Բաքվի հայաթափումից անցել է 25 տարի: Ադրբեջանի Հանրապետությունը, օգտվելով նրանից, որ 25 տարի առաջ կատարված ոճրագործությունը դեռեւս չի ստացել միջազգային համապատասխան գնահատական եւ ձեւակերպում, չի դատապարտվել մինչ օրս, շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը:
Այսօր ‹‹Հենարան» մամուլի ակումբում այս մասին ասաց ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
Ասուլիսին ադրբեջանագետը հնչեցրեց այն խմբապետերի անունները, որոնք 1990 թվականի հունվար ամսին Բաքվում իրականացրել են հայերի ջարդերը եւ հավելեց. ‹‹Նրանցից շատերն արդեն այրվում են դժոխքի կրակներում, բայց կան նրանք, որոնք ողջ-առողջ են եւ Ադրբեջանում մեծարվում են: Պետք է անպայման այդ մարդկանց հայտնաբերել, դատավարություն կազմակերպել եւ անպայման դատապարտել մահվան: Մինչեւ չփակվի այդ էջը, Ադրբեջանը կշարունակի իր քաղաքականությունը, ամեն օր դիվերսիա կկատարի` արբեցած իր անպատժելիությունից››:
Գրիգորի Այվազյանի խոսքով` Ադրբեջանը չի վերջացրել իր ծրագիրը Բաքվի ջարդերով. ‹‹Իրենց ծրագիրը մնացել է կիսատ, իրենք նպատակ ունեին նաեւ գրավել Զանգվի ձորը եւ Սեւանի ավազանը եւ հիմա փորձում են այդ ծրագիրը հասցնել իրենց վերջնանպատակին››:
Կարդացեք նաև
Գրիգորի Այվազյանը վստահ է, որ Ադրբեջանը աշխարհով մեկ տարածում է ստահոդ պատմություններ Խոջալուի եւ ‹‹Սեւ հունվարի›› վերաբերյալ, սակայն դա բերում է հակառակ ազդեցության. ‹‹Ինքը` Ադրբեջանը, իր ստերը հետեւողական կերպով տարածելով, ուշադրության է հրավիրում հենց իր կողմից կատարված հանցագործության վրա` այն է Սումգաիթյան եւ Բաքվի ջարդերին: Ես համոզված եմ` եթե Ադրբեջանը այդքան հետեւողական կերպով սուտը չտարածեր, գուցե Սումգաիթյան եւ Բաքվի ճշմարտությունը վաղուց մոռացված լիներ››:
Ադրբեջանագետը պատմեց, որ վերջերս հանդիպումներ են տեղի ունեցել արտասահմանյան լրագրողների եւ հրապարակախոսների հետ, որոնց հետ արծարծվել է Ադրբեջանի կողմից ներկայացվող սցենարի հետ կապված հարցը:
‹‹Ի զարմանս մեզ, մենք պարզեցինք, որ արտասահմանի անգամ ամենահեղինակավոր լրատվամիջոցների համար «Սեւ հունվարի» իրադարձությունները, հայերի ցեղասպանությունը Ադրբեջանում մինչեւ հիմա մութ պատմություն են մնում››:
Նաեւ նշեց, որ իրենց ասամբլեան ողջունում է ԼՂՀ Ազգային ժողովի կողմից ընդունած հռչակագիր-կոչը` կապված Ադրբեջանում հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության հետ եւ նույնն ակնկալում է ՀՀ Ազգային Ժողովից:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ