Ինչպես պարզեցինք իրավապահ համակարգում գտնվող մեր աղբյուրներից, Սերյոժա եւ Արմեն (հայր եւ որդի) Ավետիսյանները ՌԴ-ում արտագնա աշխատանքով զբաղվելով՝ չեն եղել Պերմյակովի հայրենի Բալեյ քաղաքում, ոչ էլ մոտակա Չիտայում, աշխատել են այդ բնակավայրերից բավական հեռու:
Որքան մեզ հայտնի է, հայր եւ որդի Ավետիսյանները «Հույս, հավատ, սեր» խարիզմատիկ «եկեղեցու» (այն աղանդի, որի հովիվներից մեկը Պերմյակովի հայրն է) անդամներից չեն:
Որոշակի հիմքեր ունենք ասելու նաեւ, որ Պերմյակովը հոգեկան հիվանդ չէ, թմրամոլ չէ, կատարված ոճրագործությունը թմրադեղի կամ ալկոհոլի գործածման հետեւանք չէ:
Գրեթե բացառված կամ բացառված է այն ենթադրության ճշմարիտ լինելը, թե նրան պահակակետից առեւանգել, տարել են, ոճրագործությունը նրա զենքով այլ անձ է կատարել, բայց զենքը, հագուստները, ճտքակոշիկները թողել են հանցանքի վայրում, որպեսզի մարդիկ մտածեն, որ այդ զարհուրելի ոճրագործությունը հենց նա է կատարել:
Կարդացեք նաև
Եթե այդպես եղած լիներ, Պերմյակովն առեւանգողի կամ առեւանգիչների հեռանալուց հետո փախչելու, քաղաքից հեռանալու փոխարեն, կատարվածի մասին անմիջապես տեղյակ կպահեր իր հրամանատարությանը կամ իրավապահներին: Ավելին՝ բռնվելուց հետո չէր խոստովանի, որ ինքն է սպանել Ավետիսյաններին:
Համադրելով վերը շարադրվածը եւ վերլուծելով այն ամենը, ինչ մինչ այժմ հայտնի է կատարվածի վերաբերյալ, կարելի է հանգել այն եզրակացությանը կամ ենթադրությանը, թե ոճրագործության հետեւում կանգնած է որոշակի ուժ, որը, ամենայն հավանականությամբ, դեռ Ռուսաստանում հավաքագրել է նրան, աշխատել նրա հետ, ուղղորդել տվյալ հանցանքի կատարմանը, մշակել գուցեեւ հիպնոսի հատուկ մեթոդի կիրառմամբ: Խոսքն այն մեթոդի մասին է, որին տիրապետում են հիմնականում հատուկ ծառայությունների որոշ աշխատակիցներ, գաղտնի կազմակերպությունների առանձին անդամներ, թերեւս՝ նաեւ աղանդավորական որոշ կառույցների առաջնորդներից ոմանք:
Նշենք նաեւ, որ եթե վերոնշյալ վարկածը համապատասխանում է իրականությանը, ապա կարելի է եզրակացնել, որ այդ ուժի ձեռքը բավական երկար է եղել: Այնքան, որ կարողացել է լուծել ՌԴ-ում իր ծառայությունը սկսած Պերմյակովին այլ պետություն` Հայաստան տեղափոխելու հարցը:
Ի դեպ, համաձայն ՌԴ-ում գործող համապատասխան օրենքի, եթե որեւէ մեկի ընտանիքում կա հանցագործության համար դատապարտված, պատիժը կրող անձ, նրա տան անդամներից որեւէ մեկը չպետք է զինծառայության ուղարկվի արտասահման: Մինչդեռ, ինչպես հայտնի է, Վ. Պերմյակովի եղբայրն իր կնոջ սպանության համար ՌԴ-ում դատապարտված է եւ կրում է իր պատիժը:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում