Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ նախագահի խոսնակը խախտել է ՀՀ և ՌԴ կողմից կնքված միջազգային պայմանագիրը

Հունվար 21,2015 15:47

«ՌԴ նախագահի խոսնակի հայտարարությունը չի համապատասխանում ՀՀ և ՌԴ կողմից կնքված միջազգային պայմանագրի 5-րդ կետի պահանջին»,-Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ մինչ Հայաստանում քննարկվում է այն հարցը, թե Գյումրիի հրեշավոր սպանության գործով դատավարությունը կատարվելու է ՀՀ, թե՞ ՌԴ օրենսդրությամբ, և գյումրեցիները սպասում են, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը այս հարցով դիմի ՌԴ գլխավոր դատախազին, հարցի պատասխանը հնչում է Մոսկվայում` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի շուրթերից. «Կլինի ռուսաստանյան դատավարություն, և այս պարագայում Ռուսաստանի օրենսդրությունը նման հրեշավոր հանցագործությունների նկատմամբ բացարձակ անգութ է»:

Nikolay_Bagdasaryan

Հայ իրավաբանը հիմնավորում է, որ ՌԴ օրենքներն ու իրավազորությունը գործում է բացառապես ՀՀ և ՌԴ միջև գործող «ՀՀ-ի տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի ստորագրված պայմանագրի» 5-րդ կետով նախատեսված դեպքի վրա ու մանրամասնում. «Այդ կետով նախատեսված է, որ հանցագործություն կատարողը և ում դեմ է կատարվում հանցագործությունը, այդ սուբյեկտները պետք է լինեն ռուսական զորամասում ծառայող և նրանց ընտանիքի անդամներ: Եթե հանցագործություն է կատարվում ռուսական բազայի տարածքում, որը ՌԴ-ին ուղղված չէ, մեր քաղաքացուն է ուղղված, այդ գործը այդ տարածքի վրա պիտի քննվի ՀՀ օրենսդրությամբ մեր իշխանությունների, իրավապահների կողմից: Այս դեպքում պայմանագիրը ռուսական բազային տարածքային անձեռնմխելիություն չի տալիս:

Միտումնավոր որոշ իրավաբանների կողմից խճճում են, որ նման իրավիճակ լինի: Մի քանի կատեգորիաներով գործերով է, որ պիտի ՌԴ իրավապահների կողմից քննվի գործը, բայց դրանցում չկա սպանությունը: Եթե մեր իրավաբաններն այդ կետը հստակ պարզաբանեին, որ գրված է ոչ թե տարածքում, այլ կոնկրետ անձանց կողմից կատարված և կոնկրետ հանցագործությունների վրա է գործում ՌԴ օրենսդրությունը, իսկ սպանության վրա այդ բացառությունները չեն տարածվում, հետևաբար տվյալ տարածքում գտնվող անձը չի պաշտպանված ՌԴ սահմանադրությամբ, նման իրավիճակ չէր ստեղծվի: Բայց սրա փոխարեն միտումնավոր հասարակ բանը, որը կարող է անգամ ուսանողը պարզաբանել, դիտավորյալ խեղաթյուրվում է: Այդ պայմանագրի և մեր օրենսդրության մեջ հակասություն չկա»:

Artak_Zeynalyan

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեցինք` արդյոք ՌԴ նախագահի մամուլի խոսնակի հայտարարությամբ դեպքերի հետագա ընթացքն արդեն կանխորոշվա՞ծ է, պարոն Զեյնալյանը փաստեց. «Եթե անձը գտնվում է ՌԴ իրավազորության ներքո, ՌԴ քրեական օրենսդրությամբ սահմանված կարգով է գործը քննվելու: Իսկ եթե ՌԴ քաղաքացուն մենք ձերբակալած լինեինք, ապա ՀՀ օրենքներով կկատարվեր դատավարությունը: Խնդիրն այստեղ այն է, որ ռուս սահմանապահներն իրավունք չունեին հանցագործին բռնել և չհանձնել ՀՀ իրավապահներին, այս պարագայում անկախ նրանից, դա ՌԴ նախագահի մամուլի խոսնակն է ասում, թե`ով, դա այդպես էլ պետք է լիներ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031