Լրահոս
Օրվա լրահոսը

«7 մարդու կյանքի գնով լակմուսի թուղթ էր, որ լրիվ բացեց մեր երկրի դեմքը»

Հունվար 22,2015 15:00

«Ես ուղղակի մեղադրում եմ մեր իշխանություններին: Շատ բան կարող էին անել: Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ առաջին 5-6 օրերի ընթացքում Հայաստանում ընդհանրապես իշխանություն չկար: Ոչ մեկը չէր խոսում, ոչ մեկը ոչ մի բան չէր անում, հանրապետության գործող նախագահը լռում էր: 7 օր լռեց: ՀՀԿ-ն այդպես էլ հոդաբաշխ, հասկանալի ոչ մի բան չասաց: Այդ ամեն ինչը բերեց մի իրավիճակի, որ ոչ միայն Գյումրիում, այլեւ ամբողջ մեր հասարակության մեջ ծնվեց կասկածի որդ: Կասկածի որդը մեզ բոլորիս ուտելու է երկար ժամանակ»,- «Առավոտի» հետ զրույցում Գյումրիի սպանդի հետ կապված այսպիսի գնահատական տվեց Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:

Նրա խոսքերով՝ «Այս օրերի ընթացքում ինքս ինձ հարց եմ տալիս, թե այդ ամենն ինչի՞ հետ էր կապված, ինչի՞ այդպես եղավ: Պատասխանը չեմ կարողանում գտնել: Դժվարանում եմ ասել՝ սա ահաբեկչություն էր, ինչ էր: Այն մոտիվները, որի մասին խոսում են, հիմնավորումներ չեն եւ հավատ չեն ներշնչում: Չի լինում այդպես իրականության մեջ»: Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով՝ ռուսական ռազմաբազան այս դեպքից հետո Հայաստանից հանելու կոչերը էմոցիոնալ են. «Եթե երկրում նման իրավիճակ կա, ինչպես մեզ մոտ է, Աստված չանի, բայց նման բան կարող է էլի կրկնվել: Երկիրն իր պաշտպանունակությունը, գոյության բնականոն կարգը կորցրել է:

Մարդիկ իսկապես չեն հասկանում, թե երկրում ինչ է կատարվում: Եվ ամենավատն այն է, որ այսօրվա գործող իշխանությունը երկրի կառավարման կարմիր թելն է կորցրել: Չեն կարողանում գտնել եւ երկիրը շարժում են զուտ իներցիոն գաղափարներով, օրը բացվեց, եկավ, մի բան եղավ կամ չեղավ: Այս պայմաններում երկրում հնարավոր են նաեւ ուրիշ դեպքեր, այլ դեպքեր, որոնք կապված չեն ռուսական ռազմաբազայի հետ, կապված չլինեն այլ երկրի քաղաքացիների հետ: Իրականում այդ ողբերգությունը 7 մարդու կյանքի գնով լակմուսի թուղթ էր, որ լրիվ բացեց երկրի դեմքը, լուսարձակեց, բացեց ամբողջ մեր երկիրն իր էությամբ: Ցավոք, դա եղավ այդ մարդկանց կյանքի գնով: Դա մեծ ողբերգություն էր, բայց իրականությունը սա է, սրանից չենք կարող խուսափել: Այդ խարանը մենք պետք է կրենք, ինչպես կրում ենք Հոկտեմբերի 27-ի, Մարտի 1-ի խարանը մինչեւ հիմա: Մենք փոքր ազգ ենք, չենք կարող այդքան խարանները մեր ճակատներին ման գալ: Այս բոլոր հարցերին լուծում է պետք»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Լիբերալ – ԱԶԱՏԱԿԱՆ

    Գոնէ կուսակցութեանդ անունը հայերէն դարձրու:

    Մեր ԱԶԱՏ բառն ինչո՞վ է պակաս:

    Լաւ կը լինի՞, ինչ-որ մէկին «ԼԻԲԵՐԱԼԻՉ» հայրանունով դիմենք 🙂

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031