Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիան ռազմավարություն է փոխել. հնարավոր է սահմանը բացվի

Հունվար 21,2015 19:17

Մինչ օրս Թուրքիայի նախագահը չի պատասխանել Հայաստանի նախագահի հրավերին՝ ապրիլի 24-ին Երեւանում մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին: Փոխարենը նա ՀՀ նախագահին հրավեր է ուղարկել, որ մասնակցի ապրիլի 24-ին Թուրքիայում մեծ շուքով նշվելիք Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին, այն դեպքում, երբ այն տեղի է ունեցել մարտի 18-ին: Այս ամենին հաջորդեց Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի օրը  Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ուղերձը, որտեղ նա վստահեցնում է. «Անկեղծ է մեր` դարձյալ բարեկամություն ստեղծելու ցանկությունը»: Դավութօղլուն միևնույն ժամանակ հավաստիացրել է, թե դա հաշվարկված քայլ չէ:

Արդյոք վստահությո՞ւն են ներշնչում թուրքական կողմի այս հավաստիացումները, մանավանդ հաշվարկների վերաբերյալ: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում պնդեց, թե թուրքական քաղաքականության հիմքում միշտ էլ ընկած են հաշվարկները. «Հատկապես, երբ ՀՀ-ի վերաբերյալ է հարցը, այդտեղ խնդիրները ոչ  եղբայրականության, ոչ էլ էմոցիոնալ դաշտում չեն հայտնվել: Միշտ եղել է հաշվարկ և թշնամանք»:

Հարցին` Թուրքիան այս դեպքում ի՞նչ հաշվարկ է կատարել, և ինչի՞ց զգուշանանք, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Թուրքիայի համար երազանք է այն, որ հայերն աշխարհի երեսից վերանան ու չունենան հայոց պետականություն: Դրա պատճառով անկախությունից ի վեր ոչ դիվանագիտական հարաբերություններ ձևավորեցին, ոչ էլ սահմանը բացվեց: Մենք պիտի միշտ հասկանանք, որ Թուրքիայի համար կարգախոս է այն, որ չի լինի հայ, չի լինի խնդիր»:

Պարոն Պողոսյանի կարծիքով` թուրքական կողմը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ռազմավարություն է փոխում` փորձում նախահարձակ լինել, իսկ  մեր նպատակն է համոզել ողջ աշխարհին, որ չհավատան թուրքական քաղաքականությանը, համաձայն որի` փորձում են ցույց տալ, թե ուզում են հայերի հետ բարեկամական հարաբերություններ հաստատել:Մեր հարցին` արդյոք այս իրավիճակից հաղթո՞ղ, թե՞ պարտված ենք դուրս գալիս և վերջին զարգացումների ֆոնին, կարո՞ղ ենք շարունակել պնդել, որ Թուրքիան ապրիլի 24-ին ընդառաջ կգնա զիջումների, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Թուրքիան կարող է ժամանակավոր զիջումների գնալ, նույնիսկ կարծիքներ եմ լսել, որ կարող է սահմանը բացեն: Բայց թուրքական կողմը որևէ քայլ անում է, եթե ճնշում են գործադրում Թուրքիայի վրա: Ինչ վերաբերում է հաղթանակին և պարտությանը, ապա այսօրվա դրությամբ աշխարհի բոլոր երկրները գնահատում են, որ գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, շատ երկրների պատկերացումների մեջ փոփոխություն է կատարվել, բայց մյուս կողմից որևէ արդյունքի չենք հասել ու հարց չենք լուծել»:

Այն, որ Թուրքիայի նախագահը չի պատասխանել Սերժ Սարգսյանի հրավերին, պարոն Պողոսյանը կարծում է, որ կարող ենք դիվանագիտական հարթությունում օգտագործել մեր օգտին. «Սրա մասին աշխարհով մեկ պետք է բարձրաձայնել: Գուցե նաև լավ է, որ չեն պատասխանել, մենք կարող ենք մեկ անգամ ևս ցույց տալ, թե ինչպիսին է Հայաստանը, որ կարող է դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց որևէ նախապայման»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031