Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունները շոկի մեջ էին, արդեն ուշացած կլիներ սուգ հայտարարելը». Լեռնիկ Ալեքսանյան

Հունվար 21,2015 18:14

«Սուգ հայտարարելով չի չափվում: Որոշ ուժեր փորձեցին քաղաքականացնել: Սուգ կարելի էր հայտարարել, բայց չհայտարարելը ես չեմ կարծում, որ մեծ բացասական բան էր: Սուգ հայտարարելով չի չափվում: Դա համապետական խնդիր է: Սա ցավալի էր բոլորի համար, մարդկային էր: Չկա մարդ, որը դրա հետ կապված չունենա այդ էմոցիաները սգո»,- Aravot.am-ի հետ զրույցում հասարակության քննադատություններին, որ ինչու իշխանությունները Գյումրիի ոճրագործության հետ կապված սուգ չհայտարարեցին՝ այսպիսի պատասխան տվեց ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Նրա խոսքերով՝ «Ես դժվարանում եմ ասել՝ երբ է պետք սուգ հայտարարել, երբ չէ: Եթե դրա իրավական ձեւակերպումը կա էլ, ես ծանոթ չեմ»:

Մենք հիշեցրինք Սերժ Սարգսյանի՝ 2008-ի Մարտի 1-ի դեպքերից հետո իր բլոգում արված գրառումն այն մասին, թե ըստ իրեն, որ դեպքում են սուգ հայտարարում: «Մեդիամաքսի» տեղեկացմամբ՝ այդ ժամանակ Սերժ Սարգսյանը գրել է. «Սովորաբար սուգ հայտարարում են այն դեպքերում, երբ հասարակությունը միանշանակ գնահատական է տալիս տեղի ունեցածին, երբ տեղի ունեցածը որեւէ շահարկման հնարավորություն չի թողնում: Այս դեպքում գործ ունենք այլ իրավիճակի հետ, հասարակության մի մասը չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել, մենք դեռ փորձում ենք պարզել իրականությունը, ընթանում է քննություն: Սա, իհարկե, չի նվազեցնում ողբերգության չափը, որի համար անկեղծորեն ցավում ենք»:

Լեռնիկ Ալեքսանյանի մեկնաբանությամբ՝ Գյումրիի դեպքերի ժամանակ իշխանությունները «շոկի» մեջ են եղել, եւ գուցե արդեն ուշացել են սգո օր հայտարարել. «Եթե ուշադիր եք եղել, սուգի մասին հասարակական պահանջը եղավ ընտանիքի թաղման օրերին: Այդ պահանջը նախօրոք չի եղել: Ե՛վ հասարակությունը, ե՛ւ իշխանությունները այնքան շատ էին խառնված, այնքան անսպասելի էր, որ այդ մասին որեւէ խոսակցություն չկար: Այդ հետո մարդիկ մտածեցին, որ կարելի էր նաեւ սուգ հայտարարել: Ես էլ եմ մտածում, բայց երբ որ անցած գնացած է արդեն, էլ սուգ հայտարարելու..

Այդ ժամանակ այնքան անսպասելի էր, հիշեք առաջին օրերը, մարդիկ Գյումրիում դռներ էին փակում՝ վախենալով, որ դա հանցագործների խումբ է, կարող է մտնեն իրենց տները: Պարզ չէր ինչի մասին է խոսքը: Դա ժամանակի խնդիր էր՝ հասկանալու, կռահելու, ընկալելու: Ես չեմ կարծում, որ իշխանությունները ՌԴ-ի հետ կապված խնդիր են ունեցել՝ սուգ հայտարարելու համար: Դա իմ անձնական կարծիքն է, որ իշխանությունները որեւէ խնդիր չեն ունեցել սուգ հայտարարելու, ուղղակի շոկի մեջ էին եւ ժամանակ է անցել: Արդեն ուշացած կլիներ սուգը: Իսկ այդ պահին՝ այդ սպանության օրը, ոճրագործության օրը թե ինչ էր կատարվում, շատերին պարզ չէր, որ մտնում են, քնած մարդկանց սպանում: Միայն թաղման օրը կամաց-կամաց տարածվեց սուգ հայտարարելու մասին պահանջը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սասուն says:

    Ոչ թե շոկի՝ այլ քեֆի մեջ են եղել դրա համար էլ տեղյակ չեն եղել։ Պուտինի ցավակցությունից հետո նոր հասկացան….

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031