Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլիտեխնիկում փոփոխություններ են կատարվում

Հունվար 22,2015 14:03

Վերջին շրջանում մամուլում որոշ հրապարակումներ եղան, թե Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի գալով փակման վտանգի տակ է սպորտային համալիրը, եւ իբր Թոքմաջյանը վարձակալից ետ է վերցրել բուհի լողավազանը՝ անձնական նպատակներով օգտագործելու համար:

Հունվարի 20-ին մեր այցելության պահին այնտեղ շինարարական աշխատանքներ էին ընթանում: «Երեւան նախագիծ» ինստիտուտի ճարտարապետ Երվանդ Ավագյանն «Առավոտին» հայտնեց, որ ուսումնասիրել են լողավազանի ամբողջ տանիքը, որը մոտ 3000 քմ է: «Այն նախկինում եղել է հարթ տանիք, որը տարիների ընթացքում վատ վիճակում է հայտնվել՝ ձյան ու անձրեւի պատճառով: Ուսումնասիրությունից հետո խնդիր առաջացավ լողավազանի եւ տարածքի տանիքն ընդհանրապես սարքել երկթեք, ցանկություններից մեկն էլ այն է, որ հետագայում Պոլիտեխնիկի կարիքների համար նաեւ տանիքը օգտագործելի լինի»,- ասաց ճարտարապետը:

Edvard_Avagyan

Ըստ ճարտարապետ Երվանդ Ավագյանի (ձախից երկրորդը), 1,5 ամսից կանցեն բուն աշխատանքին:

Նա տեղեկացրեց, որ լողավազանի ծածկն ամբողջովին հանվելու է ու մետաղական կոնստրուկցիայով նոր տանիք է հավաքվելու՝ 3000 քմ: «Այժմ նախագծային աշխատանքների փուլն է, էսքիզները ներկայացվել է քաղաքապետարան, ճարտարապետահատակագծային առաջադրանք ունենք: 1,5 ամսվա ընթացքում նախագծային աշխատանքները կավարտենք, իսկ այս պահին հարթ տանիքի թեթեւացման, շինարարական աշխատանքներ են կատարվում»,-հավելեց մեր զրուցակիցը:

Պոլիտեխնիկի ռեկտորի՝ սպորտի եւ մշակույթի հարցերով խորհրդական, ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը մեզ հետ զրույցում նշեց. «Շահարկվում էր, որ լողավազանը հետ է վերցված վարձակալից, որը 20 տարուց ավելի դա օգտագործել է, եւ իբր հետ է վերցված անձնական նպատակներով օգտագործելու համար: Տարիներ շարունակ չփոխհատուցելով անգամ իրենց ծախսերը, վարձակալը գերշահույթներ է ունեցել՝ մեր հաշվարկներով՝ տարեկան մինչեւ 60 մլն դրամ: Այսօր Սպորտային համալիրը շահագործվում է կիսով չափով, ուսանողների եւ դասախոսների համար բացարձակապես անվճար է, եւ մասնակի աշխատելով ու ծառայություններ մատուցելով՝ երեքուկես-չորս ամսվա ընթացքում արդեն հավաքագրել է 8 մլն դրամ, մինչդեռ իրենք տարեկան 4,8 մլն էին փոխհատուցում: Տարիներ են եղել, որ զրո է եղել այդ փոխհատուցումը: Սրանք խոսուն թվեր են, որոնք ապացուցում են, թե տարիներ շարունակ գերշահույթ ապահոված ընկերության կողմից բարձրացված աղմուկը ինչ նպատակներ էր հետապնդում, երբ լողավազանը վերադարձվեց ուսանողներին: Աշխատում ենք ամեն ինչ անել՝ ուսանողների հանգստի եւ պարապմունքների համար, պարբերաբար մրցաշարեր են կազմակերպվում:

Օրինակ, անցյալ տարի վոլեյբոլի ուսանողական առաջնությունների հաղթողը Պոլիտեխնիկն է եղել, այս տարի հավանաբար կմասնակցենք Իտալիայում կայանալիք միջազգային ուսանողական մրցաշարին: Մեր համալսարանում հանդբոլն ու բասկետբոլն էլ են լավ վիճակում: Ի դեպ, շախմատի ուսանողական մրցաշարը Երեւանում է, հոկտեմբերին կմասնակցենք: Շատ շախմատիստ չունենք, երբ Պոլիտեխնիկի շախմատային ակումբը ստեղծվի, արդեն ավելի հետաքրքիր կլինի: Պարոն Թոքմաջյանը Ճարտարագիտական համալսարանում հրաշալի շախմատային ակումբ էր ստեղծել, շատ էին գալիս ուսանողներ, մրցաշարերի էին մասնակցում, հուսանք՝ Պոլիտեխնիկում էլ նման իրավիճակ կստեղծենք: Մեր ռեկտորը էներգիայով լեցուն մարդ է, առավոտ ութից էստեղ է, վերջինն է գնում համալսարանից»:

ՀՊՃՀ-ից տեղեկացանք, որ ողջ բուհով մեկ շինարարական եւ լսարանների կահավորման, տեխնիկական վերազինման աշխատանքներ են ընթանում: Արդյունավետ է աշխատում նաեւ համալսարանի գիտական ներուժը. արդեն պատրաստ է գրպանի էլեկտրակարդիոգրաֆը, որի հեղինակն է Մարատ Մուրադյանը: Մոտ օրերս այն կներկայացվի Բժշկական համալսարան փորձարկումներ իրականացնելու եւ արդյունաբերական արտադրություն սկսելու՝ Բժշկական համալսարանի հետ համատեղ: Պոլիտեխնիկում տարբեր տիպի սարքեր են մշակվում, ոչ միայն բժշկական, այլեւ մեքենաշինության, քիմիական տեխնոլոգիաների, հեռակառավարման ոլորտի: Մարիկա Բաղդասարյանն էլ ղեկավարում է հոսանքահարումից պաշտպանող սարքի արտադրությունը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարում` Ռաֆայել Վահանյանը

«Առավոտ» օրաթերթ
21.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031