Լրահոս
Օրվա լրահոսը

Վռամ Խոջագորյան. «2015 թվականը ցավալի իրադարձություններով եւ լարվածությամբ հարուստ է լինելու»

Հունվար 21,2015 17:42

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 20-ին և լույս 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ: Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող Նահապետ Ասատրյանը և վիրավորվել` Հովհաննես Գասպարյանը:

Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց Razm.info ռազմական կայքի փորձագետ Վռամ Խոջագորյանի հետ: Նա նշեց, որ դեռեւս 2014 թվականի ավարտին, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը տարին ամփոփում էր, 2015 թվականի անելիքների մեջ նշել էր, որ Հայաստանին հանգիստ չի թողնելու, անընդհատ ճնշելու է, քանի դեռ արցախյան հողերը չեն ազատագրվել. «Հստակ որոշումը կա, մարտավարությունն ընտրված է: Ադրբեջանը միանշանակ առաջնագծում պահպանելու է լարվածությունը: Ես այս դեպքերը չեմ կապում Գյումրու դեպքերի հետ. Նույնիսկ այն թեժ օրերին նկատեցինք, որ կարծես թե մի փոքր նահանջ եղավ իրենց որդեգրած մարտավարության հարցում, չեմ կարծում, որ դա մարդասիրական նկատառումներից էր: Ամեն դեպքում, բախումների օրերին լարվածության անկում նկատվեց»:

Վռամ Խոջագորյանը նկատեց, որ հայկական կողմը հունվար ամսվա ընթացքում մարտական կորուստներ է գրանցել, իսկ ադրբեջանական կողմը այդ մասին դեռ լռում է: Ըստ նրա` ադրբեջանական կողմը եկել է եզրակացության, որ գերադասելի է ոչ մի կորստի մասին չհայտնել. «Մենք սոցիալական ցանցերում հետեւում ենք արձագանքներին: Իհարկե’, մենք չենք կարող հիմնվել օգտատերերի գրառումների վրա, բայց ամեն դեպքում, երբ որ նայում ենք սոցիալական ցանցերում կան օգտատերեր, որոնք նշում են, որ իրենց ծանոթները նշել են` ադրբեջանական կողմը կորուստներ է ունեցել, սակայն դա պաշտոնական հաղորդագրությունում տեղ չի գտել»:

Փորձագետի խոսքերով` 2015 թվականը համեմատած մյուս տարիների հետ ցավալի իրադարձություններով եւ լարվածությամբ հարուստ է լինելու. «Բացառում եմ, որ մեծ մարտական կորուստներ ունենանք եւ առնվազն համաչափ պատասխան իրենց մենք չտանք: Բայց այդուհանդերձ կարծում եմ, որ կգա մի պահ, որ օգոստոսի պես հայկական կողմի համբերության բաժակը կլցվի եւ այն աստիճանի անհամաչափ պատասխան կլինի, որ եւս մի որոշ ժամանակ կստիպի նրանց զուսպ պահել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ Վռամ Խոջագորյան-ի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031