Միջոցառման հրավիրյալ դիրիժոր Ռուբեն Ասատրյանը՝ կոմպոզիտորի մասին
Երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում մեկնարկեց Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կողմից 6-րդ անգամ անցկացվող Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը: Այս տարի այն նվիրված է անվանի կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի ծննդյան 85-ամյակին: Առաջին օրը հնչեցին կոմպոզիտորի կամերային գործիքային ստեղծագործությունները, հունվարի 30-ին, դարձյալ Խաչատրյանի տուն- թանգարանում, կներկայացվեն հովհաննիսյանական դաշնամուրային ստեղծագործությունները, իսկ փառատոնը կեզրափակվի Ազգային օպերային թատրոնում:
Դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ Երիտասարդականը կմատուցի Էդգար Հովհաննիսյանի «Գողգոթա» սիմֆոնիկ պոեմը, հատվածներ «Մարմար» սյուիտից: Համերգային ծրագրում տեղ են գտել նաեւ կոմպոզիտորներ Վարդան Աճեմյանի, Կարեն Անանյանի, Աննա Հակոբջանյանի եւ Նորայր Գրիգորյանի ստեղծագործությունները:
«Առավոտը» հանդիպեց դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի (լուսանկարում) հետ: 2014թ. նրա համար հոբելյանական էր. լրացան արվեստագետի ծննդյան 55 եւ բեմական ստեղծագործական աշխատանքի 35 ամյակները: Ի դեպ, որեւէ անդրադարձ արվեստագետի հոբելյանին չեղավ: Սա այն դեպքում, երբ դիրիժորին հանդիպում ենք ֆիլհարմոնիկ, կամերային եւ օպերային թատրոնի նվագախմբերի դիրիժորական վահանակի առջեւ: Իր հոբելյանների լռության առիթով Ռուբեն Ասատրյանը չցանկացավ խոսել:
Իսկ անցյալ տարվա ընթացքում բազմաթիվ համերգներից առանձնացրեց Շուշիում իր ղեկավարությամբ ներկայացված Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» օպերան (ռեժիսոր՝ Մարիա Սահակյան): Կեսկատակ-կեսլուրջ դիտարկմանը, թե իբրեւ հոբելյանների «նվեր» կարելի է համարել ընթացիկ ուսումնական տարվա սկզբից իրեն Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում վոկալ-տեսական ֆակուլտետի դեկանի նշանակումը, մեր զրուցակիցը հայտնեց, որ կոնսերվատորիայում ինքն աշխատում է 2002-ից, վարում օպերային-սիմֆոնիկ դիրիժորության դասարանը եւ ղեկավարում ուսանողական նվագախումբը, հետո էլ կատակով ասաց. «Նախ, ես դեռ ժամանակավոր պաշտոնակատար եմ, իսկ եթե դա ինձ նվեր է՝ թող այդպես լինի»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնին, պարոն Ասատրյանը նախ շնորհակալական խոսքեր հնչեցրեց Երիտասարդական նվագախմբի հասցեին՝ ոչ միայն փառատոների, այլեւ ընդհանրապես հայ կոմպոզիտորական արվեստի մեծերին անդրադառնալու առիթով: Հիշեց, որ ինքը կոնսերվատորիան ու ասպիրանտուրան ավարտել է հենց Էդգար Հովհաննիսյանի՝ ռեկտոր եղած տարիներին: Հատուկ նշեց, որ կոմպոզիտորը հայ երաժշտության զարգացմանը նպաստել է էական ու ինքնատիպ ներդրումով՝ ժողովրդական եւ պրոֆեսիոնալ երաժշտության ավանդույթներից բխեցնելով նոր, համարձակ լուծումներ: «Հովհաննիսյանական երկերի հիմնական մոտիվներն են ժողովուրդը, նրա պատմությունն ու կյանքը՝ հաղորդված խստաշունչ վիպականությամբ ու հերոսականությամբ, սուր դրամատիզմով ու նուրբ քնարականությամբ»,- հավելեց դիրիժորը:
Ռուբեն Ասատրյանը հիշեց, որ կոմպոզիտորը ստեղծագործական գործունեությանը զուգահեռ՝ տարբեր տարիների գրավել է պաշտոններ՝ Ազգային օպերային թատրոնի տնօրեն, Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի, Հեռուստատեսության եւ ռադիոյի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար: Մեր զրուցակիցը հովհաննիսյանական բազմաժանր ստեղծագործություններից առանձնացրեց նրա բալետները՝ «Մարմար», «Երկնագույն նոկտյուրն», «Հավերժական կուռք», «Սասունցի Դավիթ» օպերա-բալետը, ափսոսանք հայտնելով, որ ժամանակին Ազգային օպերային թատրոնի խաղացանկում տեղ գտած հատկապես «Անտունին» ու «Սասունցի Դավիթը» ավելի քան երկու տասնամյակ է, ինչ դուրս են մղվել: Վերջին շրջանում արտերկրյա նվագախմբերի ցանկալի հյուր հայ դիրիժորն առանց մանրամասնելու ասաց, որ այս տարի էլ դրսից ունի հրավերներ, համերգներն էլ կնվիրվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.01.2015