Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի «սահմանումը» սգո օր հայտարարելու մասին եւ ՀՀԿ-ականի մեկնաբանությունը

Հունվար 21,2015 17:52

Գյումրիում տեղի ունեցած ոճրագործությունից անցել է 9 օր, եւ հասարակությունը շարունակում է քննադատել իշխանություններին, Սերժ Սարգսյանին՝ այս օրերին իրենց պահվածքի, մասնավորապես՝ սգո օր չհայտարարելու համար:

«Մեդիամաքսի» հիշեցմամբ, 2008-ի Մարտի 1-ի դեպքերից հետո՝ մարտի 26-ին, ՀՀ նախագահի պաշտոնը նոր ստանձնած Սերժ Սարգսյանը իր բլոգում արված գրառման մեջ այսպես էր «սահմանել»,  թե որ դեպքերում են սուգ հայտարարում. «Սովորաբար սուգ հայտարարում են այն դեպքերում, երբ հասարակությունը միանշանակ գնահատական է տալիս տեղի ունեցածին, երբ տեղի ունեցածը որեւէ շահարկման հնարավորություն չի թողնում: Այս դեպքում գործ ունենք այլ իրավիճակի հետ, հասարակության մի մասը չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել, մենք դեռ փորձում ենք պարզել իրականությունը, ընթանում է քննություն: Սա, իհարկե, չի նվազեցնում ողբերգության չափը, որի համար անկեղծորեն ցավում ենք»:

Xosrov-Harutyunyan_3

Հիմա եթե ընդունենք Սերժ Սարգսյանի սահմանումը, թե որ դեպքում են սուգ հայտարարում, Գյումրիի ոճրագործությունն ամբողջությամբ համապատասխանում է այդ դեպքին, միանշանակ գնահատական կա հասարակության կողմից: Եվ ուրեմն, ինչո՞ւ սուգ չհայտարարվեց, ինչո՞ւ պետական դրոշները չիջեցվեցին՝ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Դրոշ իջեցնել՝ նշանակում է… քանի որ տվյալ դեպքում մենք դեռ ռուսական կողմի հետ ունենք քննարկման ենթակա հարցեր, ոճրագործին իրավապահների հսկողության տակ պահելու, մենք բանակցում ենք ռուսական կողմի հետ, որովհետեւ ռուսական կողմն էլ իր մեկնաբանություններն ունի, նման պայմաններում դրոշ իջեցնելն ու սուգ հայտարարելը կարող էր միջպետական հարաբերությունների համար ունենալ ռուսաստանյան մեկնաբանություններ եւ ոչ միայն ռուսաստանյան:

Ես հասկանում եմ վիշտը եւ նրա հետեւանքները: Եթե ռուսական պատկան մարմինների վերաբերմունքն այդ ողբերգությանը համարժեք չլինի, այս ողբերգությունը կարող է նույնիսկ ստվեր գցել հայ-ռուսական հարաբերությունների վրա: Սա նրանք բարեբախտաբար սկսել են գիտակցել, թեպետ ուշացումով: Պուտինի զրույցը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հենց դրա մասին է փաստում: Այն, որ ռուսական ԶԼՄ-ները սկսեցին մանկիկի մահվան վերաբերյալ ցավակցական լրատվություն տարածել՝ գնահատելով ու ըստ էության խոստովանելով, որ ինչ-որ չափով իրենք ուշացել են, սա խոսում է այն մասին, որ հայ ռուսական հարաբերությունները շատ զգայուն են նման հարցերի նկատմամբ:

Հիմա համազգային սուգ հայտարարելն ու դրոշ իջեցնելը սա այլ երկրների կողմից էլ կարող էր մեկնաբանությունների տեղիք տալ, ընդ որում, երբեմն ոչ անհրաժեշտ, ոչ ճիշտ եւ ողբերգության հետեւանքներին ոչ համարժեք: Ինչ վերաբերում է Մարտի 1-ին, եթե հասարակության մոտ համատարած նույն կարծիքը լիներ, Մարտի 1-ի ողբերգությունը, նրա քաղաքական, սոցիալական հետեւանքների եւ այս դեպքի միջեւ հնարավոր չէ զուգահեռներ անցկացնել, որովհետեւ այստեղ կան նաեւ աշխարհաքաղաքական, միջպետական, հեռուն գնացող հարաբերությունների ապագան ստվերելու վտանգ: Մենք այսօր պետք է զգույշ լինենք»:

Ըստ Խոսրով Հարությունյանի, եթե սուգ էլ հայտարարվեր, պետական պատկան մարմինների վերաբերմունքն էապես չէր փոխվելու. «Անելու էին նույնը, ինչ մինչեւ հիմա արել են: Ես կարծում եմ, քանի որ հանցագործության իրական մոտիվները հայտնի չեն, այդ անորոշությունը նույնպես կարող էր պատճառ լինել զերծ մնալու սգո օր կամ այդպիսի բան հայտարարելուց: Որովհետեւ իրական ոճրագործության հետքերը թե ուր են տանում, ինչքանով են առնչվում զոհվածների հետ, մենք դեռ չգիտենք: Դրա համար սա էլ կարող էր լինել պատճառ կամ գործոն, որը հաշվի առնելով՝ կարելի էր զերծ մնալ սգո օր հայտարարելու անհրաժեշտությունից»:

Խոսրով Հարությունյանը գտնում է, որ անկախ նրանից՝ համազգային սուգ հայտարարվեց, թե չհայտարարվեց, թե՛ պետական բարձրաստիճան պաշտոնյաների, թե՛հոգեւոր առաջնորդների եւ թե՛ հանրության վերաբերմունքը շատ համարժեք էր ոճրագործության խորությանն ու հետեւանքներին. «Արդյոք սուգ հայտարարելն այդ ամենին ինչ-որ մի բան կավելացնե՞ր, արդյոք սուգ հայտարարելով մենք կարող ենք արձանագրել, որ մեր պետական պաշտոնական վերաբերմունքն ավելի՞ն կլիներ:

Միգուցե, կարելի էր նաեւ հայտարարել, չեմ թաքցնում, բայց կարծում եմ, որ քաղաքացիական, քաղաքական շրջանակների, հասարակության վերաբերմունքը այդ խորը վիշտը, ցավը, որ ապրում է յուրաքանչյուր հայ այս պահին, մեծ իմաստով համարժեք էր: Չեմ կարծում, որ դա կարող էր պայմանավորված լիներ սուգ հայտարարելու կամ չհայտարարելու գործոնով: Եթե սուգ հայտարարելու հանգամանքով փորձում են ընդգծել պետական իշխանության ոչ պատշաճ վերաբերմունքը, թույլ տվեք չհամաձայնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031