Aravot.am-ը ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանից հետաքրքրվեց, թե նրա կարծիքով արդյո՞ք շփման գծում լարվածությունը կապված է Գյումրիի իրադարձությունների հետ: Նա պատասխանեց, որ նման կապ չի տեսնում. «Դա լրիվ ադրբեջանցիների հայտարարած քաղաքականության շրջանակներում է: Այդ լարվածությունը սկսվել է մինչեւ Գյումրիի իրադարձությունները, եթե այս տարվա կտրվածքով նայենք, մինչեւ հունվարի 12-ը մենք արդեն կորուստներ ունեինք, եւ իրենք նույն ռեժիմով շարունակում էին»:
Սակայն Կարեն Վրթանեսյանը համարում է, որ ադրբեջանական կողմը կարող է լրացուցիչ ճնշումներ գործադրել իրավիճակն ավելի սրելու համար, բայց ըստ նրա անկախ Գյումրիի իրադարձություններից ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի:
Հիշեցնենք՝ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ: Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող Նահապետ Ասատրյանը և վիրավորվել` Հովհաննես Գասպարյանը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ