«Նորմալ հասարակական կազմակերպությունները բոլորը թափանցիկ են գործում եւ ցանկացած միջոցառման ժամանակ հրապարակում է իր դոնորի անունը: Նա ինչ-որ հայտնագործություն չի արել: Պարզապես սա նրա՝ իշխանություններին հաճոյանալու հիստերիկ պահվածքն է՝ ամեն գնով ռուսական եւ մեր իշխանություններին հաճոյանալու»,- Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսպես մեկնաբանեց ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի նախաձեռնությունը՝ արեւմտամետ ՀԿ-ների ֆինանսական աղբյուրները բացահայտելու:
ՍԻՄ կուսակցությունը, քննարկելով Գյումրիի սպանդը, եկել է այն եզրակացության, որ Գյումրիում բախումները կազմակերպել են սադրիչ, արեւմտյան շահերի սպասարկող շրջանակները: Ըստ ՍԻՄ-ի, հենց նրանք են փորձել կազմակերպել անկարգություններ, հարձակումներ ռուսական ռազմաբազայի մոտ: ՍԻՄ-ը հայտարարություն է տարածել, որ Հայաստանում «մայդանային» տեխնոլոգիան են փորձում կիրառել՝ արտասահմանից ֆինանսավորվող որոշ ԶԼՄ-ների , ՀԿ-ների, համացանցում գործող վարձու խմբերի միջոցով: Ուստի ԶԼՄ-ների մասին օրենքում պետք է փոփոխություններ կատարելու առաջարկով հանդես գալ, քննարկումներ կազմակերպել, ԱԺ-ում բարձրացնել Հայաստանում ՀԿ-ների աշխատանքների ու ֆինանսական աղբյուրների թափանցիկության վերաբերյալ հարցը եւ առաջարկել պատասխանատվության ենթարկել ԶԼՄ-ներում ու համացանցում ազգամիջյան թշնամանք սերմանողներին:
Ավետիք Իշխանյանը, մեր հարցին՝ դա չի՞ վնասի քաղաքացիական հասարակության կայացմանը ՀՀ-ում՝ պատասխանեց. «Դա իրեն կվնասի, կարծում եմ: Շատ կարեւոր կլինի, եթե նա այդքան ազնիվ է, կարողանա պարզի բոլոր գործընկերների եկամտի աղբյուրները, կոռուցիայի բոլոր աղբյուրները: Եթե համարձակություն ունի, առաջին հերթին թող դա պարզի»:
Ըստ Ավետիք Իշխանյանը, ՀԿ-ները դրանից չեն վնասվի, սա առաջին հերթին Հայկ Բաբուխանյանի համար PR ակցիա է. «Թե չէ իր ասելով չի, որ պիտի իշխանությունները ՀԿ-ների նկատմամբ ինչ-որ վերաբերմունք ցուցաբերեն, ճնշումներ գործադրեն: Ինքն իշխանության մեջ այն ֆիգուրը չի, որ կարողանա ազդել իշխանությունների պահվածքի վրա: Իշխանություններն իրեն օգտագործում են, բայց ինքն այն կարեւոր դեմքը, չի, որ կարողանա ինչ-որ հարցեր լուծել»:
Կարդացեք նաև
Պարոն Իշխանյանը գտնում է, որ Բաբուխանյանի նախաձեռնությունը պետք է գնահատել զուտ ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարության համատեքստում, ըստ որի, անհրաժեշտ է Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպությունների «չեզոքացումը», որոնք, իր կարծիքով, «ցանկանում են սեպ խրել ռուս – հայկական հարաբերություններում»:
Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ՝ Հայկ Բաբուխանյանի քծնանքի պոռթկումն է սա. «Եթե իշխանությունները որոշում կայացնեն ՀԿ-ների գործունեությունը սահմանափակելու մասին, դա Հայկ Բաբուխանյանի ասելով չի լինի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ