա պատասխանեց. «Հայկական կողմը չի բռնել նրան, որ հանձներ, ռուսական կողմն է բռնել: Ինքն էլ իր քաղաքացու հետաքննությունը մեր իրավապահների հետ կկատարի, պատիժը կկրի»:

Այն քննադատությանը, որ ինչի՞ համար ենք մենք հարկատուների հաշվին պահում ոստիկանական համակարգը, եթե այդ մարդասպանին ռուսները կարողացան միայն գտնել, պատգամավորը պատասխանեց. «Մեր ու Թուրքիայի սահմանի վրա են գտել մարդասպանին, որտեղ որ ռուսներն են հսկում: Ճիշտ է, մերոնք էլ կարող է թերացան իրենց ծառայության մեջ, ամեն դեպքում՝ ամբողջ հանրապետությունը փակված էր: Ես մի քանի քաղաքներով այդ ընթացքում շրջել եմ գործով, տեսել եմ, որ մի քանի քաղաքներ փակված էին, ստուգումներ էին կատարվում: Մեզ չհաջողվեց, Ռուսաստանը բռնեց, ի՞նչ անենք»:
Կոչեր են հնչում ռուսական ռազմաբազաները այստեղից հանելու մասին: Ըստ Ռուստամ Գասպարյանի՝ դա ամենասխալ բանը կլինի. «Ռազմաբազաները փակելը սխալ է: Հակառակը՝ մենք ինչքան կարող ենք, պիտի ռուսին խնդրենք, որ այստեղ ավելացնի իր ռազմաբազաները, քանի որ մեր անվտանգությունն է դա»:

Մեր հարցին՝ իսկ բազաների հետ կապված այս դեպքերը՝ 1999-ի դեպքը, այս դեպքը չե՞ն խոսում ռուսական ռազմաբազայում բարձիթողի վիճակի մասին, Ռուստամ Գասպարյանը պատասխանեց. «Այո, բարձիթողի վիճակի մասին են խոսում: Նաեւ պատկերացրեք, զենքով գնում է, ու զորամասը տեղյակ չի: Սա արդեն բարդակ է, բարձիթողի վիճակ: Չի կարող ծառայողը բացակայել իր հենակետից, մարտական դիրքից, ու զորամասը տեղյակ չլինի դրան: Հանկարծ դեպքերից հետո են իմանում, որ զորամասի զինվորը փախել է զորամասից»:

Մեր իշխանությունների պահվածքը Գյումրիի սպանությունների այս ամբողջ պատմության մեջ ինչպե՞ս եք գնահատում, հասարակությունը դժգոհում է, որ հայկական կողմը կրավորական դիրք է ընդունում ռուսների մոտ, կա՞ նման բան՝ նա պատասխանեց. «Ես էլ առաջին օրերին նկատեցի, ցավակցությունները որ չկային, ես էլ զարմացա: Ամեն դեպքում Պուտինն ավելի շուտ ցավակցեց երեւի մեր ժողովրդին, քան թե մեր իշխանությունները: Դուք գնահատականը տվեք, թե ինչ էր դա: Ես բազմիցս եմ նկատել անտարբերությունը մեր իշխանությունների՝ իր ժողովրդի հանդեպ: Սա անտարբերության մասին է խոսում, քան Ռուսաստանի հետ է կապված»:

Ըստ Ռուստամ Գասպարյանի՝ որպեսզի այլեւս նման դեպքեր չկրկնվեն, մենք պետք է պահանջատեր լինենք, որ ռուսական զորամասերում խստացնեն ծառայությունը: Պարտադի՞ր է, որ Պերմյակովին այստեղ՝ Հայաստանում դատեն, Ռուստամ Գասպարյանի խոսքերով՝ «Որտեղ էլ դատեն, կարեւորը, որ խստագույն պատիժ ստանա: Ես հավատում եմ, որ ռուսական կողմը տալու է խստագույն պատիժ: Ինչ-որ մի վիժվածքի համար չի ուզի հարաբերությունները փչացնել Հայաստանի հետ: Խստագույնս ունենալու է պատիժ, թե որտեղ՝ դա չափանիշ չի: Իհարկե, ցանկալի է, որ այստեղ լինի, որ մերոնք դատեն: Եթե ինչ-որ տեղ իմ խոսքը կընդունվի, ես կպահանջեմ դա»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031