Լրահոս
Օրվա լրահոսը

Սգո օր հայտարարելու մշակույթը Հայաստանում եւ այլուր

Հունվար 21,2015 11:30

Հունվարի 12-ին գազանաբար սպանվեց Ավետիսյանների ընտանիքը՝ վեց մարդ:
Հունվարի 19-ին մահացավ նույն սպանդի ժամանակ անմարդկայնորեն խոշտանգված Սերյոժա Ավետիսյանը: Յոթ անմեղ զոհ:

Հայաստանում այդ կապակցությամբ պաշտոնապես սուգ չհայտարարվեց, թեեւ սգում էին բոլորը: Սուգ չհայտարարվեց անգամ դեպքի վայրում՝ Գյումրիում:
Փոխարենը կառավարական մակարդակներից հայտարարվեց՝ «Սուգ հայտարարելու մշակույթ չունենք»:

Այդ մշակույթի փնտրտուքները մեզ տվեցին հետեւյալ արդյունքները:
Հայաստանի Հանրապետությունում՝ անկախության հաստատումից ի վեր, սուգ է հայտարարվել հինգ անգամ:

Վերջին անգամ, ըստ «Իրտեկ»-ի, Հայաստանում սուգ է հայտարարվել 2009 թվականի հուլիսի 16-ին՝ Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող օդանավի վթարի կապակցությամբ, երբ զոհվեցին ինքնաթիռի բոլոր ուղեւորները՝ թվով 153 մարդ, եւ ողջ անձնակազմը՝ 15 հոգի:

Դրան նախորդած սուգը Հայաստանում հայտարարվել էր 2007 թ. մարտին 28-ին՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ: Ի դեպ, այդ օրը սգո օր էր հայտարարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո, երբ, ինչպես հայտնի է, Երեւանի կենտրոնում ոստիկանության եւ բողոքի ակցիայի մասնակիցների միջեւ բախումների արդյունքում զոհվել էր 10 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, սգո օր այդպես էլ չհայտարարվեց:
2006թ. մայիսի 3-ին Երեւան-Սոչի ինքնաթիռի վթարի արդյունքում զոհված 113 մարդու հիշատակը հարգելու համար Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում մայիսի 5-ը եւ մայիսի 6-ը հայտարարվեցին սգո օրեր: Սգո օր հայտարարվեց նաեւ Ռուսաստանի Դաշնությունում՝ մայիսի 5-ը:

Դրանից առաջ եռօրյա սուգ է հայտարարվել 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում կատարված ահաբեկչական գործողության՝ թվով ութ քաղաքական-պետական գործչի սպանդի կապակցությամբ՝ հոկտեմբերի 29-31-ը:

Իսկ առաջին անգամ Հայաստանում սուգ է հայտարարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հուղարկավորության օրը` 1992 թվականի ապրիլի 17-ին:

Այսքանով ՀՀ անկախությունից ի վեր սուգ հայտարարելու մեր մշակույթը սպառվում է:
Տեսնենք՝ մեզնից դուրս ի՞նչ է կատարվում, աշխարհի մյուս երկրները ինչի՞ համար են սգում:

Սուգ, ինչպես մեզ մոտ, այնպես էլ տարբեր երկրներում հայտարարվում է բնական աղետների, խոշոր վթարների եւ օդային աղետների, ահաբեկչական ակտերի կապակցությամբ:

Ամենաթարմ օրինակը՝ սուգ հայտարարելու, օրեր առաջ Ուկրաինայում էր: Ուկրաինայի Դոնեցկի մարզի Վոլնովախսկի շրջանի Բուգաս քաղաքում 2015թ. հունվարի 13-ին հրետանային ռմբակոծության հետեւանքով 13 մարդ զոհվեց՝ մարդատար ավտոբուսի անմեղ ուղեւորներ: Հունվարի 15-ը Ուկրաինայի նախագահ Պ.Պորոշենկոյի հրամանգրով համազգային սգո օր հայտարարվեց:

Ֆրանսիայում այս տարի հունվարի 8-11-ը եռօրյա սուգ հայտարարվեց «Շառլի Էբդո» (Charlie Hebdo) խմբագրատան վրա կատարված ահաբեկչական հարձակման հետեւանքով զոհված 12 մարդու, այդ թվում՝ երկու ոստիկանի հիշատակը հարգելու համար:
2014-ի դեկտեմբերին Պակիստանում էր եռօրյա սուգ հայտարարվել՝ «Թալիբանի» ահաբեկչության հետեւանքով դպրոցներից մեկում 132 երեխայի եւ դպրոցի անձնակազմի 9 անդամների սպանության կապակցությամբ:

Նախորդ տարի Մալայզիայում երկու անգամ սուգ հայտարարվեց՝ Ուկրաինայի հյուսիսում հուլիսի 17-ին Ամստերդամից Կուալա-Լումպուր մեկնող եւ օդում խփված «Բոինգ 777» ինքնաթիռի 298 զոհերի համար: Սկզբում հուլիսի 19-21-ը՝ վթարից հետո, ապա օգոստոսի 22-ին, երբ Ամստերդամից Կուալա Լումպուր բերվեցին 20 ուղեւորների, այդ թվում՝ ինքնաթիռի անձնակազմի ինը անդամների մարմինները։

Ի դեպ, Մալայզիայի մայրաքաղաքի օդանավակայանում սգո արարողակարգով ինքնաթիռը դիմավորեց անձամբ Մալայզիայի թագավոր Աբդուլ Խալիմ Մուդզամ Շախը։ Մինչ այս այդ երկրում համազգային սուգ հայտարարվում էր միայն թագավորական ընտանիքի անդամների վախճանի դեպքում:

Այս ցանկը կարելի է երկար շարունակել, միայն նախորդ տարի աշխարհի տասնյակ երկրներում սուգ է հայտարարվել այս կամ այն կապակցությամբ: Ընդ որում, հաճախ համազգային սուգ է հայտարարվում նաեւ ոչ սեփական երկրում տեղի ունեցած ողբերգական դեպքերի համար: Օրինակ, նույն՝ վերոնշյալ մալայզիական ինքնաթիռի ողբերգության համար (ի դեպ, ոչ ուկրաինական, ոչ էլ ռուսական հակամարտող կողմերը պատասխանատվություն չվերցրեցին, թե ո՞ւմ մեղքով է վնասվել մարդատար օդանավը) Ավստրալիայում էլ սուգ հայտարարվեց՝ օգոստոսի 7-ին՝ դեպքից ավելի քան 20 օր անց: Զոհերից 38-ը Ավստրալիայի քաղաքացիներ էին:

Իսկ 2014-ի փետրվարի 20-ին Լիտվայի կառավարությունը հայտարարեց սգո օր՝ կապված Ուկրաինայի աղետալի իրադարձությունների հետ: Նույն օրը նաեւ Ուկրաինայում էր սգո օր: Հիշեցնենք, որ այս դեպքում խոսքը քաղաքացիական բախումների արդյունքում զոհվածների մասին էր՝ փետրվարի 18-20-ը Կիեւի Մայդանում բախումների արդյունքում, ըստ պաշտոնական տեղեկությունների, 77 մարդ էր զոհվել:
Աշխարհում սգո օրեր են հայտարարվում նաեւ ոչ միայն համազգային, այլեւ համաքաղաքային կամ համանահանգային, մարզային մակարդակներով: Օրինակ՝ 2010թ. մայիսի 26-ին ՌԴ-ում` Ստավրոպոլի մշակույթի եւ սպորտի պալատի մոտ պայթյուն տեղի ունեցավ, որի արդյունքում յոթ մարդ զոհվեց: Ստավրոպոլի մարզում մայիսի 28-ը սգո օր հայտարարվեց:

Անցած տարի բրազիլական Բելու Օրիզոնտի քաղաքում, որտեղ պետք է կայանար Մունդիալ 2014-ի կիսաեզրափակիչ խաղերից մեկը, հուլիսի 8-ին հայտարարվեց սգո օր՝ հուլիսի 3-ին Մունդիալի համար կառուցվող շինությունը փլուզվեց անցնող ավտոբուսի եւ մեքենաների վրա, ինչի արդյունքում 2 հոգի մահացավ, 22-ը վիրավորվեց: Բելու Օրիզոնտիի քաղաքապետը հայտարարեց եռօրյա սուգ։

2014թ. հունիսի 2-ին ՌԴ Մուրմանսկի մարզում սգո օր հայտարարվեց՝ ի հիշատակ նախօրեին կործանված «МИ-8» ուղղաթիռի 15 զոհերի, որոնց թվում էր փոխմարզպետը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.01.2015

Հ.Գ.- Ճշտում: Ցավոք, հոդվածում տեղ է գտել բացթողում: Հայաստանի Հանրապետությունում եւս երկու անգամ է համազգային սուգ հայտարարվել՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջինի մահվան կապակցությամբ՝ 1994 թ. օգոստոսի 26-28-ը, եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս, Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Ա-ի մահվան կապակցությամբ՝ 1999 թ. հուլիսի 6-8-ը: Հայցում ենք ընթերցողների ներողամտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Միանշանակ համամիտ եմ հեղինակի հետ: Մենք ավանդապաշտ ժողովուրդ ենք, մեր ազգն իր գոյության ընթացքում բազմաթիվ փորձությունների է ենթարկվել, որոնց ընթացքում, արդեն ԴՆԹ-ի մակարդակով, դժբախտ օրերը մեզ առավել շատ ու սերտ են կապում, քան ուրախ օրերը: Այս առումով մեր նորօրյա պատմությունը նույնիսկ բազմաթիվ օրինակներ ունի: Ավելին, սգո օր հայտարարելով, կարելի էր ոչ միայն ցավակիցը դառնալ այդ անասելի ցավով ապրող մարդկանց, այլև նրանց կառավարելի վիճակում պահել /եթե իշխանություններին պետք է լինում, նույնիսկ ՀՀ Ոստիկանապետն է ընդիմության հետ մոմավառության գնում/:
    Այն անձինք կամ քաղաքական գործիչները, ովքեր պնդում են, որ մենք սգո օր հայտարարելու մշակույթ չունենք, հավանաբար նրանք հասարակությունում տեղի ունեցող իրավիճակներից որևէ տեղեկություն չունեն, կապ չունեն նաև հայի տեսակի հետ, իսկ մարդկայինը նրանց մոտ ի սկզբանե գոյություն չի ունեցել:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031