Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը մտել էր խորհրդակցական սենյակ՝ քննարկելու համար ամբաստանյալ Հայկ Կոջոյանի պաշտպան Արմեն Սերոյանի ինքնաբացարկի միջնորդությունը: Կոջոյանի պաշտպանին միացել էին պաշտպաններ Լիպարիտ Սիմոնյանը եւ Մուշեղ Շուշանյանը:
Դատավորը ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որոշումը հրապարակեց ամբողջությամբ, այն տրամադրելով նաեւ դատավարության կողմերին: Պաշտպանական կողմը դատավորին մեղադրել էր, որ նա դիմել էր ՀՀ ոստիկանության պետի տեղակալին դատարանից խուսափող վկային բերման ենթարկելու համար: Ըստ դատավորի՝ «Դատարան ներկայանալուց խուսափող վկա Զարուհի Պետրոսյանին՝ ամբաստանյալ Ռաֆայել Հարոյանի (բանդայի պարագլուխ հանդիսացող- Ռ. Մ.) կնոջը դատարանում ապահովելու եւ կողմերի, այդ թվում՝ ամբաստանյալ Էդիտա Ալիխանյանի եւ նրա պաշտպանի հակընդդեմ հարցման իրավունքները երաշխավորելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի տեղակալին համապատասխան հանձնարարություն է տրվել՝ մեղադրողի միջնորդությունը բավարարելով (մինչ այդ սպառվել էին ծանուցումներով, բերման ենթարկելու բազմաթիվ որոշումներով տվյալ վկային ապահովելու հնարավորությունները), հետեւաբար՝ լիազորություններից դուրս գալու վերաբերյալ անհիմն հայտարարությամբ հանդես գալու փոխարեն անհրաժեշտ է ծանոթանալ դատարանի լիազորություններին, այդ թվում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին եւ ոչ թե նախագահողի իրավական գիտելիքների կատարելագործելու անհրաժեշտության վերաբերյալ ակնարկներ կատարել»:
Ինչ վերաբերում է պաշտպան Ա. Սերոյանի ասվածին, թե նախագահողը ուղղորդված հարցեր է տալիս, ինչի արդյունքում վկան փոխում է ցուցմունքները, դատավորը պատասխանել էր. «Ա. Սերոյանի եւ նրանց միացած այլ անձանց կասկածներն անհիմն են եւ չպատճառաբանված: Վկաների նախաքննական ցուցմունքները հրապարակելիս, դրանցում եւ դատաքննական ցուցմունքներում առկա հակասությունների վերաբերյալ հարցեր տալիս դատարանը ղեկավարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342 հոդվածի պահանջներով: Վկաների հարցաքննության ընթացքում դատարանի այդ գործողությունների իրավաչափության մասին է խոսում այն, որ այն հարցերի ընթացքում, եզակի բացառություններով նույնիսկ, որեւէ առարկություններ չեն եղել ուղղորդող հարցեր առաջադրելու վերաբերյալ»:
Դատարանը տեղեկացրեց, որ Հայկ Կոջոյանի վերաբերյալ սույն քրեական գործից առանձնացված մասը ուղարկվել էր Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ կայացվել է դատավճիռ:
Կարդացեք նաև
Ըստ դատավորի՝ ինքնաբացարկը մերժելու մասին որոշման, պաշտպան Ա. Սերոյանը ընտրել էր ինքնաբացակի արհեստական հիմքեր ստեղծելու մարտավարություն:
Հիշեցնենք, որ խմբի անդամները Ռաֆայել Հարոյանի գլխավորությամբ, մեղադրվում են բանդիտիզմի հոդվածով, տարադրամի փոխանակման կետերի եւ նրանց աշխատակիցների նկատմամբ հարձակումներ կատարելու համար: Այս գործով կա նաեւ մեկ զոհ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ