Իշխանությունների այն բացատրությունը, թե Գյումրիի դեպքերից հետո սգո օր չհայտարարվեց, որովհետև Հայաստանում նման ավանդույթ չկա, իսկապես հիմարություն է: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ազգագրագետ Գայանե Շագոյանը:
«Այլ բնութագրում չեմ կարողանում գտնել, որովհետև մի ավանդույթ, որը բավականին հստակ և կայուն գործող է, դա, կարծես թե, հենց, հիշատակման և սգո օրերի արարողություններն են: Հայ ժողովրդի պատմությունն այնքան դաժան է, որ նման առիթները շատ են: Այլ խնդիր է, թե հիշատակման արարողություններն ինչ ընկալում ունեն իշխանության մոտ, և ինչպես է դա ընկալում հասարակ ժողովուրդը»,- ասաց նա:
Ազգագրագետի խոսքով՝ Գյումրիում առաջին անգամ չէ, որ նման անարդարություն է տեղի ունենում: «Նկատի ունեմ երկրաշարժի օրը՝ դեկտեմբերի 7-ը, որը չի ընդունվում որպես սգո օր, սակայն գյումրեցիներն անտեսելով այդ որոշումը՝ իրենք իրենց համար այդ օրը հռչակել են հիշատակի օր և մասնակցում են սգո արարողությունների: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս այն անջրպետը, որ կա իշխանությունների և ժողովրդի ընկալումների հարցում, նայած թե ինչ առիթով և ով է ուզում այս կամ այն օրը հիշատակել»,- ընդգծեց Շագոյանը:
Նա նկատեց, որ ավանդույթը քարացած բան չէ և կարող է փոփոխվել:
Կարդացեք նաև
«Ժամանակին մենք չունեինք ապրիլի 24-ը կամ նախորդ վարչապետի նախաձեռնությամբ մտցված մեռելոցները հիշատակելու ավանդույթը, կամ Անդրանիկ Մարգարյանի օրոք Հոկտեմբերի 27-ի զոհերի դեպքում սգո օր հայտարարելու ավանդույթը: Դրանք ստեղծվում, հարատևում ու մահանում են, և իշխանությունները, հաշվի առնելով այս դեպքի ազդեցիկ ու հասարակության համար զգայուն լինելը, կարող էին սգո օր հայտարարել և ձևավորել այդ մշակույթը»,- նշեց Գայանե Շագոյանը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում