«Դա միջազգային պայմանագրով չնախատեսված մարմին է: Այդ մարմինը որևէ իրավասություն օրենքի շրջանակներում չունի: Այն իրավական ուժ չի կարող ունենալ, դա երկու կողմերի բարի կամքի դրսևորման նման բան է, որի ստեղծման անհրաժեշտություն չկա»,-Aravot.am-ի հարցին` իրավական ուժ ունի՞ ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախաձեռնությամբ Գյումրիի գործով ստեղծված համակարգող մարմինը, այսպիսի կարծիք հայտնեց իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Հետաքրքրվեցինք` միջազգային իրավունքի պրակտիկայում նման նախադեպ եղե՞լ է, նա պատասխանեց. «Նման նախադեպ լինել չի կարող, քանի որ ՀՀ-ն ՌԴ-ի հետ կնքել է միջազգային պայմանագիր, որտեղ հստակ սահմանված է, թե ինչ ընթացակարգերով պետք է իրականացվի նախաքննությունը: ՀՀ-ի տարածքում տեղակայված զինվորական բազաների տարածքում քննչական գործողություններ պիտի կատարեն ՀՀ քննիչները և մասնակից դարձնեն տվյալ զորամասի տեղյակ մարդկանց: Իսկ թե ինչու այդ կարգով չեն կատարում և ստեղծում են արհեստական հանձնաժողով, չեմ կարող բացատրել»:
Նշենք, որ այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել երեկ, սակայն համակարգող մարմնի գործունեության մեխանիզմների մասին դեռ հստակություն մտցված չէ: Մեզ հետ զրույցում իրավաբանները նշեցին, որ այն իրավական ուժ ունենալ չի կարող, քանի որ դրա ստեղծումը երկու երկրների միջև կնքված պայմանագրով սահմանված չէ:
Կարդացեք նաև
Հարցին` այդ մարմինը կարո՞ղ է ապահովել քրեական գործի քննության համակողմանիությունը, պարոն Բաղդասարյանը պատասխանեց. «Ո՞նց կարող է համակողմանիություն ապահովել: Քննության համակողմանիությունը քննիչն է ապահովում` իր քննչական գործունեությամբ: Այստեղ պետք է քննչական գործունեություն կատարել, այլ ոչ թե նման մարմիններ ստեղծել: Դրա կարիքը չկա: Սպանության գործը քննելու համար պետք էր երկու քննիչ, որ կատարեին քննչական գործողություններ»:
Նիկոլայ Բաղդասարյանը մտահոգություն հայտնեց, թե ՀՀ և ՌԴ միջև գործող «ՀՀ-ի տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի ստորագրված պայմանագիրը» իրավաբանները ճիշտ չեն մեկնաբանել, միտումնավոր խեղաթյուրել են դրա դրույթները. «Պայմանագրի կետերից մեկն այն է, որ ՀՀ ռուսական բազայից դուրս ՌԴ իրավապահները իրավասու չեն կատարել օպերատիվ հետախուզական գործողություններ. նրանք իրավունք չունեին բազայից դուրս գալ զենքով և հետախուզություն իրականացնել, որ բռնեին Պերմյակովին: Դա պայմանագրի խախտում է: Նույն պայմանագրով ամրագրված է, որ այդ տարածքում` ռուսական ռազմաբազայում, մեր քննիչները կարող են կատարել քննչական ցանկացած գործողություն, այդ թվում՝ գնան բերման ենթարկեն Պերմյակովին, ձերբակալեն, տեղափոխեն մեր մեկուսարան, տանել դեպքի վայր, որ կատարեն քննչական փորձաքննություն և այլն»:
Վկայակոչելով պայմանագիրը` Նիկոլայ Բաղդասարյանը վստահեցրեց, թե ՌԴ օրենսդրությունը կիրառվում է միայն մի քանի դեպքերում, որոնց մեջ չի մտնում սպանությունը, առավել ևս՝ ՀՀ քաղաքացու դեմ ուղղված: Ըստ նրա`սա չի բացատրվել, քանի որ անորոշության մեջ էին. «Իրականում Պերմյակովին ՌԴ սահմանապահների կողմից ձերբակալելը և զորամաս տեղափոխելը անօրինական էր, և այդ անօրինական գործողությունները արդարացնելու ինչ-որ գործընթաց է սկսվել»:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը ևս նման մարմին ստեղծելու նախադեպ չի հիշում և կասկածի տակ դնում` արդյոք դա նախատեսվա՞ծ է միջազգային պայմանագրով:
Արդյունավետության մասին պարոն Զեյնալյանն ասաց. «Արդյունավետությունը այն կլինի, որ այդ մարմինը լինի իրավական և գործի: Բոլոր դեպքերում դատական ակտը չի կայացվելու ՀՀ ժողովրդի անունից, մնացածը երկրորդական է»:
Արտակ Զեյնալյանի կարծիքով` փորձում են ինչ-որ շտկումներ մտցնել. «Ամենաճիշտն այն կլիներ, որ ՀՀ ոստիկաններն անգործություն չցուցաբերեին ու այդ անձնավորությանը ձերբակալեին»: Նա չի բացառում, որ իրականություն լինեն այն վարկածները, թե իրականում մեր իրավապահներն են Պերմյակովին գտել ու հանձնել ռուսներին: Արտակ Զեյնալյանը եզրափակեց. «Նման ենթադրություններ ու կասկածեր ունենալու տեղ տվել են մեր իրավապահ իշխանությունները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ