Լրահոս
Օրվա լրահոսը

«3 հեռախոսով Ավետիսյանների ընտանիքից հեռացած Պերմյակովին ի՞նչն էր խանգարում ավելի շուտ գտնել»

Հունվար 21,2015 13:24

«Ոչ սթափ դասալիքի գործողություն էր, եւ հակված չեմ որեւէ երրորդ ուժի այդ սպանության հետեւում տեսնել»,- այսօր «Զարկերակ» ակումբում անդրադառնալով Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած ընտանիքի սպանությանը՝ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Բայց քաղաքագետի համար կասկածելի է, թե երեք հեռախոսով սպանության վայրից հեռացած ու սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին ինչպես իրավապահները մոտ մեկ օր չէին կարողանում գտնել: Կատարվածի իրավական մասով քաղաքագետը խուսափում է գնահատականներ տալ, բայց քաղաքական մասով ներկայացնում է իր վերլուծությունները:

«Բոլորը խոսում են երկու հանցագործությունների՝ դասալքության եւ Հայաստանի քաղաքացիների սպանության մասին, անտեսում երրորդ հանցագործությունը՝ Հայաստանի պետական սահմանը հատելու փորձը: Երեք խմբի հանցագործություն է նա կատարել՝ դասալքություն, ՀՀ քաղաքացիների սպանություն, ՀՀ պետական սահմանը խախտելը: Այդ վերջին հանցագործությունը միայն բավական էր, որ նրան ռուս սահմանապահները հանձնեին Հայաստանին»:

Ըստ նրա, խոցելի էր գլխավոր դատախազի հայտարարությունը, թե Ռուսաստանը չի հանձնում իր քաղաքացիներին այլ երկրներին.«Բայց չի հանձնում այն դեպքում, երբ ռուս հանցագործը Ռուսաստանի տարածքում է, բայց ռուսական ռազմաբազան Հայաստանում է»:

Պերմյակովի գործը Հայաստանում քննելու, բայց նրան Հայաստանին չհանձնելու ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեների նախագահների համաձայնության վրա հիմնված երեկվա որոշումն էլ, ըստ Սերգեյ Մինասյանի, ընդունվել է քաղաքական նպատակահարմարությունը հաշվի առնելով: Նա չբացառեց, որ Հայաստանը Պերմյակովին մեզ հանձնելու հարցը չպնդեց՝ ռուսական ռազմաբազայի՝ Հայաստանում գտնվելու նշանակությունը հաշվի առնելով.

«Եթե Ղարաբաղում կամ Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանին վերսկսվեն ռազմական գործողությունները, ռուսական ռազմաբազան պետք է կատարի իր պարտավորությունները եւ ապահովի Հայաստանի անվտանգությունը: Թուրքական զինված ուժերին դիմադրելու առումով ռազմաբազան բավականին համեստ է, բայց Հայաստան-Ադրբեջան, ԼՂՀ ռազմական բալանսում բավականին լուրջ դեր է խաղում: Բացի դա ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի համար այլ հարցերում էլ նշանակություն ունի՝ Ռուսաստանից արտոնյալ զենք, զինամթերք ստանալն է, գազի ոչ շուկայական գներն են: Արդյոք կա՞ այլընտրանք Հայաստանի համար, ավելի նպաստավոր ռազմաքաղաքական հարաբերություններ ունենալ երրորդ երկրի հետ, որը կփոխարիներ Ռուսաստանին, տեսանելի ապագայում այդպիսի հնարավորություն չենք ունենա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031