Հայաստանի դեմ, ամենայն հավանականությամբ, հատուկ օպերացիաների շարք է սկսվել,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Երևանի աշխարհաքաղաքական ակումբի խորհրդի նախագահ Արման Բոշյանը՝ մեկնաբանելով Գյումրիում հունվարի 12-ին կատարված ոճրագործությունը:
«Եթե դա հատուկ օպերացիա է, այլ ոչ թե հոգեկան խանգարում ունեցող մարդու արարք, ապա դա նշանակում է, որ նա մենակ չի գործել, և Հայաստանի դեմ հատուկ օպերացիաների շղթա է սկսվել, այսինքն՝ գործընթացը կշարունակվի, կրկին կլինեն պրովոկացիաներ ու ծանր դեպքեր»:
Որպեսզի այդ ամենը կանխվի, Ա. Բոշյանը համոզված է, որ պետք է նախ և առաջ դադարեցվի այդ հանցագործության քաղաքականացման գործընթացը. «Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում որոշ քաղաքական գործիչներ, կառույցներ, լրատվամիջոցներ ցանկություն չունեն, որ դա բացահայտվի, որովհետև գործընթացը դարձրել են քաղաքական: Հիմա ի՞նչ, ռուսական ռազմաբազան որ Հայաստանից հանեն, կբացահայտվի՞, թե այդ հանցագործությունն ով է կատարել, արդյո՞ք ճշմարտությունը դրանով կբացահայտվի: Մեր առաջնահերթ խնդիրը բացահայտելն է: Իսկ այս պրոցեսը կազմակերպված քաղաքականացվեց Հայաստանում, այսինքն՝ այս ողբերգությունը դարձավ որոշ անձանց, կառույցների և ԶԼՄ-ների քաղաքական սպեկուլյացիայի առիթ, ընդ որում՝ շատ արագ կազմակերպվեց ու միանգամից սկսվեց ամբողջ պրոցեսի «եռացումը»: Մի մասը լրիվ բնական էր, իսկ մյուս մասը՝ պատվերով քաղաքականություն: Տեղեկատվական դաշտը վերլուծելիս ակնհայտ երևում է, որ որոշակի քաղաքական ուժեր այս դժբախտությունն օգտագործում են իրենց շահերից ելնելով»,- ասում է Ա. Բոշյանը:
Իսկ եթե սա հատուկ օպերացիա է, ապա, ըստ նրա, դրա կազմակերպիչները կարող են բացահայտվել միայն Հայաստանի և Ռուսաստանի քննչական մարմինների համատեղ աշխատանքի արդյունքում:
Կարդացեք նաև
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Բոշյանը անորոշ կերպով որոշ անձիք և այլն է ասում, որը արժեզրկում է իր ամեն ասածը։ Չի կարելի այդքան լուրջ մեղադրանքները անհիմն անել առանց փաստացի անուն տալու։ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈւՆՆ է ամենակարևորը։ Ժողովրդի և իրական ընդդիմության առաջին պահանջը պիտի լինի այն, որ Գյումրիում կատարված սպանությունների քննությանը մասնակցելու համար հրավիրվեն օտարերկրյա փորձագետներ, որոնք վախ կամ կախում չեն ունենա Ռուսաստանից։ Հայկական և Ռուսական իրավապահները հավասարաչափ անվստահելի են և չի բացառվում, որ իրական հանցագործությունը,քաղաքական նկատառումներով կքողարկն (դրա փորձը նրանք 70+25 տարի արդեն ունեն)։ Ամենակարևորը նախ ճշմարտությունը իմանալն է և եթե Ռուսները չեն վախենում ճշմարտությունից, այս պահանջին պիտի չընդդիմանան։