«Ոճրագործությունը կատարելուց հետո ինչո՞ւ համամասնական պատժամիջոցներ չեն կիրառվում, ինչո՞ւ այդ զինվորը չի հանձնվել Հայաստանին, ինչպե՞ս է նա հասել թուրքական սահման, բոլորս գիտենք` դա քայլելու ճանապարհ չէ», -Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների սպանությանն անդրադառնալով` այս հարցերն է առաջ քաշում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:
Նրա խոսքով, սպանության գործով իրավապահ մարմինների հաշվետվությունը հասարակությանը թափանցիկ չէ, ինչը գործը կոծկելու փորձի մասին լուրջ մտավախություններ է առաջ բերում. «Նկատի չունեմ նախաքննությունը, այլ իրավապահ մարմինների հաշվետվությունը հասարակության առաջ, ինչը ակնհայտորեն թերի է: Ինչպես հասկանում ենք` դրսից, թե ներսից կատարվող հանցագործությունները միտում ունեն ոչ միայն չբացահայտվելու, այլեւ սխալ մեկնաբանություններով կոծկվելու: Իսկ դա Հայաստանի թույլ տնտեսական, քաղաքական ու իրավական իրավիճակը չի կարող թույլ տալ, ու եթե այսպես շարունակվի, ապա ընդվզումները կշարունակվեն»:
Անուշ Սեդրակյանը Aravot.am-ի հետ զրույցում նաեւ կարծիք հայտնեց, որ Գյումրու սպանության վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արձագանքի ուշացումն էլ պատահական չէր. «Ռուսաստանը Հայաստանին ընկալում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ ռուսական իմպերիայի մի մաս: Եթե Ռուսաստանի ներսում աղետ է տեղի ունենում, եւ նախագահը չի ցավակցում, նույնպես էլ Հայաստանի ինքնիշխանության հանդեպ հանցավոր անտարբեր վերաբերմունքը բերում է ցավակցականի ուշացմանը: Եթե չլինեին Գյումրու դեպքերը, ժողովրդի ընդվզումը, դժվար թե լիներ այդ ցավակցությունը, այդ գործը անուշադրության կմատնեին ու կկոծկեին: ԽՍՀՄ տարիներին ու նույնիսկ անկախության առաջին փուլում բազմաթիվ էին նման դեպքերը, երբ ռուսական զինվորականները հանցանքներ էին կատարում ու դրանք կոծկում էին, բայց, բարեբախտաբար, այս անգամ հասարակությունը ընդվզեց դրա դեմ: Բայց ինչքան լավ կլիներ, եթե մեր հասարակությունը ընդվզեր այն ժամանակ, երբ Ռուսաստանին տալիս էինք մեր կապը, հաղորդակցական ուղիները, մեր բաշխիչ ցանցերը, գուցե այդ ժամանակվա ընդվզումը կբերեր նրան, որ Հայաստանը հիմա կգտնվեր շատ ավելի կայուն տնտեսական վիճակում եւ շատ ավելի հզոր տնտեսական բազայով կարգավիճակում: Բայց թե մեր իշխանությունները չեն պահում մեր երկրի ինքնիշխանության տարրական այբուբենը, թե մեր հասարակությունը ընդվզում է միայն այն ժամանակ, երբ կատարվում է բացահայտ ոճրագործություն»:
Կուսակցության փոխնախագահը, անդրադառնալով Ավետիսյանների ընտանիքի սպանությանը հաջորդած կրկին Գյումրիում ռուս երկու զինծառայողների սարքած կռվին, ասաց. «Դա փաստում է, որ ռուս զինվորները եւ ուժային կառույցները Հայաստանը ընկալում են որպես իրենց մեծապետական ամբիցիաների իրականացման դաշտ, եւ այդ մեծապետական ամբիցիաների լույսի տակ են նայում Հայաստանի սահմանադրությանը, իրավական նորմերին ու այստեղ ապրող բնակչությանը: Թվում է, որ նման ոճրագործությունից հետո ռուս զինվորները պետք է փորձեին իրենց առավելագույնս զուսպ ու համեստ դրսեւորել, բայց այդպես չեղավ, ու հենց մեր իրավապահները փորձեցին կատարվածը կոծկել: Բազմաթիվ հերքումներ ուղարկեցին, մինչեւ ակնհայտ դարձավ, որ փաստերն անհերքելի են: Եթե մեր ուժային մարմինները Հայաստանի կողքին չեն, ապա դա ուրիշներին հիմք է տալիս մտածելու, որ առանց պատվի ու խղճի խայթի կարող են հարստահարել, պատմություններ սարքել ու հասնել ընդհուպ այսպիսի ոճրագործության: Ռուսաստանը սովոր է իմպերիական ամբիցիաները կիրառել իր բոլոր հարեւանների նկատմամբ: Բայց ժամանակն է, որ Հայաստանը հասկանա` որքանով է շահեկան գտնվել իմպերիական ամբիցիաներ ունեցող կայսրության «հոգածության» ներքո, որովհետեւ այդ հոգածությունը օգուտ չի բերում, բայց հանգեցնում է բազմաթիվ միջադեպերի, ինչպես, օրինակ, Գյումրու ողբերգությունը»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Եթե նույնիսկ ռուսական բազայի ծառայողներն են գտել (կամ «գտել») ոճրագործ կասկածյալին,միևնույնն է՝ նա անմիջապես պիտի հանձնվեր ՀՀ իրավապահ մարմիններին: Սա՛ է օրենքը: Այսինքն՝ ռուսները առևանգել են նրան ու ապօրինաբար նրան տարել ռուսական բազա:
Նաև այն,որ ռուսական բազայից դուրս նրանք ոստիկանական-որոնողական գործողություններ կատարելու իրավունք չունեն: Ուստի՝ ՀՀ իրավապահ մարմինները բազայի դեմ էլ քրեական գործ պիտի հարուցեն՝ ՀՀ օրենքը խախտելու համար:
Յա, որ թուրքական ձեռագրի իմիտացիա ստեղծվի:Օրինակ ինչպես եք տարբերում սպանված զինվորի ում գնդակրց ընկած լինելը:Ուղիղ համեմատական է: