Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկացած մեկը պաշտպանության կարիք ունի, այդ թվում՝ Պերմյակովը»

Հունվար 21,2015 19:35

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի գնահատմամբ, փաստաբան Թամարա Յայլոյանի կողմից ոչ պրոֆեսիոնալ մոտեցում էր համաձայնել ու կեսից հրաժարվել պաշտպանել Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի շահերը:

«Բացարձակապես պրոֆեսիոնալ չէր, ինքը հենց սկզբից կարող էր հրաժարվել, չգնար, իսկ գնալուց հետո պարտավոր էր պաշտպանել. ցանկացած մեկը պաշտպանության կարիք ունի, այդ թվում՝ նաեւ Պերմյակովը: Փաստաբանի որակի մասին խոսում է այն հանգամանքը, թե ինչքան լավ է նա կարողանում պաշտպանել իր պաշտպանյալին, ոչ թե էմոցիոնալ հայտարարություններ անելը: Փորձում եմ հասկանալ փաստաբանին, բայց արդարացումներ չեմ գտնում»,-Aravot.am-ին ասաց իրավապաշտպանը:

Անդրադառնալով Թամարա Յայլոյանի նկատմամբ սկսված կարգապահական վարույթին ՝ իրավապաշտպանն ասաց, որ վարույթը շատ տեղին էր. «Եթե հարուցվել է կարգապահական վարույթ, ուրեմն խախտել է ինչ-որ բան: Եթե ես էլ լինեի փաստաբանների պալատից, անձամբ կպահանջեի նրա նկատմամբ վարույթ հարուցել»:

Պերմյակովի հաջորդ պաշտպանի ազգային պատկանելության հարցը Վարդան Հարությունյանի համար երկրորդական հարց է. «Կարեւորը այդ փաստաբանի մասնագիտական կարողություններն են: Մեր պահանջը մնում է նույնը, որ Պերմյակովին հանձնեն Հայաստանին, հայկական կողմը կապահովի նրա բարձրակարգ պաշտպանություն, եւ նախաքննությունը ընթանա այնպես, ինչպես կամայական հանցագործությունների դեպքում»:

Հիշեցնենք, որ Թամարա Յայլոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա: Փաստաբանը մասնակցել էր Պերմյակովի հարցաքննությանն ու որոշ մանրամասներ ներկայացրել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031