Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն. Ոստիկանների գործողությունները եղել են չհիմնավորված և ոչ իրավաչափ

Հունվար 21,2015 17:57

Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության կապակցությամբ  2015թ. հունվարի 15-ին Գյումրի և Երևան քաղաքներում տեղի են ունեցել  բողոքի  զանգվածային  միջոցառումներ:

Մասնավորապես, ժամը 16.00-ին ՌԴ դեսպանատան, այնուհետև ՀՀ դատախազության մոտ տեղի է ունեցել բողոքի ինքնաբուխ ակցիա` հանցագործության քննությունը ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու և կասկածյալ Վ.Պերմյակովին ՀՀ օրենսդրությամբ պատասխանատվության  ենթարկելու պահանջով: Ակցիայի  ողջ ընթացքում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները խախտել են ակցիայի մասնակիցների ազատ տեղաշարժի և իրենց բողոքն ազատորեն արտահայտելու իրավունքները: Բերման են ենթարկվել և շուրջ երեք ժամ ոստիկանության բաժանմունքում է պահվել  ակցիայի  մասնակիցներ   Տ. Խզմալյանը և  Ա. Կիվիրյանը:

Նույն օրը` երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ  մասնակցել են Երևան քաղաքի Ազատության հրապարակում տեղի ունեցող մոմավառությանը: Ժամը 22.15-ից սկսած` սկզբում քաղաքացիական հագուստով անհայտ անձինք (ինչպես հետագայում պարզվեց` ոստիկաններ), ապա նաև ոստիկանական համազգեստով ոստիկաններ բռնություններ են կիրառել խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ` նրանցից մի քանի տասնյակ քաղաքացիների բերման ենթարկելով ոստիկանության  տարբեր  բաժիններ:

Բերման ենթարկվածների թվում եղել են  Հայաստանի Հելսինկյան կոմիտեի անդամներ Ավետիք Իշխանյանը և Լուսինե Սահակյանը, ովքեր համապատասխանաբար ժամը 22:15-ի եւ 23:05-ի սահմաններում բռնության գործադրմամբ զրկվել են ազատությունից ու տեղափոխվել ոստիկանության տարբեր բաժիններ:  Նրանք բերման են ենթարկվել այն բանից հետո,  երբ տեղում ոստիկանության գործողությունները ղեկավարող ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանից պահանջել են պարզաբանել քաղաքացիներին ազատությունից զրկելու իրավական հիմքերը: Ավետիք Իշխանյանին ոստիկանության Կենտրոնական բաժնում շուրջ երկու ժամ անազատության մեջ պահելուց հետո հայտնել են, որ ինքը բերման է ենթարկվել իբր իր կողմից ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու փաստի առթիվ իրականացվող վարչական վարույթի շրջանակներում: Իսկ Լուսինե Սահակյանն առանց որևէ պատճառաբանության տեղափոխվել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի հարակից տարածք, ապա, կրկին առանց որևէ պատճառաբանության, 50 րոպե անց ազատ է արձակվել` անգամ առանց ոստիկանության բաժին մուտք գործելու:

Ըստ մամուլում և սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունների` ոստիկանության նմանատիպ գործելաոճը շարունակվել է նաև հաջորդ օրերին: Մասնավորապես, տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ ոստիկանության ներկայացուցիչները փորձել են խոչընդոտել հունվարի 19-ի երեկոյան Ազատության հրապարակում ինքնաբուխ մոմավառությունը` նվիրված Սերյոժա Ավետիսյանի հիշատակին:

Ակնհայտ է, որ ոստիկանության գործողություններն ուղղված են եղել խաղաղ հավաքներին միջամտելուն, որը չի ունեցել որևէ օրինական հիմք: Ոստիկանների գործողությունները եղել են չհիմնավորված և ոչ իրավաչափ:  ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից կոպտորեն խախտվել են խաղաղ հավաքների մասնակից մի խումբ քաղաքացիների` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված ազատության իրավունքը, միաժամանակ ապօրինի սահմանափակվել է խաղաղ հավաքների մասնակիցների նույն կոնվենցիայի 11-րդ հոդվածով  երաշխավորված հավաքների ազատությունը:

Հայաստանի Հանրապետության պետական պատկան մարմիններից պահանջում ենք քաղաքացիների իրավունքների ու ազատությունների ոտնահարման փաստերի կապակցությամբ իրականացնել համապարփակ քննություն և մեղավոր պաշտոնատար անձանց ենթարկել պատասխանատվության:

21.01.2015թ.

Հայաստանի Հելսինկյան կոմիտե ՀԿ

Երևանի Մամուլի ակումբ

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Հանրային լրագրության ակումբ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն

«Երրորդ բնություն» ՀԿ

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ

Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ

«Գյումրին մեր տունն է» քաղաքացիական նախաձեռնություն

«Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամ

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
Երաշխիք Քաղաքացիական Հասարակության Կենտրոն ՀԿ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համայնքի զարկերակ ՀԿ

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

ՀՍԻԿ ՀԿ

«Մարդու Իրավունքների Պաշտպանության Երևանյան կենտրոն» ՀԿ

« Մեր Իրավունքների Սահմանները» ՀԿ

Կանանց աջակցման կենտրոն

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ

Արմավիրի զարգացման կենտրոն

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

«Գործընկերություն և ուսուցում» ԳՈՒՄ ՀԿ

«Իրավունքի Եվրոպա միավորումը»

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա ՀԿ

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ

Ս.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական  կենտրոն

ԷկոԼուր ՀԿ

Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոն

Մեսրոպ Հարությունյան, արձակագիր, լրագրող, մեդիա փորձագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031