Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վստահեցրել է, որ Գյումրու ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովի դեմ դատը առավելագույնս բաց կլինի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք հաստատում ենք, որ դատավարությունը տեղի կունենա Հայաստանի տարածքում, այն առավելագույնս բաց կլինի, համատեղ: Ես վստահ եմ, որ դատարանը օբյեկտիվ և համարժեք վճիռը արագ կարձակի, համապատասխան կատարված այդ սարսափելի հանցանքի համար», – ասել է նա հունվարի 21-ին ՌԴ դիվանագիտության 2014թ. արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ:
Լավրովը խորը ցավակցություն է հայտնել Մոսկվայի անունից՝ ասելով.
«Ես ևս մեկ անգամ ուզում եմ հաստատել մեր խորը ցավակցությունները՝ կապված Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ կատարված այդ սարսափելի հանցանքի հետ: Մահացան բացարձակ անմեղ մարդիկ», – ասել է նա ու հորդորել չքաղաքականացնել այս դեպքը:
Կարդացեք նաև
«Մենք տեսնում ենք, որ փորձ է արվում քաղաքականացնել այս իրավիճակը: Դա Հայաստանի իշխանությունները չեն անում, Ռուսաստանի իշխանությունները չեն անում: Քիչ չեն ցանկացողները, որ այս ողբերգությունը օգտագործեն, որպեսզի ինչ-ինչ աշխարհաքաղաքական առավելություն ստանան: Դա նողկալի է, դա անթույլատրելի է, հպարտ հայ ժողովուրդը դրան արժանի չէ», – ասել է Լավրովը՝ ավելացնելով, որ իրենք ամեն ինչ կանեն, որ հանցագործը առավել խիստ պատիժ ստանա ու իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի նման դեպքեր հետագայում չկրկնվեն:
Նախարարը նաև նշել է, որ ստեղծված իրավիճակից հայ-ռուսական հարաբերությունները չեն տուժի:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ